Այս էջը հաստատված է

1-1.3. ՀՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ

ՀՀ բարձրագույն պետական՝ Հայաստանի Ազգ․ հերոսի կոչումը շնորհվում է ՀՀ քաղաքացիներին՝ երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում ՀՀ-ին մատուցած համազգ․ նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։

Բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է «Հայրենիք» շքանշանը։ Շնորհվում է ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ԱԺ-ի նախագահության և ՀՀ Կառավարության միջնորդությամբ։

Գիտության, կրթության, մշակույթի, գրակ-յան, լրագրության, առողջապահ-յան, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տնտեսության բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար սահմանվել են ՀՀ գիտության վաստ. գործիչ, ՀՀ վաստ. մանկավարժ, ՀՀ վաստ. արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստ. նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվ-ի վաստ. գործիչ, ՀՀ մշակույթի վաստ. գործիչ, ՀՀ վաստ. ճարտարապետ, ՀՀ վաստ. լրագրող, ՀՀ վաստ. բժիշկ, ՀՀ տնտեսության վաստ. աշխատող, ՀՀ վաստ. իրավաբան, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստ. գործիչ, ՀՀ վաստ. կոլեկտիվ պատվավոր կոչումները։

Պատվավոր կոչումների արժանացած անձանց շնորհվում է Կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող շնորհագիր ու կրծքանշան։ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգն ու չափը սահմանում է Կառավարությունը։

Պետական պարգևների ներկայացնում է Կառավարությունը՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործ․ միությունների առաջարկությունները։ Անձնական նախաձեռնությամբ պետական պարգևներ կարող է շնորհել Հանրապետության նախագահը։

Պետական պարգևները հանձնում է երկրի նախագահը՝ հանդիսավոր արարողության և հրապարակայնության պայմաններում։ Այդ մասին հրապարակվում է նախագահի հրամանագիրը։ Պետական պարգևները շնորհվում են ցմահ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Պետական պարգևները, պարգևատրման կարգը և պարգևները կրելու կանոնները սահմանվել են «ՀՀ պետական պարգևների մասին» (1994), «ՀՀ պատվավոր կոչումների մասին» (2001) ՀՀ օրենքներով։ ԼՂՀ պատվավոր կոչումներ շնորհելու կարգը նույնն է, ինչ Հայաստանում, և սահմանվում է «ԼՂՀ պետական պարգևների մասին» (1996) օրենքով։

1-1.4. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ

Հայ առաքելական եկեղեցին սահմանել է պատվո բարձրագույն «Սբ Գրիգոր Լուսավորիչ» և պատվո բարձր «Սբ Սահակ-Սբ Մեսրոպ» ու «Սբ Ներսես Շնորհալի» շքանշանները։

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը հաստատվել է 1919-ին՝ Տ. Տ. Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Շնորհվում է Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ հանուն Հայաստանյայց առաքելական Սբ եկեղեցու և Մայր աթոռ Սբ Էջմիածնի՝ ի նշանավորումն մեծ բարերարությունների, որոնք մատուցվում են Հայոց եկեղեցուն, հայ ժողովրդին և Հայաստան աշխարհին։

Շքանշանը պատրաստվում է ոսկուց և զարդարվում փոքրիկ ադամանդներով (50 x 40 մմ)։ Աջ և ձախ կողմերից երիզված է դափնու և կաղնու ճյուղերով, որոնց մեջ՝ վերին հատվածում, Ամենայն հայոց կաթողիկոսի խորհրդանշանն է՝ խույրով, խաչ-գավազանով, հովվական (եպիսկոպոսական) գավազանով, կոնքեռով և եմիփորոնով (ծայրերին գրվում են ժամանակի հայրապետի անվան սկզբնատառերը՝ «Գ» և «Բ», իմա՝ Գարեգին Բ։ Իսկ ներքին հատվածի կենտրոնական մասում Սբ Էջմիածնի Մայր տաճարն է՝ Արարատ լեռան համապատկերին՝ «Ս. Էջմիածին» մակագրությամբ։

«Սբ Սահակ-Սբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը հաստատվել է 1978-ին՝ Տ. Տ. Վազգեն Ա Պալճյան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Շնորհվում է Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ հանուն Հայաստանյայց առաքելական Սբ եկեղեցու և Մայր աթոռ Սբ Էջմիածնի՝ գիտության, կրթության, գրականության, մշակույթի և արվեստի տարբեր բնագավառներում մատուցված նշանակալի ծառայությունների համար։

Շքանշանը (50 x 42 մմ) պատրաստվում է արծաթից և ոսկեջրվում։ Բոլորաձև զարդագոտին ավարտվում է մի երիզով, որի վրա գրված է «Սբ Սահակ-Սբ Մեսրոպ»։ Շքանշանի աջ և ձախ կողմերում դիմահայաց կանգնած են Սբ Սահակ և Պարթև հայոց կաթողիկոսը և Սբ Մեսրոպ Մաշտոցը՝ 2 ձեռքերով բռնած Սբ Գիրքը, որի բացված էջերին պատկերված են հայկական այբուբենի «Այբ» և «Բեն» տառերը։ Ներքին հատվածի կենտրոնական մասում Սբ Էջմիածնի Մայր տաճարն է՝ Արարատ լեռան համապատկերին։

«Սբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը հաստատվել է 1978-ին՝ Տ. Տ. Վազգեն Ա Պալճյան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Շնորհվում է Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով՝ հանուն Հայաստանյայց առաքելական Սբ եկեղեցու և Մայր աթոռ Սբ Էջմիածնի՝ գնահատումն բազմամյա բեղմնավոր աշխատանքի, որ կատարվում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի, նվիրապետական աթոռների, ՀՀ-ում և Սփյուռքում գործող Հայաստանյայց եկեղեցիների և եկեղեցական կազմակերպությունների պայծառացման համար։

Շքանշանը (50 x 40 մմ) պատրաստվում է արծաթից և ոսկեջրվում է։ Կենտրոնում Սբ Էջմիածնի Մայր տաճարն է՝ Արարատ լեռան համապատկերին։ Աջ և ձախ կողմերից երիզված է ոլորված բուսազարդ գոտիով, որի վերին մասում աղավնակերպ և լուսաճառագաթարձակ Սբ Հոգին է, իսկ ներքևում՝ գլուխները հետ շրջած 2 արծիվ։ Զարդագոտին ավարտվում է ժապավենով, որի վրա գրված է՝ «Ս. Ներսէս Շորհալի»։

ՀԱՎԵԼՎԱԾ 1-2. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ

1-2.1. ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ Լևոն Հակոբի (ծ. 9.01.1945, Հալեպ (Սիրիա)], ՀՀ առաջին (1991-98), ՀՀ ԳԽ (1990-91), ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի (1990-95) նախագահը։ Ընտանիքը հայրենադարձել է 1946-ին։ Ասորագետ-աղբյուրագետ։ Բանասիր. գիտական դ-ր (1987)։ Ավարտել է ԵՊՀ բանասիր. ֆակ-ը (1968)։ 1978-ից աշխատել է Մատենադարանում։ 1988-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և 6 ամիս կալանքի տակ պահվել Մոսկվայի «Բուտիրյան» բանտում։ «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի հիմնադիր-անդամ, ՀՀՇ վարչության նախագահ (1989-90)։ Նախագահի պաշտոնում վերընտրվել է 1996-ին, որի արդյունքներն ընդդիմությունը չի ընդունել։

Տեր-Պետրոսյանը պետական անկախությունը համարել է ազգի գոյության գերագույն նպատակ, անկախության իրականացման միջոցը՝ սեփ. ուժերին համապատասխանող իրատես․ քաղաքականությունը։ Նրա օրոք երկիրը հայտնվել է ծանր սոցիալ-տնտեսական և էներգետիկ․ ճգնաժամի մեջ, 1994-ին արգելվել է ՀՅԴ գործունեությունը։