Այս էջը հաստատված է

«Որքան և համեստ լինի նրա կարծիքն իր ընդունակության և կարողության մասին, նրա կատարած գործն ինքնըստինքյան ապացույց է, թե որքան պատկառելի գրական ուժ էր այդ Թավրիզեցի ծեր վարդապետը։ Նա տվել է մեզ մի ստվար հատոր, որի մեջ ամեն քայլում մենք հանդիպում ենք գրական կիրթ ճաշակի, որ կարող էր պատիվ բերել մեր գրականության ավելի հին շրջաններին, երբ հայ մատենագիտությունը դեր չէր հասել թաթարական ժամանակների սոսկալի անկման։ Իսկ երբ վերցնում ենք այդ անկման շրջանը, այստեղ Առաքելը հանդիսանում է առաջնակարգ գրական մի աստղ, որ չունի իր նմանը թե նախորդ դարերում. և թե իր ժամանակակիցների մեջ։ Նրա լեզուն պարզ ու հասկանալի է, ոճը վայելուչ, թեև ոչ քիչ ճապաղ11, նկարագրությունների մեջ կարողանում է պատկերացնողի ընդունակություն ցույց տալ։ Այս կողմից նա շատ աչքի է ընկնում մանավանդ Շահ-Աբասի գերեվարության և սրան հետևած նյութական և մտավոր վայրենացման խորապես ազդող նկարագրությունների մեջ։ Ընթերցողի աչքի առջև շարունակ կանգնած է հեղինակի ինքնատիպ պատկերը։ Դա մի հավատացյալ վանական է, լցված մի վառ սիրով դեպի հայրենի աշխարհը, դեպի ազգային մտավոր կուլտուրական ստացվածքը ներկայացնող եկեղեցին12:

Աբեղյանը բերելով ու ջատագովելով մի շարք հետաքրքրական նկարագրություններ վերջում ավելացնում է. «Այսպիսի դեպքերում, անշուշտ, կարելի չէ խոսել Առաքել պատմագրի գրվածքի գեղարվեստականության մասին, գրական արժեքի մասին13։ Դավրիժեցու գրքի գեղարվեստական լինելու հարց ոչ ոք չի դրել, նրա դիրքը պետք է քննվի իբրև պատմական աղբյուր 17-րդ դարի համար, չնայած, որ հենց Աբեղյանի բերած օրինակների մեջ առկա է նաև գեղարվեստական խոսքի օրինակը, թեկուզ հենց Շահ-Աբասի ու գեղջկուհու զրույցը։

Առաքել Դավրիժեցու պատմությունը ժամանակագրական մի ճշգրիտ վավերագրություն է, որ հեղինակը քիչ է մնում, որ հիշատակի կատարված պատմական իրողության նաև ժամը։ Նա արդեն Խորենացու պատգամով՝ «չիք պատմութիւն առանց ժամանակագրութեան» գրում է։ «Այլև այստեղ հարկ է իմանալ, որ անհրաժեշտության պարագայում թվականը իբրև հիմք պետք է դնել, ապա նրան կցել պատմությունը իբրև շինվածք»։

Դավրիժեցին ժամանակագիր պատմիչ է, այսինքն, նկարագրում է իր ապրած ժամանակի անցքերն ու եղելությունները։ Նա մի տեղ նշում է, որ սեփական աչքով տեսել է հայ ժողովրդի ահասարսուռ գաղթեցումը Շահ-Աբասի կողմից, երբ երևի նա երեխա պետք է լիներ, որովհետև նրա մահվան ստույգ թվականը 1670-ն է։ Ժամանակագիրը ոչ միայն պատմում է իր տեսածներն ու լսածները, այլև օգտագործում է տվյալ ժամանակի վավերագրերը և ուրիշ ժամանակագիրների գործերը։ Սակայն իբրև 17-րդ դարի պատմիչ ժամանակագիր նա ամենանշանավորն է։ Ամբողջ 16-րդ դարը,

___________

11. Անհասկանալի է այս խոսքը ճապաղության մասին։

12. Լեո, Երկերի Ժողովածու, 3, Երևան, 1969, էջ 353։

13. Աբեղյան, նշված աշխատություն, էջ 524։

9