Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ Ժ
ՇԱՀ-ԱԲԱՍԻ ՄԻ ԱՅԼ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՈԻՐԻՇ ԱՆԳԱՄ ԱՐԵՑ ՎՐԱՑ ԹԱԳԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Կախեթի վերոհիշյալ Ալեքսանդր թագավորը իր հոժար կամքով թագավորությունը հանձնել էր իր Դավիթ որդուն, և Դավիթը վարում էր թագավորական իշխանությունը։ Իսկ Ալեքսանդրի մյուս որդին՝ Գորգին քենով լցվեց նրա դեմ և սպանեց իր Դավիթ եղբորը, որպեսզի ինքը լինի թագավոր։ Նրանց հայր Ալեքսանդրը կենդանի էր, թագավորությունը չհանձնեց Գորգուն, այլ ինքը գրավեց ու ինքն էր վարում թագավորությունը։

Այս ժամանակ չար հնարքների մեջ խորամանկ Շահ-Աբասը մտածեց կործանման մի ինչ-որ հնար՝ երկպառակություն գցեց քրիստոնյաների թագավորության մեջ։ Իր մոտ կանչեց նախապես հիշատակված ուրացող Կոստանդինին՝ Ալեքսանդրի որդուն, որ շահի պալատում էր, խոսեց ըստ նրա սրտի ցանկության ու հաճույքի և ասաց նրան. «Մեր զորքերից բավականաչափ զորք վերցրու քեզ հետ, որ ես քեզ կտամ, և գնա քո հայրենի երկիրը, քո հայր Ալեքսանդրին ու քո եղբայր Գորգուն սպանելու հնար մտածիր, որպեսզի քո հոր փոխարեն դու լինես թագավոր և վարես քո հայրենի թագավորությունը։

Բայց առայժմ թե մեր ազգի և թե այնտեղ վրաց ազգի մեջ մի ցույց տա քո գնալու նպատակը, թե գնում ես քո երկիրը, այնտեղ ապրես, այլ կձևացնես և իբրև բացահայտ պատճառ ամենքի մոտ այս կխոսես, թե շահը ինձ այս զորքով ուղարկել է, որ գնամ Շամախի՝ այն գրավելու։ Եվ երբ կհասնես քո երկիրը, որը քեզ կհաջողվի, այն կանես՝ կամ քո հոր և քո եղբոր սպանությունը և կամ Շամախու գրավում»։

Արդ՝ դարանակալ օձը այսպիսի պատվեր ընդունելով ելավ զորքով գնաց Կախեթի գավառը իր հայր Ալեքսանդրի մոտ, բայց այդ ժամին չկարողացավ դավել, որովհետև կասկած ընկավ վրացիների սիրտը՝ հիշելով նրա անօրեն գործերը. նա ինքը նույն ժամին վարագուրեց իր մտքում