Այս էջը հաստատված է

Կոմմագենեում։ Արշամից հետո Սելևկյանների միջամտությամբ Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորությունը տրոհվել է Ծոփքի և Կոմմագենեի առանձին թագավորությունների։ Մ. թ. ա. III դ-ի վերջին Սելևկյանները նվաճել են Կոմմագենեն ու հպատակեցրել Ծոփքը, իսկ Քսերքսես արքային՝ մ. թ. ա. 201-ին դավադրությամբ սպանել։ Սելևկյան Անտիոքոս III Սեծ արքան Կոմմագենեում կուսակալ է նշանակել հույն զորավար Պտղոմեոսին, Ծոփքում՝ հայազգի Զարիադեսին (Ձարեհ)։

Մ. թ. ա. մոտ 220-201-ին Մեծ Հայքում թագավորել է Երվանդ Դ Վերջինը, որն Ախուրյանի և Երասխի միախառնման վայրում հիմնադրել է Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, նրանից քիչ հս.՝ Երվանդակերտ թագավորական դաստակերտն ու Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին՝ Բագարանը, որը Մեծ Հայքի հոգևոր կենտրոնն էր՝ քրմապետի նստավայրը։

Սելևկյան Անտիոքոս lll-ը Մեծ Հայքը նվաճելու նպատակով պատերազմ է հրահրել իր հայ զորավար Արտաշեսի ու Երվանդ Դ-ի միջև։ ճակատամարտում Երվանդի բանակը պարտվել է, ինքը՝ զոհվել։ Բագարանը գրավելիս սպանվել է նաև գերագույն քուրմ Երվազը՝ Երվանդ արքայի եղբայրը։ Ստրատեգոսներ (նահանգապետ) Արտաշեսի (Մեծ Հայքում) ու Զարեհի (Ծոփքում) միջև բաժանված Հայաստանում հաստատվել է Սելևկյանների գերիշխանությունը, և մ. թ. ա. 201-ից Հայկազունների Երվանդյան ճյուղը կորցրել է իր իշխանությունը։

Հայկազուն Երվանդյան արքայատան օրոք զարգացել են երկրի տնտեսությունն ու հելլենիստ. մշակույթը։

Արտաշիսյանների թագավորությունը

Սելևկյան տերության և ծավալվող Հռոմ. Հանրապետության միջև Լիդիայի Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (մ. թ. ա. 190) Սելևկյան Անտիոքոս III-ի պարտությունից հետո՝ մ. թ. ա. 189-ին, Մեծ Հայքում անկախ թագավոր է դարձել Արտաշեսը, Փոքր Հայքում՝ Միհրդատը, Ծոփքում՝ Զարեհը, Կոմմագենեում՝ Պտղոմեոսը։ Հռչակելով Մեծ Հայքի անկախությունը՝ Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշիսյան արքայատոհմի հիմնադիրն ու անվանադիրը։ Արամերեն արձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես արքա, Բարի, որդի Ձարեհի, Երվանդյան»։ Վերականգնել է Մեծ Հայքի թագավորության ռազմաքաղաքական հզորությունը, վերամիավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները։ Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը։ Վերջինիս գահին Զարեհին հաջորդել է նրա որդին՝ Մերուժանը, որը խոչընդոտել է Ծոփքը Մեծ Հայքին միավորելու Արտաշես Ա-ի ծրագիրը։

ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հավաստում է. «Հայաստանն... աճել է Արտաշեսի ջանքերով..., և ուստի այստեղ բոլորը միալեզու են»։ Հայոց թագավորը վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետության թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել հարևան երկրների և Հռոմի հակասելևկյան դիրքորոշումը։ Մ. թ. ա. 165-ին հակահարված է տվել սելևկյան Անտիոքոս IV Եպիփանեսին։

Մ. թ. ա. մոտ 180-ին Արտաշես Ա-ն կատարել է հողային բարեփոխումներ, ըստ որի՝ մասնավոր հողային տնտեսությունների (ագարակ) սահմանները հստակորեն սահմանազատվել են համայնքին պատկանող հողերից։ Հողաբաժան սահմանաքարերից շուրջ 20-ն ունեն Արտաշեսի անունով արամերեն արձանագրություններ։ Թագավորությունը բաժանել է 120 գավառի։ Մեծացրել և կանոնավորել է բանակը, ստեղծել 4 սահմանակալություններ (բդեշխություն)՝ Աղձնիքի, Կորդուքի, Նոր Շիրականի և Գուգարքի։ Կարգավորել է նաև արքունի գործակալությունները։ Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկիցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայքում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ։ Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ՝