Այս էջը հաստատված է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Բնական հումքի հնարավորություններով պայմանավորված՝ Արցախ-Ղարաբաղում ավանդաբար գործել են շերամորդի բոժոժի նախնական մշակման, մետաքսագործության, գորգագործության, գինեգործության, մետաղաձուլության, օղեթորման (թթից և խաղողից) գործատներ, բրուտագործության կետեր, կղմինդրի, սայլերի, կառքերի պատրաստման, կոշիկի, կարի արհեստանոցներ, ձիթհաններ, ջրաղացներ և այլն։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում ֆրանսիացիները դեռևս XIX դ-ում արդյունահանել են բազմամետաղների հանքանյութ։ Շուշիում գործել է ջրէկ (30 կՎտ)։

Արցախ-Ղարաբաղում բոժոժի վերամշակումն սկսել են XIX դ-ի 60-ական թթ-ին։ Մինչև 1918-ը երկրամասում գործել են մետաքսաթելի 36 և թելի ոլորման 10 գործատներ։ Արտադրած մետաքսաթելն սպառվել է Ռուսաստանում ու Ֆրանսիայում, իսկ գորգերը՝ Պարսկաստանում և այլուր։ 1879-ին Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) կազմակերպված միջազգային տոնավաճառում Ղարաբաղի մետաքսն արժանացել է արծաթե, իսկ 1882-ի Մոսկվայի ցուցահանդեսում՝ ոսկե մեդալի։ XIX դ-ի վերջին Ղարաբաղի մետաքսաթելից գործվել են Փարիզի Ելիսեյան պալատի վարագույրները։

Գյուղատնտեսության կարևոր ճյուղերն էին հացահատիկային տնտեսությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը։ Մշակվել են նաև բրինձ, ձիթատու վուշ, սիսեռ, կարտոֆիլ և այլն։ 1805-ին Ղարաբաղը, ինքնակամ ընդունելով Ռուսաստանի տիրապետությունը (հաստատվել է 1813-ի Գյուլիստանի պայմանագրով) և գտնվելով Ռուսական կայսրության վարչաքաղաքական ու սոցիալ-տնտեսական համակարգում, զարգացել է կայսրության ծայրամասային շրջաններին բնորոշ հաս-տնտ. օրինաչափություններով։ Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումը (1917), անդրկովկասյան ազգերի անկախացումն ու ազգամիջյան հակամարտությունների սրումը նոր անկախացած երկրների տնտեսությունը հասցրել են քայքայման եզրին։ Մեծ չափով տուժել է նաև Արցախ-Ղարաբաղի տնտեսությունը։ Խորհրդայնացումից հետո պահանջվել է մի քանի տասնամյակ, որպեսզի Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ստացած ԼՂ-ն իր մակրոտնտեսական ցուցանիշներով մոտենար 1915-16-ի մակարդակին։

Մարզում տնտեսության որոշ առաջընթաց նկատվել է միայն 1970-80-ական թթ-ին։ Սակայն, այդուհանդերձ, Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունն ուղղված էր ոչ թե մարզի բնական ու աշխատանքային պաշարների արդյունավետ օգտագործմանը և տնտեսության համալիր զարգացմանը, այլ նրա՝ Ադրբեջանի հումքային կցորդ լինելու վիճակը պահպանելուն։ Բնորոշ էր նաև այն, որ ամեն կերպ արգելակվում էր ՀԽՍՀ-ի հետ ԼՂԻՄ-ի տնտեսական կապերի զարգացումը։

ԼՂ-ի անկախության հռչակմանը հաջորդած պատերազմական գործողությունների հետևանքով գործող արտադրական հզորությունների 85 %-ը, բնակելի ֆոնդի 50 %-ը, սոցիալ-մշակութային ոլորտի հարյուրավոր օբյեկտներ, կապի և հաղորդակցության մեծ մասը շարքից դուրս են եկել։ Տնտեսական կյանքի վերականգնման առաջին նշանները երևացել են 1994-ի զինադադարից հետո միայն, երբ հանրապետության շուրջն ստեղծվել է անվտանգության գոտի, և բնակչությունը, հարաբերական խաղաղության պայմաններում, հնարավորություն է ստացել զբաղվելու արտադրական գործունեությամբ։ Պատերազմից ավերված տնտեսության վերականգնմանը զուգահեռ՝ նորաստեղծ հանրապետությունը ձեռնամուխ է եղել տնտեսական բարեփոխումների, որոնց սկզբն. փուլը բնութագրվում է սեփականության իրավ․ հիմքի ստեղծման և շուկայական հարաբերությունների անցման գործընթացով։

Կատարվել են տնտեսության ճյուղերի կառուցվածքային փոփոխություններ, հիմնական կապիտալի նորացումներ։ 2006-ին ամբողջովին ավարտվել է փոքր ձեռնարկությունների