Տիգրանակերտի հնագիտական թանգարանը գործում է մ. թ. ա. I դ-ում Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի տարածքում (ներկայումս՝ պատմամշակութային արգելոց) գտնվող XVIII դ-ի ամրոցում։ Թանգարանի 3 սրահներում ներկայացված են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստ-ի Արցախի հնագիտական արշավախմբի պեղումներով հայտնաբերած մ. թ. ա. V - մ. թ. XVII դդ-ի գտածոներ։ Հատկապես արժեքավոր է V-VI դդ-ին վերագրվող մոտ 8 սմ տրամագծով կավե սկավառակը, որի մի երեսին՝ շրջանի մեջ, փորագրված է հավասարաթև խաչ, մյուսին՝ տղամարդու դիմապատկեր՝ հայերեն արձանագրությամբ. վերջինս Արցախի տարածքում հայտնաբերված հայերեն ամենահին արձանագրություններից է։ Բազմաթիվ ցուցադրափեղկերում ներկայացված է պեղումների ընթացքը, հայերեն, ռուսերեն և անգլ. մանրամասն տեղեկություններ են տրվում տեղանքի պատմության, պեղումների ու գտածոների վերաբերյալ։
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1939-ին Ստեփանակերտում։ Թանգարանում պահվում են ավելի քան 50 հազար պատմամշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Ցուցանմուշները համալրվել են հատկապես վերջին տարիներին ԼՂՀ տարածքում կատարվող հնագիտական պեղումներով հայտնաբերված պատմահնագիտական և մշակութային գտածոներով։
Ունի հնագիտության (վաղքարեդարյան գործիքներ, բրոնզե իրեր, ուրարտ. կավանոթներ, հայկական, հռոմ., պարսկ., արաբ․ արծաթե և պղնձե դրամներ և այլն), միջին դարերի (Ամարասի, ինչպես նաև բերդերի ու ամրոցների մասին վկայություններ ու լուսանկարներ), ազգագրության (կենցաղային հնագույն իրեր, գորգագործ. դազգահներ, XVIII-XX դդ-ի ձեռագործ գորգեր, կարպետներ, ասեղնագործ իրեր, տարազներ, արծաթե զարդեր և այլն), նոր (արցախահայության 1918-21-ի ազգ-ազատագր. պայքարի, 1920-ի Շուշիի ողբերգական դեպքերի, ԼՂ-ի՝ Ադրբ. ԽՍՀ-ին բռնակցման մասին դրվագներ և նյութեր, ներկայացված են նաև գիտության և մշակույթի տարբեր բնագավառների արցախցի անվանի գործիչները, 4 մարշալները և այլն) և նորագույն (նյութեր Արցախյան շարժման, Արցախյան ազատագր. պատերազմի, ԼՂՀ-ի կայացման և ամրապնդման մասին) բաժինները։
Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը բացվել է 1992-ի մայիսի 28-ին՝ XIX դ-ի կեսերին կառուցված երկհարկանի առանձնատան մեջ։ Ցուցադրությունն սկսվում է Շուշի բերդաքաղաքի և շրջակա բնակավայրերի մանրակերտով։ Հնագիտական բաժնում ներկայացված է պեղածո հարուստ հավաքածու, որը հավաստում է, որ Շուշին հիմնադրվել է դեռևս հելլեն․ ժամանակաշրջանում։ Ազգագրության բաժնում ցուցադրված են արհեստագործ․ իրեր, հնամենի կահույք, ազգային տարազներ, թանկարժեք զարդեր և այլն, որոնք վկայում են, որ քաղաքը XIX դ-ում եղել է մշակութային խոշոր կենտրոն, ինչպես նաև դրվագներ Շուշիի 1920-ի մարտյան ողբերգական դեպքերից։ Ղարաբաղյան պատերազմին վերաբերող ցուցասրահում, ի թիվս բազմաթիվ լուսանկարների և այլ ցուցադրությունների, Շուշիի գրավման ռազմագործողության (1992-ի մարտի 8-ի՝ լույս 9-ի գիշեր) մանրակերտն է։
Զոհված ազատամարտիկների թանգարանը հիմնադրվել է 2002-ին Ստեփանակերտում՝ «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Ներկայացված են շուրջ 3 հազար ազատամարտիկների դիմանկարներ, որոշ անձնական իրեր (փաստաթղթեր, նամակներ, ինքնաշեն զենքեր, համազգեստներ և այլն), պատերազմ․ լուսանկարներ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ՊԲ-ի ստորաբաժանումների և ազատամարտիկների զորաշարժերի քարտեզներ, սխեմաներ և այլն։
Թանգարանի առջև տեղադրված է խաչքար-հուշաղբյուր՝ «Օրհնյալ ես դու, հայ նահատակ» մակագրությամբ, ինչպես նաև պատերազմի բովով անցած ինքնաշեն 3 թնդանոթ և 1 «Գրադ» կայան։