Այս էջը հաստատված է
ՄՇԱԿՈՒԹԱԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ

ԼՂՀ-ում գործող մշակութալուսավոր. հիմնարկների համակարգը ներառում է 10 թանգարան, 230 հանրային և մանկական գրադարաններ, 237 ակումբ և մշակույթի տուն։

ԼՂՀ առաջին ընթերցարանը բացվել է 1865-ին Շուշիում։ Գրադարանների թիվը կտրուկ ավելացել է 1920-ական թթ-ի սկզբներին։ 1924-ին բացվել է մարզի ամենախոշոր՝ Ստեփանակերտի մարզային գրադարանը, խրճիթ-ընթերցարաններ են բացվել Ճարտար, Բալուջա և այլ գյուղերում։ 1940-ին մարզում կար 66, իսկ 1985-ին՝ 231 գրադարան (գրքային ֆոնդը՝ 1,6 մլն)։

ԼՂՀ-ում ներկայումս գործում են Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական և Հովհաննես Թումանյանի անվ․ հանրապետ․ մանկ., Մուրացանի անվ․ քաղաքային գրադարանները (երեքն էլ՝ Ստեփանակերտում), ինչպես նաև շրջ. գրադարաններ՝ ԼՂՀ 7 շրջկենտրոններում։ Կան նաև դպրոց., բուհ․ և միջնակարգ մասնագիտ․ ուս․ հաստատությունների գրադարաններ։

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը ստեղծվել է 1924-ին։ Նախապես կոչվել է ռուս գրող Մաքսիմ Գորկու անվ․, գրքային ֆոնդը՝ 2,1 հզ. միավոր, որը գրադարանին նվիրել էին Մոսկվայում սովորող ղարաբաղցի ուսանողներն ու տեղացի ընթերցողները։

Ներկայումս գրադարանի ֆոնդը ներառում է 175,2 հզ․ գրքային միավոր, ընթերցողների թիվը՝ 5,2 հզ․։

1960-ին ստեղծվել է գրադարանի մատենագիտ․ բաժինը, որն ունի հարուստ տեղեկատու գրականություն, հանրագիտարաններ ու բառարաններ, հետագայում ստեղծվել են նաև երկրագիտ․ ֆոնդ ու քարտարաններ, Արցախյան ազատամարտին նվիրված թեմատիկ քարտարան։

Գրադարանը հանրապետության գրադարանների մեթոդ․ կենտրոնն է։

Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը բացվել է 1947-ին Ստեփանակերտում։ 1965-ին գրադարանին տրվել է մարզային մանկ․ գրադարանի կարգավիճակ և կոչվել Հովհաննես Թումանյանի անվվան։ Սկզբն. շրջանում գրքային ֆոնդը 50 հզ․ միավոր էր, 1988-ին՝ 120 հզ․ միավոր։

1992-ին գրադարանի շենքը ռմբակոծությունից փլվել է, գրքային ֆոնդի 70 %-ը ոչնչացել։ Ներկայումս գրադարանը տեղավորված է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի առաջին հարկում, գրքային ֆոնդը 46,7 հզ․ միավոր է, ընթերցողների թիվը՝ 7,6 հզ․, ունի 42 շրջիկ կետեր, սպասարկման, համալրման և մշակման բաժիններ։ Գրադարանը հանրապետության բոլոր դպրոց․ գրադարանների համար մեթոդ․ կենտրոն է։

Մուրացանի անվան քաղաքային գրադարանը բացվել է 1965-ին Ստեփանակերտի Բոգդան Կնունյանցի անվ․ զբոսայգում՝ որպես Մաքսիմ Գորկու անվ․ մարզային գրադարանի մասնաճյուղ։ Հետագայում գրքային ֆոնդը համալրվել է, իսկ գրադարանը կոչվել է Մուրացանի անվան։

1981-ին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում բացվել են գրադարանի 6 մասնաճյուղեր, ստեղծվել է կենտրոնացված գրադարանային համակարգ, որը վերացվել է 1996-ին՝ մասնաճյուղ-գրադարանների լուծարումով (պահպանվել է միայն Հայրեն․ մեծ պատերազմի վետերանների ակումբին կից գրադարանը)։

Մինչև Արցախյան ազատամարտը (1991-94) գրադարանի գրքային ֆոնդը 110 հզ․ միավոր էր. պատերազմի ժամանակ մեծ մասը ռմբակոծությունից ոչնչացել է։ Ներկայումս ունի 56,5 հզ․ միավոր գիրք, ընթերցողների թիվը՝ 3,2 հզ․։