Ջղալօղլի զորավարի երկրորդ գալուստից ու ետ դառնալուց հետո, որ եկավ Սոֆիան ու պարսից դեմ պատերազմեց, պարտվեց դարձավ Ամիդ և մեռավ, պարսից Շահ-Աբաս թագավորը այն ձմեռ իր բոլոր զորքերով գտնվում էր Թավրիզ քաղաքում, իսկ երբ հարավային հողմը փչեց գարնան ժամանակ, հավաքեց իր բոլոր զորքերը, գնաց օսմանական զորքերի վրա, որ տակավին Գանձակ քաղաքում էին, որ Գանջան է. թվով սակավ էին։ Այդ տարի մեր թվականության 1055 (1606)-ն էր։ Եվ այնտեղ հասավ, բերդը շրջապատեց, նստեց։ Ամբողջ երկիրը գրավեց իր իշխանության ներքո և պահպանում էր խաղաղությամբ։ Հրաման տվեց իր զորքերին՝ երկրի բնակիչներից ոչ ոքի չնեղել և ոչ ոքի պարտադրանքի չենթարկել, որտեղից (երկիրը) լրացվում էր նրա մարդկանց ու անասունների կարիքները։ Ինքը շահը ուշ ու միտքը տվել էր պատերազմին, որ բերդը տեսակ-տեսակ հնարներով գրավել կարողանա։ Երբեմն բաբան բարձրացնելով՝ վերևից ծեծում էին, երբեմն ներքևից պարսպի հիմքերը փորում ական էին բանում, այն լցնում էին վառոդով ու հրդեհում, որ պարիսպը բարձրացնելով երկինք էր ցնդեցնում։ Երբեմն սուտ երդում ու խաղաղության դաշինք էր գրում շահը և ուղարկում բերդը՝ «Թե դուք բոլորդ ձեր ունեցվածքով ու ամենայն ընտանիքներով ելեք, գնացեք ձեր երկիրը, մենք ձեզ ոչ մի վնաս չենք տա, միայն թե բերդը մեզ տվեք»։ Իսկ օսմանական զորքը բերդը չէր տալիս, այլ դիմանալով համբերում էր և քաջությամբ կռվելով դիմագրավում էր։
Իսկ պարսից զորքերը ոչ մի նեղություն չէին կրում, կամ ուտելիքի, կամ ցրտի, կամ շրջակա թշնամիների կամ ուրիշ որևէ բանի, այլ առանց պակասության մնում ու միշտ կռվում էին։ Եվ երբ շահը տեսավ, թե կռիվը մի քիչ երկարում է, այնտեղ երկու մեծ, հզոր ուժեղահարված թնդանոթներ ձուլեց, որոնք կրակելիս փլցնում էին բերդի պարիսպները և դրանով խիստ վտանգվում էին օսմանցիները։ Ամբողջ պատերազմի