1-2.5. ՀԿԿ ԿԿ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐ
ԿԱՍՅԱՆ (Տեր-Գասպարյան) Սարգիս Հովհաննեսի [16(28).01.1876, Շուշի-1937], Հայաստանի հեղկոմի նախագահ՝ 1920 նոյեմբ-ից, ԱԽՖՍՀ և ՀԽՍՀ ԿԳԿ-ների նախագահ (1927-31)։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1905-ից։ Ավարտել է Լայպցիգի առևտր. ինստ-ը (1902) և Բեռլինի համալսարանի փիլ-յան ֆակ-ը (1904)։ 1903-04-ին հարել է Հնչակյան կուս-յան ձախ թևին։ 1905-06-ին մասնակցել է Բաքվի և Թիֆլիսի բոլշևիկյան հայկական թերթերի խմբագրման ու հրատարակման աշխատանքներին։ 1914-17-ին եղել է Աստրախանի և Վոլոգդայի աքսորավայրերում։ 1917-20-ին՝ ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրկոմի անդամ (1919-20-ին՝ քարտուղար)։ Մասնակցել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների սեպտեմբերյան ընդհատակյա խորհրդակցությանը (1919) և առաջին ընդհատակյա համաժողովին (1920-ի հունվ.), ընտրվել Արմենկոմի նախագահ։ 1921-ին մասնակցել է Կոմինտերնի III կոնգրեսին։ 1924-27-ին՝ Անդրկովկասյան կոմունիստական համալսարանի ռեկտոր, 1931-34-ին՝ ԱԽՖՍՀ Գերագույն դատարանի նախագահ։
ԱԼԻԽԱՆՅԱՆ Գևորգ Սարգսի (1897, Թիֆլիս-1937), ՀԿ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղար՝ 1920-21-ին։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1917-ից։ 1918-20-ին կուսակցական աշխատանք է կատարել Թիֆլիսում և Բաքվում, 1921-31-ին՝ Մոսկվայի Բաումանի, ապա՝ Լենինգրադի կուսշրջկոմներում։ 1931-37-ին աշխատել է Կոմինտերնի գործկոմում։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։
ԼՈՒԿԱՇԻՆ (Սրապիոնյան) Սարգիս Լուկաշի, ՀԿ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղար՝ 1922-25-ին։ Տես Հավելված 1-3.3։
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Աշոտ Գարեգինի (17.06.1887, Շուշի-30.06.1972, Երևան), ՀԿ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղար՝ 1921-27-ին։ ՀԽՍՀ առաջին լուսժողկոմը (1920-21)։ Պատմաբան, ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1960)։ Սովորել է Ենայի, Հալեի, Մյունխենի (Գերմանիա) համալսարաններում։ 1920-ին Բորիս Լեգրանի առաքելության կազմում մասնակցել է ՀՀ (1918-20) Կառավարության հետ բանակցություններին։ 1921-26-ին դասախոսել է ԵՊՀ-ում։ 1937-ին անհիմն բռնադատվել է, 1943-ին բանտից ազատվել է, արդարացվել 1954-ին, աշխատել ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստ-ում։ Աշխատությունները վերաբերում են հայ ազատագր. մտքի, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը [«Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (հ. 1-2, 1957-59), «Նալբանդյանը և նրա ժամանակը» (հ. 1-2, 1955-56)]։ Եղել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի գլխավոր խմբագիրը և հեղինակներից (հ. IV, V, VI), խմբագրել է «Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դ. առաջին երեսնամյակին» փաստաթղթերի ժող-ը (ռուս․, 1964)։ ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985, հետմահու)։
ՀՈՎՍԵՓՅԱՆ Հայկ Ալեքսանդրի [19.01.1891, գ. Բաշկադքլար (Կարսի մարզ)-1937], ՀԿ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղար՝ 1927-28-ին։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1913-ից։ Ավարտել է Մոսվկվայի Լազարյան ճեմարանը (1911), սովորել ՄՊՀ բժշկ. ֆակ-ում։ 1922-ին՝ Հայկական հրաձգային դիվիզիայի կոմիսար քաղքաբաժնի պետ, 1925-27-ին՝ Կովկասյան բանակի քաղաքական վարչության պետի տեղակալ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։
ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայկազ Արշակի (1897, Թիֆլիս-1938), ՀԿ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղար՝ 1928-30-ին։ ՌՍԴԲ(բ)Կ անդամ՝ 1916-ից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սովորել Սարատովի համալսարանի բժշկ. ֆակ-ում։ 1923-25-ին աշխատել է Վրաստանի կոմկուսի ԿԿ-ում, 1925-28-ին՝ Պրոֆինտերնի (Մոսկվա) կազմբաժնի վարիչ, ապա՝ պատասխանատու քարտուղար։ Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետմահու արդարացվել։
