Այս էջը հաստատված է
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

ԼՂՀ տարածքում պահպանվել են նախնադարյան բնակավայրեր, հայտնաբերվել քարե գործիքներ, ուրարտ. և հայկական վաղ շրջանի պաշտամունքային արձանիկներ, խոյակներ, կենցաղային առարկաներ, դրամներ։ Հնավայրերից պեղված կիսաթանկարժեք քարերից պատրաստված մանյակները, բրոնզե նետագլխիկները, երկաթե դաշույնները, ոսկե ուլունքները, դրոշմազարդ կարասները, կենդանիների ու թռչունների ոճավորված պատկերներով զարդարված սև, փայլուն կավանոթները վկայում են կիրառ. արվ-ի բարձր մակարդակը։

Միջին դարերում մեծ վարպետության է հասել քարի զարդաքանդակումը (հայտնի քարգործ վարպետներ էին Ղազարը, Գաբրիելը, Խաչենիկը, Շահենը և Պողոսը). ԼՂՀ տարածքում պահպանվել են Դադիվանքի, Գտչավանքի և այլ բարձրարվեստ ու նրբակերտ քանդակազարդ խաչքարեր (աշխարհիկ, ռազմ․ տեսարաններ, պատվիրատուների պատկերներ), տապանաքարեր (կենցաղային, ծիսական, որսի տեսարաններ, նաև տարազ) և այլ կոթողներ։ Զարդաքանդակների հարստությամբ Գանձասարի վանքը (1216-38) երկրորդն է Աղթամարի Սբ Խաչ եկեղեցուց հետո։ Գեղարվեստական հարուստ հարդարանքով առանձնանում է նաև Դադիվանքը (1214)։

Հայ արվ-ի պատմության մեջ առանձնահատուկ են Արցախի միջնադարյան որմնանկարչության փայլուն օրինակները, որոնք պահպանվել են Դադիվանքում և Ծիծեռնավանքում։ Արցախի մանրանկարչության դպրոցի գրչատներում պատկերազարդված և ընդօրինակված ձեռագիր մատյանների բազմաթիվ տերուն. պատկերներ, ավետարանիչների դիմանկարներ, խորաններ, լուսանցազարդեր, զարդագրեր ու գլխազարդեր առանձնանում են ինքնատիպությամբ և արտահայտչականությամբ։

Արցախում մանրանկարչությունը վերելք է ապրել XIII-XV դդ-ում։ Արցախի վանքերում մեծ թվով ձեռագրեր են հավաքվել Հայաստանի տարբեր իշխան․ կամ վանական հավաքածուներից («Կարմիր Ավետարան», 909, «Բեգյունց Ավետարան», XI դ., Հռոմկլայի 1166-ի Ավետարան, «Հաղպատի Ավետարան», 1211, և այլն)։ 1224-61-ին Արցախում ստեղծված մի քանի Ավետարաններ («Վանենու Ավետարան», ձեռ. № 4823, Վախթանգ Տանգիկի և նրա տիկին Խորիշահի Ավետարանը, ձեռ. № 378, երկուսն էլ՝ Մատենադարան և այլն) առանձնանում են լավ մշակված մագաղաթով, մանրանկարների գծային հիերոգլիֆային ոճով, ոսկու և գույների նրբությամբ, հորինվածքային եզակի մեկնաբանություններով. այստեղ ձևավորվել է ավետարան․ պատկերաշարի նոր՝ սակավ հանդիպող տարբերակ։

Արցախը հնագույն ժամանակներից հայտնի է իր ավանդ․ տարազով (հատկապես՝ կանանց), գորգերով, կարպետներով, խուրջիններով, արծաթե ու պղնձե կերտվածքներով և այլն։ Այդ մասին հիշատակում է նաև VII դ-ի պատմագիր Մովսես Կաղանկատվացին իր «Պատմութիւն Աղուանից աշխարհի» (հրտ.՝ 1860) երկում։ Հայկական գորգի պատմության մեջ առանձին խումբ են կազմում արցախյան գորգերը, որոնց հատուկ են ատամնաձև եզրերով խաչաձև ու շեղանկյուն մեծ զարդանախշերը, որոնք հաճախ լրացվել են կենդանիների և երկրաչափ. պատկերներով։ XVII-XIX դդ-ում գերակշռել են «արծվագորգերը» (ստեղծվել են «վիշապագորգերի» հենքի վրա)։ Վիշապագորգի ընտիր նմուշներից մեկը պահվում է Մյունխենի ազգագր. թանգարանում։ Հայտնի են նաև «օձագորգերը», որոնց վրա աշխարհի ծագման և հավերժության թեմաներով պատկերներ են։

Ղարաբաղը Ռուսաստանին միանալուց (1813) հետո, սոցիալ-տնտեսական վերելքին համընթաց,