Այս էջը հաստատված է

Ստեփանոս Նախավկայի աջը։ Նաև այլ սրբություններ ու սուրբ նշաններ, որոնք բոլորը ջալալիները առնելով տարան կորցրին, և սրանց գլխավորին Աբդուռահման Մուսալիմ էին կոչում։

Օշական58 գյուղում բռնեցին մի այլ մարդու, կախեցին ամորձիքներից և տանջում էին, որ պահուստի տեղը ցույց տա․ մյուս գյուղացիները այս տեսնելով առան իրենց ընտանիքները, փախան Գեղարքունյաց գավառը59։ Այսպես արին Կարբիի բոլոր շրջակա գյուղերն ու գավառները. Ապարանի գավառը60, Կոտայքը61, Ծաղկունյաց ձորի62 շրջանը, Գառնու ձորը63, Ուրծաձորը64, Արաքս գետից այն կողմ Սահաթի շրջանը, Կողբը65, Աղջաղալան (Կարսի շրջանում)։

Այս ջալալիներից ոմանք գնացին Գառնու գավառը և գտան մի փորածո քարայր, որի մեջ բազմաթիվ քրիստոնյաներ նրանց ահից փախել թաքնվել էին։ Այդ քարայրը գետնափոր էր և մեծ, որը միայն մուտք ուներ և ոչ մի տեղից որևէ ծակ կամ օդանցք կամ զովամուտք չկար. հին ժամտնակներից իշխանները փորել էին և սարքել իրենց ինչ-որ պետքերի համար։ Եվ արդ՝ սրանք մտան այնտեղ ու ջալալիների ահից թաքնվեցին։ Երբ ջալալիները եկան ու գտան, շատ օրեր կռվում էին, բայց չէին կարողանում այդ քարայրը գրավել։ Ապա հնար գտան, բերին կրակ վառեցին քարայրի դռան առջև, որպեսզի կրակի ծուխը մտնի քարայրը, տանջի նրանց, որոնք ներսում են։ Կրակի վրա գցին ժահահոտ գեշ, որի հոտը օդը ներս էր տանում քարայրը: Այրի մեջ մարդիկ շատ էին, հինգ հարյուր կամ նույնիսկ ավելի: Քարայրը մութ ու խավարչուտ լինելու պատճառով ճրագներ էին վառել: Կրակի վրա գցված գեշի ժահոտությունից, որ մտնում էր քարայրը, այնտեղի օդը սկսեց ապականվել, բոլոր քարերը քրտնեցին, քարերիվ քրտինքը ջրի նման հոսում էր, բոլոր ճրագները սկսեցին աղոտանալը, մինչև որ ամենևին հանգան․ մարդկանց մարմինները սկսեցին ուռչել ու բշտել, և նրանցից դեղին ջուր էր հոսում։ Բոլորը շնչարգել լինելով նվաղեցին և յուրաքանչյուրը իր տեղում թուլացավ, թալկացավ ու անշնչացավ. և ընդհանրապես տղամարդիկ, կանայք՝

74