Այս էջը հաստատված է

1-3.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐ

ՔԱՋԱԶՆՈՒՆԻ [պապի՝ Իգիթխանյան ազգանվան թարգմանությամբ (իսկական ազգանունը՝ Տեր-Հովհաննիսյանց)] Հովհաննես (Ռուբեն) Մաթևոսի [1. 02. 1868, ք. Ախալքալաք-10. 01. 1938, Երևան (սպանվել է ՆԺԿ-ի բանտում)], Հայաստանի առաջին հանրապետության 1-ին վարչապետը՝ 1918-ի հուլիս-1919-ի մայիսին։ ՀՅԴ կուս-յան անդամ։ Ավարտել է Ս. Պետերբուրգի քաղաքաց. ճարտարագետների ինստ-ը (1893)։ Բաքվում նրա նախագծերով և ղեկավարությամբ կառուցվել են բնակելի տներ, հիվանդանոց, Թիֆլիսում՝ թեյարան և այլն։ 1911-ին Վասպուրականում զբաղվել է հեղափոխական գործունեությամբ։ 1914-ին վերադարձել է Այսրկովկաս։ 1917-ին ընտրվել է ՀԱԽ-ի անդամ։ 1917-ի վերջին-1918-ի սկզբին եղել է ՀՅԴ ներկայացուցիչը Անդրկովկասի Սեյմում, ԱՖԴՀ-ի խնամատարության նախարար (1918-ի ապրիլ-մայիս)։ Մասնակցել է Տրապիզոնի (1918-ի մարտ-ապրիլ) և Բաթումի (մայիս-հունիս) հայ-թուրք. հաշտության բանակցություններին. Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Բաբաջանյանի հետ ստորագրել է Բաթումի պայմանագիրը։ 1918-ի մայիսին Թիֆլիսի ՀԱԽ-ում հասել է Հայաստանի անկախությունը հռչակելու որոշմանը և խորհրդի կողմից միաձայն նշանակվել վարչապետ։ 1919-ի փետր-ին մեկնել է Եվրոպա և ԱՄՆ՝ Հայաստանին օգնություն կազմակերպելու առաքելութամբ, բերել 1.300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հացահատիկ և պահածո, որով մասամբ լուծվել է երկրի պարենավորման հարցը։ 1920-ին մասնակցել է Փարիզի հաշտության խորհրդաժողովին։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո ձերբակալվել է, ազատվել է 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ։ 1921-24-ին ապրել է Բուխարեստում։ 1923-ի օգոստ-ին դուրս է եկել ՀՅԴ կուս-ից, հրատարակել է «Հ. 3. Դաշնակցութինն անելիք չունի այլեա» գրքույկը (1923)։ 1925-ից Խորհրդային Հայաստանի կառավարության թույլտվությամբ ապրել է Երևանում, դասախոսել ԵՊՀ տեխ. ֆակ-ում, ապա՝ նորաբաց Շին. ինստ-ում (ստացել է պրոֆ-ի կոչում), 1927-31-ին՝ ՀԽՍՀ Պետպլանին կից Շին-տեխ. կոմիտեի փոխնախագահ։ Գրել է «Հարյուր տասը օր Եվրոպայում» գիրքը, ճարտ-յանը, արվ-ին, գրակ-յանը նվիրված հոդվածներ, հուշագրություններ, պատմվածքներ և այլն։

ԽԱՏԻՍՅԱՆ Ալեքսանդր Հովհաննեսի (Իվանի, 17.02.1876, Թիֆլիս-10.03.1945, Փարիզ), Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ՝ 1919-ի մայիս-1920-ի մայիսին։ 1919-ի փետր. 15-ից՝ վարչապետի պաշտոնակատար։ Արտաքին գործերի նախարար (1918-ի նոյեմբ-1919-ի հուլիս)։ Խատիսյանի կառավարության օրոք բացվել է Հայաստանի 1-ին համալսարանը, ընդունվել՝ Միացյալ, Անկախ Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ։ Բժշկ. կրթություն է ստացել Մոսկվայի և Խարկովի համալսարաններում։ ՀՅԴ կուս-յան անդամ։ 1909-17-ին՝ Թիֆլիսի քաղաքագլուխ, 1914-ին՝ նաև Կովկասյան քաղաքների միության նախագահ, 1915-17-ին՝ ՀԱԽ-ի փոխնախագահ, 1917-18-ին՝ ՀԱԽ-ի անդամ։ 1917-ին ընտրվել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքագլուխ։ 1918-ին՝ ԱԴՖՀ ֆինանսների նախարար։ Մասնակցել է Թուրքիայի հետ Տրապիզոնի և Բաթումի հաշտության բանակցություններին, Հայաստանի անկախության հռչակմանը։ Խատիսյանի օրոք կազմակերպվել են հանրապետության խորհրդարանի 1-ին ընտրությունները, և ընտրված խորհրդարանը կազմել է կառավարություն՝ նրա գլխավորությամբ։ 1920-ի դեկտ. 2-ին ՀՀ Կառավարության անունից ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ վտարանդի, ապրել է Փարիզում։ Լոզանի վեհաժողովում (1922-23) եղել է ազգային պատվիրակության անդամ։ Գրել է «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» (1930) հուշագրությունը։

