շատ պարաններ իրար կապելով՝ իջեցնում էին միմյանց գոտի առ գոտի. և գոտուց գոտի իջնելով հասան այն գոտու գլուխը, որի մեջ քարայրն էր. այդտեղ բերին չորս մարդ և հագցրին երկաթե զրահներ՝ դրանց ոտից գլուխ դարձրին երկաթապատ. յուրաքանչյուրի մեջքը կապեցին չորսից հինգ թուր, որպեսզի երբ մեկը կոտրվի, մյուսը պատրաստ լինի. և նրանց ձեռքը տվին մերկացրած սուսերներ ու յուրաքանչյուրի մեջքը կապեցին երկու-երեք պարան, որպեսզի երբ մեկը կտրվի, մյուսը նրան պահի։ Ապա անսահման բարձրությունից նրանց կախեցին, մինչև եկան հասան քարայրին, և մտնելով քարայրի մեջ դիմելով տղամարդկանց ու կանանց վրա մերկ սուսերներով, սկսեցին անխնա կոտորել նրանց, ինչպես գայլեր, որ մտնելով ոչխարների մակաղատեղին, կոտորում են առանց գթալու։ Եվ խեղճ քրիստոնյաները տեսնելով պարսից անողորմ սուրը, որ կոտորում է իրենց, սկսեցին ողբի, լացի ու կոծի, աղաղակի, բարձր ձայնով լալ ու ողբալ, կոծել իրենց կորուստը։ Խռովված աղմկում էին իբրև փոթորկված ծով, ալեկոծված միմյանց հետ մրցում էին, մի կողմից մի այլ կողմ էին ընկնում ազատվելու հնար գտնելու համար, բայց փախուստի տեղ չկար։ Եվ այն մարդիկ, որ պահպանում էին քարայրի մուտքի ճանապարհը, լսելով աղաղակը ու իմանալով տեղի ունեցածը, թողեցին պահպանությունը և իրենց ընտանիքներին խղճալու պատճառով գնացին քարայրի ներսը ընտանիքները փրկելու։ Դրսի կողմից պարսիկները տեսնելով պահապանների գնալը` հավաքված միասին մտան քարայր և սկսեցին քրիստոնյաներին սպանել մարդախողխող սրերով քարայրի դռնից մինչև քարայրի բուն ներսի անկյունները, խոտհարների նման բոլորին ջարդած վայր թափեցին: Եվ որովհետև արուներին, պառավներին և իրենց համար ոչ հաճելիներին սպանեցին, ուստի քարայրի հատակը ծովացավ քրիստոնյաների արյունով, ու բոլոր քարերը ներկվեցին։ Կաթնկեր մանուկներին մայրերի գրկերից խլում էին և քարայրից վայր նետում։ Իսկ կանանցից, տղաներից, աղջիկներից ոմանք, որ սպանումից փրկվեցին, երբ տեսան իրենց մատնված անիրավ մարդակերպ գազանների ձեռքը, որ իրենց քշելու են գերություն ու տեսակ-տեսակ կեղտոտություններով ապականելու են իրենց
Էջ:Arakel of Tabriz, History.djvu/51
Այս էջը հաստատված է