ԽԱՆՋՅԱՆ Աղասի Ղևոնդի (30.01.1901, Վան-09.07.1936, Թբիլիսի, թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում), ՀԿ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղար՝ 1930-36-ին։ ՌՍԴԲ(բ)Կ անդամ՝ 1917-ից։ 1920-ի օգոստոսին ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա բանտարկության։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1920-ի դեկտ-ին ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի քաղկոմի քարտուղար։ 1922-28-ին աշխատել է Լենինգրադում (այժմ՝ Ս. Պետերբուրգ)։ 1928-ին ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ երկրորդ քարտուղար։ Անդրերկրկոմի բյուրոյի, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ ԿԳ-ների և ՀամԿ(բ)Կ ԿՎՀ անդամ։ Զգալի ներդրում ունի Հայաստանի ժողտնտեսության, կրթության և մշակույթի զարգացման, հայրենադարձության կազմակերպման, ինչպես նաև սփյոտքահայութան հետ Հայաստանի կապերի ամրապնդման գործում։
Սպանվել է Թիֆլիսում՝ ամենայն հավանականությամբ Լավրենտի Բերիայի ձեռքով։
ԱՄԱՏՈՒՆԻ (Վարդապետյան) Ամատունի Սիմոնի [1900, Ելիզավետպոլ (այժմ՝ Գյանջա)-28.07.1938], ՀԿ(բ)Կ ԿԿ առաջին քարտուղար՝ 1936-37-ին։ ՌՍԴԲ(բ)Կ անդամ՝ 1916-ից։ Սովորել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստ-ում (1926-28)։ 1928-30-ին եղել է ՀԿ(բ)Կ ԿԿ բաժնի վարիչ, Երևանի գավկոմիտեի, ապա՝ ՀԿ(բ)Կ ԿԿ քարտուղար։ Բռնադատվել է, գնդակահարվել, հետմահու (1988) արդարացվել։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Հարությունով) Գրիգոր Արտեմի [7.11.1900, ք. Թելավ (Վրաստան)-9.11.1957, Թբիլիսի], ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար՝ 1937-53-ին (1938-ից՝ նաև ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար)։ ՌՍԴԲ(բ)Կ անդամ՝ 1919-ից։ Հայրեն, մեծ պատերազմի (1941-45) տարիներին եղել է Այսրկովկասյան ռազմաճակատի ռազմ․ խորհրդի անդամ, ղեկավարել հայկ. ազգային զորամիավորումների կազմավորման գործը, հանրապետության տնտեսությունը պատերազմի պահանջներին համապատասխանեցնելու ընթացքը։ Հետպատերազմյան տարիներին եռանդուն աշխատանք է ծավալել Հայաստանի ժողտնտեսության շին-յան, մշակույթի զարգացման ուղղությամբ։ 1946-47-ին մեծ հայրենադարձության ժամանակ փորձել է լուծել ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու հիմնահարցը՝ ԽՍՀՄ ղեկավարությանը հասցեագրված դիմումում այն պատճառաբանելով հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ։ 1949-ին նամակով դիմել է Ի. Ստալինին՝ հայ ժողովրդի նկատմամբ ԽՍՀՄ ՆԳ մարմինների կողմից պատրաստվող հրեշավոր սադրանքը՝ «անբարեհույս» ընտանիքների արտաքսումն Ալթայի երկրամաս, կանխելու նպատակով։ 1953-ին՝ պաշտոնից ազատվելուց հետո, տեղափոխվել է Թբիլիսի։
ԽՍՀՄ (1937-54) և ՀԽՍՀ (1938-55) ԳԽ-ների պատգամավոր։
ԹՈՎՄԱՍՅԱՆ Սուրեն Հակոբի [20.12.1909 (2.01.1910), գ. Շինուհայր (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)-10.02.1980, Երևան], ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար՝ 1953-60-ին։ ՀամԿ(բ)Կ անդամ՝ 1930-ից։ Ավարտել է Երևանի բանֆակը (1932), ԵՊՀ-ն (1948)։ 1933-39-ին՝ ՀԿԿ Կապանի շրջկոմի առաջին քարտուղար, ապա՝ ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմի առաջին տեղակալ։ Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) տարիներին՝ դիվիզիայի քաղաքական բաժնի պետ։ 1961-64-ին՝ ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Վիետնամի Դեմոկրատ. Հանրապետությունում, 1965-70-ին՝ Լիբիայում։ ՀԽՍՀ (1951-63) և ԽՍՀՄ (1954-62) ԳԽ-ների պատգամավոր։
ԶԱՐՈԲՅԱՆ Յակով Նիկիտայի [25.09.1908, ք. Արդվին (այժմ՝ Թուրքիայում)-11.04.1980, Մոսկվա, թաղված է Երևանում], ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար՝ 1960-66-ին։ ՀամԿ(բ)Կ անդամ՝ 1932-ից։ Ավարտել է Խարկովի էլեկտրատեխ. ինստ-ի մեքենաշինության ֆակ-ը (1938), ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1939-49-ին աշխատել է Ուկրաինայում և Օմսկի (Ռուսաստան) մարզում։ 1953-58- ին՝ ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար, 1958-60-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1966-80-ին՝ ԽՍՀՄ էլեկտրատեխ. արդ-յան նախարարի տեղակալ։ ՀԽՍՀ (1951-67), ԽՍՀՄ (1954-66) ԳԽ-ների պատգամավոր։
Զարոբյանի օրոք առաջին անգամ 1965-ին հանրապետությունում հրապարակայնորեն հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը, Երևանում ձեռնարկվել են Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի կառուցումը, Հայկական սովետ․ հանրագիտարանի հրատարակումը։