Գանձակում, Շամախիում, Դամուրղափունում և սրանց բոլոր սահմաններում։ Այս երկրաշարժից Հաղպատի վանքի եկեղեցու ներսի երեսից որմնաքարերը թափվեցին, և եկեղեցին, որի անունն էր Տեսևանց՝ շինված Հաղպատի ու Սանահնի միջև, ամբողջովին փլվեց, իսկ Տփխիս քաղաքում նոր շինված մի եկեղեցու պատը և Վերին բերդի պալատը խախտվեցին։ Շամախի քաղաքը ամբողջովին հիմն ի վեր տապալվեց այնպես, որ ոչ մի շինվածք չմնաց, իսկ անթիվ մարդիկ մեռան, որոնց թիվը միայն Աստված գիտի։
Օրհնություն, գոհություն, բարերարություն իմ տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ ինձ՝ նվաստիս, տկարիս, անարժանիս,․ խոսքի սպասավոր Առաքել կոչվածիս, տվեց կարողություն դարիս վերջում և կյանքիս երեկոյան սկզբից նորովի սկսել, անել, շարահյուսել նոր առաջ բերված այս գիրքը, որ կոչվում է Պատմագիրք, նաև հասնել սրա ավարտին, որ եղավ։ Ուստի երեսս գետին դրած արտասվալից աղաչանքով գոչում եմ նրան և ասում. «Գոհանում եմ քեզնից, իմ հիսուս Քրիստոս աստված և օրհնում եմ քեզ ու քո սուրբ ծնողին, քո լուսակառույց տաճարը և քո բնակարան Սուրբ Էջմիածինը։ Տեր իմ և աստված իմ Հիսուս Քրիստոս, քոնն ու քոյիններին են ամեն պարգևանշան բարիքները, դու ես խոսքը և տվողը, խոսքի գիրը և գրողը, գրի ամեն պատրաստությունը։ Դու օրհնյալ լինես հորդ ստեղծողի ու հոգուդ գարդարողի հետ բոլոր արարածների կողմից ամբողջ հավիտենականության մեջ. ամեն։
Սրանից հետո իմ խոսքը կդարձնեմ ու կհայտարարեմ հարգարժան ու վեհ մարդկանց տքնաջան փիլիսոփայական գիտությամբ հագեցած իմաստասերներին և գործնական առաքինությամբ մաքրազարդված սրբերին, սուրբ ավազանի ծնունդներին՝ Քրիստոսին հավատացողներին թող ծանուցված լինի։ Նաև մեծ աղերսանքով խնդրում եմ, որպեսզի մեղադրանքով չարհամարհվեմ իբրև ուժից վեր բան ձեռնարկածի, որպես մտահաճ հանդգվածի, իմ քաջության վրա հուսալով համարձակ եղածի և այս գործին, որ մշտապես