Այս էջը հաստատված է

Ուշ միջնադարում Արցախում մելիքական բնակելի տները, զուգակցվելով պաշտպան․ կառույցների հետ, վերածվել են բնակելի համալիրի նոր տիպի՝ ապարանքի (Գյուլիստանի, Մոխրաթաղի, Մաղավուզի, Թալիշի, Ավետարանոցի)։ Արցախի ճարտ-յան մաս են կազմում բազմաթիվ և բազմապիսի հորինվածքներով խաչքարերը։ Բարձրարվեստ գործեր են հատկապես Դադիվանքի, Խաթրավանքի, Կոշիկ անապատի, Գանձասարի, Բռի Եղցի վանքերի և այլ խաչքարեր։ Հայտնի հայկական հնագույն 8 խաչքարից 2-ը Արցախում են՝ Քոլատակ գյուղի Հովանավանքում (853) և Վաղուհաս գյուղում (866)։

Հայկական կամրջաշինության լավագույն նմուշներից են Թարթառ գետի վրա՝ Պառավի, Վարընկաթաղի (երկուսն էլ՝ VII-XVII դդ.), Ասփայի, Սարսանգի (մնացել է ջրամբարի տակ), Խաչեն գետի վրա՝ Թախտեն (երեքն էլ՝ XIII դ.), Իշխանագետի վրա՝ Հաթամի (XVII դ.) և Ավան Յուզբաշու (XVIII դ.), Կապիտջուր գետակի վրա՝ Մանաշիդի, Սևջրի վրա՝ Վերիշենի (XVII-XVIII դդ.) Կարկառ գետի վրա՝ Մազի (XVIII դ., պայթեցվել է 1989-ին), Չանախչի գետակի վրա՝ Ավետարանոցի կամուրջները։

XIX դ-ի կոթողային կառույցներից է Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին (1868-87)։ Ժողովրդական ճարտ-յան ուշագրավ օրինակներ են Շուշիի XVIII-XIX դդ-ի բնակելի տները։ Հայկական դաս. ճարտ-յան ձևերով են լուծված Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի (ճարտ.՝ Ա. Շիրինյան), Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկ. թատրոնի (ճարտ-ներ՝ Ի. Վրդանեսով, Ա. Շիրինյան), Մարտունի քաղաքի և Ճարտար գյուղի մշակույթի պալատների (երկուսն էլ՝ ճարտ.՝ Գևորգ Թամանյան) շենքերը։

1995-ից հետո Արցախում հիմնականում կատարվել են պատերազմից տուժած բնակավայրերի (Շուշի, Մարտակերտ, Ասկերան, Բերդաձոր, Քարին տակ, Խրամորդ և այլն) վերականգնման աշխաանքներ։ Կառուցվել են բնակելի և հասարակական շենքեր. Ստեփանակերտում՝ «Արմենիա» հյուրանոցը (2005), ԼՂՀ Ազգային ժողովի (2008) և Կառավարության (2010, շենքերը, երեքն էլ՝ ճարտ.՝ Համլետ Խաչատրյան), ԼՂՀ քաղաքաշինության նախարարության վարչական շենքը (2008, ճարտ.՝ Մամիկոն Ֆարսյան), «Սոֆիա» առևտրահյուրանոցային կենտրոնը (2009, ճարտ.՝ Նվեր Միքայելյան), Առևտր. կենտրոնի համալիրը (2010) և օդանավակայանը (2011, երկուսն էլ՝ ճարտ.՝ Տիգրան Բարսեղյան), № 6 դպրոցի շենքը (2011, ճարտ.՝ Վլադիկ Սարգսյան), «Արցախ» բնակելի թաղամասը (2011), կառուցվում են հիվանդանոց, ծննդատուն, դատախազության վարչական շենքը, Շուշիում՝ մշակույթի պալատ, ԼՂՀ մշակույթի նախարարության շենքը և այլն։

Գրկ. Բարխուդարյան Մ., Արցախ, Բաքու, 1895։ Ոսկյան Հ., Արցախի վանքերը, Վնն., 1953։ Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, Ե., 1982։ Հասրաթյան Մ., Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստան, ԳԱ, Ե., 1992։ Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Ե., 1992։ Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Ե., 1999։ Արապան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ., Հայ արվեստի պատմություն, Ե., 2009։ Charabagh, Milano, 1988 (Documenti di architettura Armena, № 19); Cuneo P., Architettura Armena dal quarto al dicionnavesimo secolo, t. 1, Roma, 1988.