Այս էջը հաստատված է

չօրհնեն մաքրելու նպատակով։ Այս կաթողիկոս կոչված ազգածախ հրեշը եկել էր Բյուզանդիայի Վասիլ կայսեր մոտ, որպեսզի բարեկամական հարաբերություններ հաստատի հույների հետ։ 1021 թվականի դեկտեմբերի վերջերին Պետրոս ազգադավը պայմանագիր է կնքում Վասիլ կայսեր հետ, ըստ որի Հովհաննես Սմբատի մահից հետո Անին պետք է հանձնվեր Վասիլ կայսեր։ Այդպես էլ լինում է։ Ագահ կաթողիկոսը Անին ծախում է հույներին։ Նույնիսկ Արիստակես Լաստիվերցին իր ժամանակին հասկացել էր այդ կործանարար առուծախի էությունը և գրել է. «Այնտեղ գրվեցին հայոց կորստյան գիրն ու դաշինքը։ Բայց մի զարմանալի անհոգությամբ ժամանակը նրան ըստ արժանավույն չի դատապարտել»։ (էջ 486)։

270. 11-րդ դարում Հայաստանում հաստատվել էին մի շարք սելջուկյան իշխանություններ, որոնց կոչում էին շահարմեններ, այսինքն՝ հայերի թագավոր։ Դրանցից էին Խլաթի Շահարմեն Սուքմանյանները։ (էջ 486)։

271. Խորազմը Խորեզմշահ Ջալալադդին էր, որ 1225 թվականին գրավեց Դվինը։ (էջ 487):

272. Չգիտենք, թե հեղինակը ինչ թագավոր նկատի ունի։

273. Այստեղ պակաս բառեր կան, լրացնում ենք ըստ «Մեր ժամանակագրությունների։ Բնագիրն է. «Թուին ՊԼԵ Թամրազ խանն գնաց մինչև ի Դիմիշխ և եկն եհաս․․․ եկաց ամս ԺԷ, գնաց ի Սմարղանդ, մեռաւ»։ Ըստ «Մ. Ժ.»-ի ՊԼԶ թվին Լանկ Թամուր գնաց մինչ ի Դմըշխ և եկն ի Հայս, եկաց ամս ԺԷ, գնաց ի Սմըրղանտ, մեռաւ»։ Տես Վ. Հակոբյան, «Մանր ժամանակագրություններ» հ. II Երևան, 1956, էջ 515։ (էջ 490)։

274. Բնագրում՝ զէատուան, պետք է լինի զՇատուան, որը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում (Գավաշ), Նարեկա վանքից հյուսիս-արևմուտք։ (էջ 491)։

275. Տանուտերը այն աստեղատունն է, որի մեջ տվյալ ժամանակում գտնվում է արեգակը. գարնան ամիսներին արեգակը լինում է Խոյի, Ցուլի և Երկվորյակի աստեղատունները, ուստի և Գարնան տանուտերերը՝ Խոյը, Ցուլը և Երկվորյակն են հաջորդաբար։ (էջ 491 )։

276. Կաֆայում (Թեոդոսիա) նահատակում են Աստվածատուրի 18-ամյա գեղեցիկ տղային այն պատրվակով, թե ուրիշ քաղաքում մահմեդական է դարձել, եկել է Կաֆա, ուրացել է մահմեդականությունը։ Դատավորը հասկանում է, որ վկաները սուտ են խոսում, ազատում է, բայց մահմեդական մոլեռանդ կրոնավորները նահատակում են (ըստ Աճառյանի) 1567թ.։ (էջ 492):

277. Նաղաշը Մկրտիչ Նաղաշն է, որ ծնված պետք է լինի 14-րդ դարի վերջերին։ Մեր միջնադարյան նշանավոր տաղերգուներից է, որ մի շարք բանաստեղծությունների հետ գրել է նաև, «Ողբ վասն մեռելի»։ Դավրիժեցին այս «Ողբն» է հիշատակում։ (Աղբյուրներում հանդիպում է նաև Մկրտիչ Նկարագիր անվամբ։— Խմբ.)։ (էջ 492)։

278. Բնագրում բառն է լաք, որ հնդկերեն է և նշանակում է «հարյուր հազար»։ (էջ 506):