Այս էջը հաստատված է

Հովհաննես Իոաննիսյանը։ Երաժշտ-արվ-ի զարգացմանը նպաստել են նաև արցախցի դիրիժորներ Նիկոլայ Թեյմուրազյանը (հիմնել է փողային նվագախումբ). Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, կոմպոզիտորներ Ալեքսանդր Ալեքսանդրյանը, Դանիել Ղազարյանը, Եղիշե Բաղդասարյանը (Շուշիում կազմակերպել է ժող. գործիքների նվագախումբ՝ հայ անվանի երաժիշտներից), Անդրեյ Բաբաևը, Մ. Չաղալյանը, Ալեքսեյ Հեքիմյանը։ Ռոմանոս Մելիքյանը և Ա. Քոչարյանը Ստեփանակերտում հիմնել են «Հայ երաժշտանոց» երաժշտ. տեխնիկումը (1925-27)։

1920-30-ին ստեղծվել են բազմաթիվ ինքնագործ գեղ. կոլեկտիվներ։ 1925-ին քամանչահար Արսեն Սաղյանը Մարտունիի շրջկենտրոնի մշակույթի տանը կազմակերպել է երգի-պարի գեղ. ինքնագործ խումբ (գյուղ, բնակավայրերի երաժիշտներից), համերգներով ելույթներ է ունեցել մարզի բնակավարերում, նկատելի հաջողությունների հասել մարզային և հանրապետ. մրցույթներում, ժող. երաժշտարվ-ի փառատոներում։ Շուշիում է ծնվել անվանի պարուհի-երգչուհի, աշխարհի ժողովուրդների պարերգերի լավագույն կատարող Արև Բաղդասարյանը։ 1958-ից ԼՂ-ում ճանաչված է նաև երգչուհի Նաիրուհի Ալավերդյանը։

1937-ից Արցախում գործում է Կոմիտասի անվ. երաժշտ. դպրոցը, 1961-ից՝ Սայաթ-Նովայի անվ. երաժշտ. ուսումնարանը, 1980-ից՝ արվ-ի դպրոցը, 1989-ից՝ Հայֆիլհարմոնիայի բաժանմունքը, 2001-ից՝ պարարվ-ի ուսումնարանը, նաև ԼՂՀ երգի-պարի պետ. (1958, հիմնադիր՝ կոմպոզիտոր Տ. Ավետիսյան), «Արփի» մանկապատանեկան պետ. (1992, նախկինում՝ «Արցախի բալիկներ»), «Ղարաբաղ» պետ. էստրադային (1997) անսամբլները, Արցախի պետ. (1990, նախկինում՝ «Վարարակն»), «Վարանդա» մանկապատանեկան պետական (1992), «Մռակած» պետ կամերային (1999) երգչախմբերը, Արցախի պետ. կամերային (1999), Ջազային (2006) նվագախմբերը։

ԼՂՀ բոլոր շրջաններում գործում են ժող. գործիքների անսամբլներ, երաժշտ. (6՝ իրենց մասնաճյուղերով) և արվ-ի (6) դպրոցներ։

Արցախի երաժշտ. կյանքն աշխուժացնում են երաժշտ. ու երաժշտաթատեր. հանդիսությունները, բացօթյա ներկայացումները (լարախաղացների, կենդանավարժների ելույթները ևն), փառատոները և տոնախմբությունները։

Գրկ. Մարկոսյան Ս., Արցախի ժողովրդական երաժիշտներ, Ե., 2004։

ԹԱՏՐՈՆ

ԼՂՀ տարածքում թատերարվ-ն սկզբնավորվել է հնագույն ժամանակներից, եղել է հայ թատրոնի անբաժան մասը։ Նոր թատրոնի հիմքը դրվել է 1865-ին, երբ Թիֆլիսից ժամանած դերասաններ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամերիկյանը և Սեդրակ Մանդինյանը Շուշիում տեղի թատերասերների հետ բեմադրել են Սրապիոն Հեքիմյանի «Սամել», Հակոբ Կարենյանի «Վարդան Մամիկոնյան» պատմահայրենասիր. պիեսները և «Շկոլի վարժապետ» (փոխ.՝ Միքայել Պատկանյանի) վոդևիլը։ Տեղի սիրող. խումբը 1868-ից ներկայացումներ է խաղացել Համբարձում Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում. բեմադրվել են Միքայել Գրիգորյանի «Վույ քի իմ վեչեր», Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», «էլի մեկ զոհ», «Խաթաբալա», Վասակ Մադաթյանի «Կըռթ-կըռթ», Խորեն Գալֆայանի «Արշակ Երկրորդ», Ժան Մոլիերի «Բռնի ամուսնություն» և այլ պիեսներ։ Դպրոց. ներկայացումներ է կազմակերպել Խորեն եպս. Ստեփանեն։ Պիեսներ են գրել տեղի դրամատուրգներ Տիգրան Նազարյանը, Մ. Կոլմանյանը և ուր. ։ Բեմադրվել են Խ. Աբովյանի «Պարապ վախտի խաղալիքը», Խ. եպս. Ստեփանեի «Լևոն Ա» և այլ գործեր։ 1882-ին Պետրոս Ադամյանը և Զաբելը տեղի թատերասերների հետ ներկայացրել են Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» և Վիլյամ Շեքսպիրի «Համլետը»։

Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով Սբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու մոտ 1891-ին կառուցվել է թատրոնի շենք («Խանդամիրյան թատրոն»), որը բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով։ Թատրոնի մշտ. խմբի հետ հյուրախաղերով