Այս էջը հաստատված է

քաղաքի տեղանքն ընտրել և հատակագիծը կազմել է Կարթագենի զորավար Հանիբալը, որն առժամանակ ապաստանել էր Հայոց թագավորի արքունիքում։ Նկատի ունենալով քաղաքի անառիկ դիրքը՝ հունա-հռոմ. պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»։ Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները։

Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստ. մշակույթի կարևոր կենտրոններից էր։ Արտաշեսը կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և, ի պատիվ հոր՝ Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք։

Արտաշես Ա-ի որդիների՝ Արտավազդ Ա-ի (մ. թ. ա. մոտ 160-115) և Տիրան-Տիգրան Ա-ի (մ. թ. ա. մոտ 115-95) թագավորության տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Անհաջողություն կրելով Պարթևստանի Միհրդատ II արքայի դեմ պատերազմում (մ. թ. ա. 113-112)՝ անժառանգ Արտավազդ Ա-ն հարկադրված իր եղբորորդուն՝ արքայազն Տիգրանին, պատանդ է տվել պարթևներին։ Հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո, պարթևներին զիջելով Մեծ Հայքի հվ-արլ. երկրամասը («70 հովիտներ»), 45-ամյա Տիգրանն ազատվել է պատանդությունից և ժառանգել հայրենի գահը (Տիգրան Բ Մեծ, մ. թ. ա. 95-55)։

Գահակալության 2-րդ տարում Մեծ Հայքի թագավորությանն է վերամիավորել Ծոփքը և դուրս եկել Արմ. Եփրատի ափերը։ Մ. թ. ա. 94-ին, հռոմ. և պարթև տերությունների առաջխաղացման պայմաններում, նա ռազմաքաղաքական դաշինք է կնքել Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորի հետ՝ կնության առնելով նրա դուստր Կլեոպատրային։ Հավատարիմ մնալով դաշնագրին՝ Հայոց արքան պայքարել է Կապադովկիայում հռոմ. տիրապետության հաստատման դեմ։ Սակայն Հռոմի հետ Պարթևստանի դաշնակցությունը և վերջինիս սպառնալից դիրքը հարկադրել են Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը։ Թիկունքը հս-ից ապահովելու համար մ. թ. ա. 91-86-ին նա իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի։

Մ. թ. ա. 87-85-ին հաղթել է հայ-պարթև. պատերազմում, վերադարձրել «70 հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, թագավորանիստ էկբատան քաղաքը, ապա՝ Հս. Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն։ Մ. թ. ա. 85-ի պայմանագրով՝ Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները կորցրել են արքայից արքա տիտղոսը, որն այդուհետ կրել են Տիգրանն ու նրա հաջորդները։

Մ. թ. ա. 83-ին Ասորիքի հելլենիստ. քաղաքների վերնախավը Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին, որտեղ նա խաղաղությամբ իշխել է 17 տարի։ Նույն ժամանակաշրջանում գրավել է նաև Կոմմագենեն, Դաշտային Կիլիկիան և Փյունիկիան։ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը (Հուդա), Կարմիր ծովի ափի արաբ, ցեղերը, Նաբաթեացիների թագավորությունը (արաբ, պետություն) և մի քանի այլ երկրներ ու ժողովուրդներ։ Մ. թ. ա. 71-ին հայկական բանակը դժվարությամբ գրավել է Եգիպտոսին սահմանակից Պտղոմայիս ծովափնյա քաղաքը։ Գերվել է սելևկյան Սելենե թագուհին և հետագայում մահապատժի ենթարկվել։

Հայկ. աշխարհակալության համար կառավարման ընդհանուր կենտրոն ստեղծելու համար Տիգրանը մ. թ. ա. 80-70-ական թթ-ին Աղձնիք նահանգում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին, կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը, որի վիթխարի պարիսպների (բարձրություն՝ 25 մ) մեծության ու շքեղության մասին վկայում են անտիկ հեղինակներ Ապպիանոսը և Պլուտարքոսը։ Տիգրան Մեծն իր անունով քաղաքներ է կառուցել նաև Արցախում և Ուտիքում, Գողթն գավառում (Տիգրանավան), ինչպես նաև Մարաստանում (Տիգրանա), Ամանոսում (Տիգրանուկոմե)։ Մ. թ. ա. 80-70-ական թթ-ին Տիգրան Բ-ն վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթև. դաշինքներ է կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբ. պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակրաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան։ Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր