Այս էջը հաստատված է

բայց որովհետև որևէ չար բան անել ի վիճակի չէր, ուստի թողին, որ մնան մինչև գարուն։

Եվ երբ գարունը բացվեց [Թահմազղուլի բեկը] պատրաստեց իր մարդկանցից Հադամ անունով մի երևելի մարդու մեծ զորքով, այլև հրովարտակ-հրաման առնելով թագավորից տվեց նրա ձեռքը, ուղարկեց Ջուղա մնացած ժողովրդին բերելու։ Հադամ աղան իր զորքով եկավ Ջուղա և մնացած ժողովրդին կանչեց իր առջև, ու նրանց հետ խոսեց բռնի ահաբեկությամբ. «Եթե հնազանդվելով կանսաք թագավորի հրամանին, ելեք ձեր ընտանիքներով և ունեցվածքով միասին գնանք, իսկ եթե չեք կամենում գնալ, ձեր արուներին ու զորեղներին սրով կկոտորենք, իսկ ձեր ունեցվածքն ու ձեր ընտանիքները կգերեվարենք։ Նաև գնացին լեռներն ու ձորերը՝ փախստականների տեղերը, գտան փախածներին ու բերին Ջուղա։ Հինանց [հիսուն օր զատկից հետո] երկրորդ կիրակվա երկուշաբթի օրը Ջուղայից քշեցին, ճանապարհ դրեցին դեպի Թավրիզ։ Թավրիզից անցկացնելով բերին, հասցրին ժողովրդի առաջին ճամբարին Ղազբին քաղաքում։ Նրանց հետ տեղավորեցին այնտեղ Ղազբին քաղաքում ու նրա գյուղերում ձմեռվա ցրտի պատճառով, երբ չէին կարող գնալ։

Գարնանային հողմը փչելու ժամանակ վերստին քշեցին նրանց, մինչև տարան, հասցրին Սպահան քաղաքը և այնտեղ բնակեցրին՝ հանձնելով նրանց շինության տեղեր։ Նրանք շինեցին շենքեր ու իրենց համար բնակարաններ հրաշալի ձևավորումով, կամարակապ փողոցներով, թևավոր ապարանքներով, հովասուն դստիկոններով, բարձրաբերձ ու արքայավայել շինվածքներով, զարդարեցին ոսկու և լաջվարդի պեսպես երանգ ունեցող ծաղիկներով, որ տեսնողի աչքերը խտղտում էին։

Սրանց նման ըստ աստծու փառքի արժանիքի իր հրաշակերտ հորինվածքով, երկնանման խորաններով, բարձրաբերձ կաթողիկեներով եկեղեցիները շինեցին, որոնք ամբողջովին ծաղկազարդված էին տեսակ-տեսակ գույներով, ոսկով ու լաջվարդով, տիրոջ մարդեղության գործերով, սրբերի պատկերներով։ Եվ բոլոր եկեղեցիների [գմբեթ] գլխին դրված էր նրանց