Այս էջը հաստատված է

թերին ու թյուրը և այլ այսպիսիները եղան իմ տգիտությունից ու տկարությունից, ուստի աղաչանքով ձեզանից ներումն եմ խնդրում։ Նաև այս գործը ինձ հանդիպեց ոչ առույգ երիտասարդության տարիներում, այլ ողորմելի ծերության ժամանակ. որովհետև ծեր էի և մարմնով խիստ ցավագար, աչքերս լույսից պակասել էին, իսկ ձեռքս թուլացած, դողում էր։ Այսպես էլ ամեն այլ կարողություններով տկարացած՝ մահվան բոլոր կանչերը եկել աչքերիս դեմ կանգնել էին, իսկ գեհենի սպառնալիքները ավելի ու ավելի շատանում էին ինձ վրա։ Ուստի իմ դեմքը ձեր ոտքերի տակ եմ դրել և Քրիստոսի սերը ձեզ մոտ իբրև բարեխոս եմ բերել, որ ականջ չդնելով անտես չառնեք իմ աղաչանքները, այլ հայցում, մաղթում, խնդրում ու պաղատում եմ մեծ պաղատանքով, որ շնորհեք մեզ «աստված ողորմին» և «Քրիստոս որդին», «Հայրը մեր, որ յերկինս» նույն կարգով։ Եթե նստած եք, թե ոտքի վրա կանգնած խնդրում եմ չդանդաղել ու ծուլանալ սրանք ասելու՝ ինչ-որ մեզ շնորհում եք, նաև ձեզ մասնաբաժին լինի ահեղ օրը արդար դատավոր Հիսուս փրկչի առջև, որին պատիվ, երկրպագություն և անվերջ փառաբանություն բոլոր արարածներից` իմացողներից ու զգացողներից անլռելի բացականչությամբ. ամեն։


ԳՐՔԻՍ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Փառք անբաժանելի ու միասնական սուրբ երրորդությանը` հորը, որդուն ու սուրբ հոգուն հավիտյան. ամեն։ Սա ուժ տվեց անարժան, մեղքերով լցված, անպիտան գրիչ Աթանաս դպրիս ավարտելու այս գիրքը, որ վերջին ժամանակներում շարադրվել է Առաքել վարդապետի կողմից, որ այժմ կոչվում է Առաքել պատմագիր։ Մեր 1112 (1663) թվականին տեր Հակոբ սրբազան հայրապետի, որ Շոշ կոչված և այժմ Սպահան ասվող թագավորանիստ քաղաքից էր, ծագումով ջուղայեցի, հայրապետության, պարսից