Միջերկրյա54, Ասիայի ու Միջագետքի գավառների բոլոր զորքերը։
Այդ ժամանակի ամենամեծ ու անվանի փաշան, որին կոչում էին Նասիֆ փաշա, Բերիա քաղաքից էր, որ Հալեպն էր։ Սա նույնպես եկավ Ամիդ Ջղալօղյու մոտ։ Սրանք միասին էին տնօրինում պատերազմի հոգսերը, որովհետև սա պատվով հավասար էր Ջղալօղյուն։ Սրանք երկուսն էլ իրենց շուրջ հավաքեցին օսմանյան երկրի բոլոր զորքերը և Տիգրանակերտից ելնելով միանգամից Վան եկան։ Այնտեղ իրենց մոտ հավաքեցին ևս Քրդստանի, Կարինի կողմերի զորքերը և կազմեցին մի մեծ ու անհամար բանակ։ Եվ Վանից ելնելով ուղղվեցին Թավրիզ. հասնելով նրա սահմանները՝ Սոֆիան գյուղի մերձակայքը, այդտեղ դաշտում ճակատամարտ տվին, և օսմանյան զորքը պարտվեց։
Քանզի բազմաթիվ հնարներ մտածող Շահ-Աբասը պարսից զորքը բաժանեց չորս գնդերի, առաջին գունդը հանձնեց Ալահվերդի խանին և սրան հրամայեց, որպեսզի սա բացահայտ դեմհանդիման ելնի օսմանյան բանակի դեմ ճակատամարտի։ Իսկ մյուս երեք գնդերը հանձնեց իր երեք նախարարներին՝ մեկը Ղառչղա խանին, երկրորդը Ջուլֆիղար խանին, իսկ երրորդը՝ Փիրբուդաղ խանին, և սրանց հրամայեց, որպեսզի երեք կողմից թաքուն դարանակալեն։ Իսկ շահը իր ծառաներով հեռու լեռների գլխին թաքստոցում դադար էր առել։
Երբ հասավ ճակատամարտի պայմանավորված օրը, Ալահվերդի խանը իր գնդով ելավ և հայտնվեց օսմանցիների դեմհանդիման։ Երր օսմանցիք տեսան նրանց, իրենց մեջ մտածեցին, թե միայն այդ երևացողն է պարսից զորքը, ուստի ուրախությամբ հարձակվեցին ու սկսեցին ճակատամարտել։ Այդ ժամանակ պարսից կողմը ըստ նախապես դրված իրենց պայմանի բարձրացրին ծխանշանը։ Եվ դարանամուտ պարսիկները, տեսնելով ծուխը, շտապանքով ելան իրենց տեղերից, հարձակվեցին օսմանյան զորքերի վրա և, չորս կողմից շրջափակելով, կոտորեցին, բոլորին դիաթավալ անելով գետնաբեկ լցրին դաշտը։ Եղավ անասելի աղետ ու դաժան օր։
Զորահրամանատարը [Ջղալօղլին] իր բանակի մեջ կանգնած