Այս էջը հաստատված է
ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ

Հանրապետությունում բեռնա- և ուղևորափոխադրումներն իրականացվում են հիմնականում ավտոտրանսպորտով, որը 2000-ից զգալի առաջընթաց է ապրել։

Ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը 2010-ին կազմել է 581,4 հզ. տ, բեռնաշրջանառությունը՝ 28,6 մլն տ կմ, ուղևորափոխադրումների ծավալը՝ 185 մլն մարդ։

ԼՂՀ ավտոճանապարհների ընդհանուր երկարություն 1270 կմ է։ Ճանապարհի Ստեփանակերտ-Շուշի-Գորիս և «Հյուսիս-հարավ» հատվածները կառուցվել են անկախացումից հետո՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման (2011)։

ԼՂՀ տնտ․ կյանքում զգալի դեր է խաղում նաև խողովակաշարային տրանսպորտը։ Հանրապետության բնակավայրերի զգալի մասը գազիֆիկացված է, որն էապես բարելավել է բնակչության կենցաղային պայմանները։

ԼՂՀ գազամուղային ցանցը 1992-ից, Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցումից հետո, միացվել է ՀՀ գազամուղային ցանցին։

ԼՂՀ կապի հիմնական օպերատորը «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն է (ստեղծվել է 2002- ին)։ Նորագույն բարձրակարգ սարքավորումների շնորհիվ ընկերության ավտոմատ կապը հասանելի է բոլոր շրջկենտրոններում, բջջային հեռախոսակապը՝ Ստեփանակերտում (100 %) և գյուղական բնակավայրերում (75 %)։ Կատարվում են Ղարաբաղում համացանցի ընդհանուր հասանելիությունն ապահովելու աշխատանքներ։

2010-ին ոլորտի եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է 7,1 մլրդ դրամ, որտեղ բնակչությանը մատուցած ծառայությունների բաժինը 5 մլրդ է (70,4 %)։

Ընկերության միջոցներով Ստեփանակերտում ստեղծվել է բժշկահետազոտ. լաբորատորիա, նորոգվում և վերազինվում են առողջապ-յան համակարգի հաստատությունները։

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Զբոսաշրջությունը ԼՂՀ տնտեսության հեռանկարային ճյուղերից է, որի զարգացման համար երկրում առկա են բոլոր պայմանները՝ բազմաթիվ արժեքավոր պատմաճարտ. հուշարձաններ, գեղատեսիլ բնություն, առողջ էկոլոգիա, հանք․ և տաք ջրերի ելքեր, թանգարանային զարգացող ցանց և այլն։ Վերջին տարիներին արագորեն զարգանում է նաև սպասարկման ոլորտը, կառուցվում են մատչելի հյուրանոցներ (միայն Շուշիում արդեն գործում է 5 հյուրանոց)՝ 1000-ից ավելի մահճակալով։ ԼՂՀ Կառավարությունը միջոցներ է հատկացնում ոչ միայն հուշարձանների վերականգնման ու թանգարանային համակարգի վերանորոգման և աշխատանքների խթանման, այլև ԼՂՀ զբոսաշրջությունը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ներկայացնելու և գովազդելու նպատակով։

ԼՂՀ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը տարեցտարի աճում է. մասնավորապես, 2011-ի առաջին կիսամյակին նախորդ տարվա նույն ժամկետի համեմատությամբ թիվն ավելացել է 49 %-ով և կազմել 3000 մարդ։ Հյուրերն առավելապես այցելում են Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի վանական համալիրներ, պեղվող Տիգրանակերտ քաղաքի հնավայր, Որվանի (Ազոխ) քարանձավ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան և այլուր։

Ոլորտի զարգացման դեռևս ամենալուրջ խոչընդոտներ են արտերկրի հետ օդային կապի բացակայությունը և Ղարաբաղա-ադրբ. հակամարտությունը։