Այս էջը հաստատված է
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ

ԼՂՀ-ում սպորտի զարգացումն սկսվել է 1994-ի զինադադարից հետո։ 1999-ին ստեղծվել է Կառավարությանն առընթեր սպորտի պետ․ կոմիտեն և նրան կից՝ «Արցախ» կամավոր․ ֆիզկուլտուրային մարզ․ ընկերությունը։ 2011-ին հանրապետությունում գործել են շախմատ-շաշկու հանրապետ․, Ստեփանակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի («Խաչեն»), Շուշիի մանակապատանեկան մարզադպրոցները, 216 մարզակառույց, 20 մարզ․ ֆեդերացիաներ, մարզադպրոցներում՝ 20 մարզաձև՝ 245 մարզախմբով։ Ուսումնամարզ. պարապմունքներում ընդգրկված է 3216 մարզիկ (Ստեփանակերտում՝ 1662, շրջաններում՝ 1540)։ Պարապմունքներն անցկացրել են Ստեփանակերտում՝ 80, շրջաններում՝ 97 մարզիչ-մանկավարժևեր։

2010-11-ին ԼՂՀ մարզիկները մասնակցել են ՀՀ 115 (1297 մարզիկ) թիմային և անհատական 38 (248)՝ միջազգային մրցաշարերի 16 (42)՝ Եվրոպայի, 8 (16) աշխարհի առաջնությունների, նվաճել 60 1-ին, 33 2-րդ և 36 3-րդ մրցանակային տեղեր։ Միջազգային կարգի սպորտի վարպետ, սամբիստ Աշոտ Դանիելյանը 74 կգ քաշային կարգում 2010-ին դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն (2010-ին ճանաչվել է ՀՀ լավագույն սամբիստ), իսկ ուշուիստ Դավիթ Գրիգորյանն Անկարայում՝ աշխարհի 2-րդ մրցանակակիր, թեթև աթլետ Աշոտ Հայրապետյանը Ռեյկյավիկի առաջնությունում 3000 մ վազքատարածությունում գրավել է 3-րդ տեղը, Վառնայում (Բուլղարիա) Արթուր Առուշանյանը դարձել է կիոկուշին-կան կարատե-դո մարզարվ-ի Եվրոպայի պատանիների չեմպիոն։

Արցախի մարզիկները մասնակցել են նաև Համահայկական բոլոր խաղերին (1999-2011)։

ԼՂՀ-ում սպորտը կարևորվում է նաև որպես քարոզչության միջոց՝ դեռևս միջազգայնորեն չճանաչված ԼՂՀ-ն համաշխ. հանրությանը ներկայացնելու հնարավորություն։ Այդ նպատակով Ստեփանակերտում կազմակերպվում են նաև միջազգային միջոցառումներ՝ 2008-ին սեղանի թենիսի գավաթի (մասնակցել են ՀՀ, Վրաստանի և ԼՂՀ մարզիկները), 2010-ին՝ արլ. մարտարվ-ի (ՀՀ, ՌԴ, Ֆրանսիա, ԼՂՀ) մրցումներ, իսկ ԼՂՀ մարզիկները միջազգային միջոցառումներին մասնակցում են ՀՀ թիմերի կազմում։

ԼՂՀ-ում ավանդույթ է դարձել զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված մրցաշարերի անցկացումը (2008-ին՝ Ստեփանակերտում՝ թեթև աթլետիկայի գծով, Երևանում՝ սամբոյի միջազգային մրցաշար՝ նվիրված սամբոյի՝ ղարաբաղցի 1-ին չեմպիոն Գառնիկ Ավանեսյանի հիշատակին)։ Բերդաշենում 2008-ին կազմակերպվել է վաղամեռիկ շախմատիստ Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշար։

2004-ից ԼՂՀ-ում անցկացվում է նաև ԼՂՀ ֆուտբոլի հանրապետական առաջնություն, որին մասնակցում է 7 շրջանային՝ «Ավո» (Մարտունի), «Բերդ» (Ասկերան), «Դիզակ» (Հադրութ), «Ջրաբերդ» (Մարտակերտ), «Գանձասար» (Վանք, 2009-ից), «Քիրս» (Շուշի), «Բերձոր» (Քաշաթաղ), և Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» (ԼՂԻՄ-ի «Ղարաբաղ» թիմի ժառանգորդն է) թիմերը։ Առանձին տարիների առաջնություններին մասնակցում են նաև Սյունիքի թիմերը։

2004-ին և 2009-ի ֆուտբոլի հանրապետության չեմպիոն է եղել «Լեռնային Արցախը», 2010-ին՝ «Ջրաբերդը»։

Ռազմիկ Հովասափյան