Գլխահարկը, որ միշտ ժողովրդից թագավորն էր առնում, այս Յազիչին երկու տարվա գլխահարկը ինքը առավ և իր զորքերին և ռոճիկներ բաժանեց։
Հուսեյին փաշան 1048 (1599) թվականին ապստամբվեց թագավորից։ Քոսա Սաֆարը ապստամբվեց նույն թվականին։ Ահմադ փաշան ապստամբվեց 1050 (1601) թվականին: Ինջաղան ապստամբվեց 1053 (1604) թվականին։ Յուլարղստին ապստամբվեց 1054 (1605) թվականին: Թավուլը՝ տասներկու հազար մարդով, ապստամբվեց 1042 (1593) թվականին։ Այս Թավուլի եղբայրը, որի անունը չգտանք: Մահմադ փաշան՝ 20 հազար մարդով։ Մանօղլին։ Ջանփոլատօղլին։ Ալի փաշան։ Սրա եղբայրը, որի անունը չգտանք, Քոռօղլին, այս այն Քոռօղլին է, որ շատ երգեր է ասել, որ այժմ աշուղները երգում են։ Գզիրօղլի Մուստաֆա բեկը հազար մարդով, սա և Քոռօղլուն ընկեր է, որին շատ տեղերում երգերի մեջ [Քոռօղլին] հիշատակում է։ Մյուս Մուստաֆա բեկը։ Ղարաղաշը։ Դալունասիպը։ Յոլասղմաղը։ Թանղրի Թանիմազը։ Գոկապախան։ Չըփլախը։ Քյասաքյասը։ Քրլուն։ Ղարասահաթը։ Աղջադանփիրին։ Սրանք բոլորը ջալալիներ էին, որ թագավորին չէին հնազանդվում և որևէ տեղում կանգ չէին առնում ու բնակվում, այլ աշխարհավերներ ու աշխարհակործաններ էին, և որտեղ որ շենության լուր էին առնում, դիմելով այնտեղ էին հասնում, ավարում, կողոպտում էին և շինվածքները հրդեհելով այրում էին։
Կոստանդնուպոլսի մոտերքից մինչև Երևան քաղաքը, Բաղդադից մինչև Դամուրղափու, Սպիտակ և Սև ծովերի միջև՝ այս սահմանները, որ գծեցի սրանց միջև, այսքան երկրներ ավերեցին ու ոչնչացրին:
Այս պատճառով յուրաքանչյուր տեղում եղած երկրագործներն ու հողագործները սրանց ահից ու սարսափից փախան բերդերը, ամրոցները և լեռների խոռոչներում ամրացան։ Ուստի չէին կարողանում հողագործությամբ զբաղվել. այդ պատճառով սերմ ցանելը, հնձելը, կալուկուտը ամենևին վերացան, և սկսվեց հացի ու ամեն ուտելիքների սղություն, և չէին ճարվում. և եթե տեղ-տեղ ճարվում էր, այն էլ շատ թանկ գնով։ Եվ այս սղության ժամանակ եկավ մորեխը ընդհանուր Միջերկրայքում և միանգամայն հարվածեց ամբողջ