1977-78-ին ԼՂԻՄ-ի շրջկենտրոնների գրադարանների հիմքի վրա կազմավորվել է շրջ. գրադարանների կենտրոնացված համակարգ (ԳԿՀ), որտեղ ներառված էին նաև գյուղ․ գրադարանները։ ԳԿՀ-ն գործել է մինչև 1995-ը, որից հետո շրջկենտրոնների գրադարանները վերակազմավորվել են շրջ. գրադարանների, իսկ գյուղ․ մասնաճյուղ-գրադարանները՝ դպրոց․ գրադարանների։
Մարտունիի շրջանային գրադարանը նախապես ունեցել է 2,5 հազար միավոր գիրք։ 1977-ին ԳԿՀ շրջանակներում այն միավորել է շրջանի 38 գյուղ․ գրադարաններ։ 1992-ին գրադարանի շենքը ռմբակոծվել է. 65 հազար միավոր գրակ-ից պահպանվել է միայն 1000 գիրք։ Ներկայումս գրքային ֆոնդը 16,4 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 2,4 հազար։
Հադրութի Ավետիք Իսահակյանի անվան շրջանային գրադարանն ստեղծվել է 1932-ին, ունեցել է 1,2 հազար միավոր գիրք, որը հետագայում հասել է 30 հազարի։ 1978-ին միավորել է 39 գյուղ․ գրադարաններ։ Ներկայումս գրքային ֆոնդը 37,4 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 580։
Մարտակերտի շրջանային գրադարանը 1968-ին ունեցել է 32 հազար միավոր գիրք և միավորել է 55 գյուղ․ գրադարաններ։ 1992-ին գրավելով Մարտակերտը՝ ադրբեջանցիներն ամբողջովին ոչնչացրել են նաև գրադարանի գրքային ֆոնդը։ Վերաբացվել է 1994-ին՝ 1,5 հազար միավոր գրքով։ Ներկայումս գրքային ֆոնդը 20,4 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 650։
Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան շրջանային գրադարանը մինչև Արցախյան ազատամարտն ունեցել է 300 հազար միավոր գիրք, 5 բաժին, միավորել է 47 գյուղ․ գրադարաններ։ Ներկայումս գրքային ֆոնդը 9,3 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 500։
Շուշիի շրջանային գրադարանը բացվել է 1993-ին՝ գրադարանի հին շենքում՝ բնակիչների նվիրաբերած նախնական գրքային ֆոնդի հիման վրա, որը հետագայում համալրվել է։ Ներկայումս գրքային ֆոնդը 16,6 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 1000։
Քաշաթաղի շրջանի Բերձորի գրադարանը գործում է 1998-ից։ Գրքային ֆոնդը 12 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 920։
Շահումյանի շրջանի Քարվաճառի գրադարանը գործում է 2004-ից։ Գրքային ֆոնդը 3,6 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 300։
Թանգարաններ
ԼՂՀ-ում գործում են Տիգրանակերտի հնագիտական, Արցախի պետական (Ստեփանակերտում), Ասկերանի, Շուշիի, Մարտունիի, Մարտակերտի, Քաշաթաղի, Հադրութի՝ Արթուր Մկրտչյանի անվան, Քարվաճառի պատմաերկրագիտական, Զոհված ազատամարտիկների և Անհայտ կորած ազատամարտիկների (երկուսն էլ՝ Ստեփանակերտում), Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղի Մարտական փառքի թանգարանները, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով), Մարտունիի շրջանի Կոլխոզաշեն գյուղում՝ գեն., Խորհրդային Միության հերոս Միքայել Պարսեղովի, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում՝ հայ ազգային ազատագր. շարժման գործիչ Նիկոլ Դումանի, Մարտունիի շրջանի Ննգի գյուղում՝ հաս-քաղաքական գործիչ Բոգդան Կնունյանցի, Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում՝ կուսակցական և պետական գործիչ Ալեքսանդր Բեկզադյանի տուն-թանգարանները և այլն։