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ Համո (Համազասպ) Հովհաննեսի (10.02.1874, Ախալքալաք-1947, Կահիրե), Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ՝ 1920-ի մայիս-նոյեմբ-ին, ԱԳ նախարար (Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունում)։ Կառավարությունը կազմել է ՀՅԴ բյուրոն, կոչվել է նաև բյուրո-կառավարություև։ Այդ շրջանում, Սիմոն Վրացյանի բնորոշմամբ, Հայաստանը հայտնվել էր «բոլշևիկյան մուրճի և քեմալական սալի միջև»։ Ապստամբների դեմ ուժ է կիրառվել, ճնշվել է բոլշևիկների մայիսյան ապստամբությունը։ Ընդունվել են ՀՀ զինանշանը, Հայաստանի քաղաքաց. օրենքը։ ՀՅԴ կուս-յան անդամ։ Ավարտել է Լոզանի բժշկ. ինստ-ը (1899)։ 1905-ի ռուս, հեղափոխության ժամանակ պաշտպանել է ՀՅԴ գործունեության «կովկասյան նախագիծը», որը նախատեսում էր հեղափոխական գործունեություն նաև ցար. կառավարության դեմ։ 1908-ին ձերբակալվել է, աքսորվել Սիբիր (1913-15, Իրկուտսկի մարզ)։ Ներումով վերադարձել է Թիֆլիս և որպես բժիշկ գործել է Կովկասյան ռազմաճակատում։

Ռուսաստանում 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ Համառուսաստանյան սահմանադիր ժողովի պատգամավոր, Անդրկովկասյան կոմիսարիատի խնամատարության կոմիսար։ 1918-ին՝ Անդրկովկասի Սեյմի, ապա՝ ՀԱԽ-ի պատվիրակության անդամ՝ Փարիզի հաշտության համաժողովում։ Օհանջանյանի օրոք է կնքվել Սևրի հաշտության պայմանագիրը (10. 08. 1920), որով դե յուրե ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունը։ խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բանտարկվել է։ Ազատվել է 1921-ի Փետրվարյան ապստամբության օրերին։ Հետագայում՝ վտարանդի, ապրել է Կահիրեում (1923-ից)։ Համազգային մշակութային միության հիմնադիրներից է։

ՎՐԱՅՑԱՆ Սիմոն Ղազարի [Գռուզյան, Գրուզինյան, 1882, գ. Մեծ Սալա (այժմ՝ ՌԴ Ռոստովի մարզում)-1969, Բեյրութ], Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետը և ՆԳ նախարարը՝ 1920-ի նոյեմբ. 23-դեկտ. 2-ին։ ՀՅԴ կուս-յան անդամ։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Ս. Պետերբուրգի համալսարանում (1908-10)։ 1911-13-ին՝ «Հայրենիք» ամսագրի (Բոստոն) խմբագիր։ 1914-ին Թիֆլիսում զբաղվել է հայկական կամավոր․ գնդերի կազմավորման գործով։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ՀԱԽ-ի, ապա՝ նաև Անդրկովկասի Սեյմի անդամ։ 1912-18-ին խմբագրել է «Հորիզոն» (1908-18) թերթը։ Հայաստանի անկախության հռչակումից հետո նշանակվել է դիվանագիտական առաքելության ղեկավար Հարավային Ռուսաստանի կամավոր․ բանակում։ 1918-ին մասնակցել է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին։ 1919-ին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ 1920-ի մայիսից՝ ՀՀ գյուղատնտեսության և աշխատանքի նախարար։ 1920-ի դեկտ. 2-ին ՌԽՖՍՀ Կառավարության հետ համաձայնագրով Վրացյանի կառավարությունը հրաժարվել է իշխանությունից։ 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ ընտրվել է Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահ։ 1921-ի օգոստ-ից՝ վտարանդի, բնակվել է Փարիզում, ԱՄՆ-ում, Բեյրութում։ 1945-ին, որպես Հայ դատի հանձնախմբի նախագահ, հուշագիր է ներկայացրել ՄԱԿ-ի՝ Սան Ֆրանցիսկոտւմ հրավիրված ժողովին։ 1951-69-ին՝ Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանի (Բեյրութ) տնօրեն։ Գրել է պատմագիտական և հուշագր. արժեքավոր աշխատություններ՝ «Հայաստանի Հանրապետություն» (1928), «Կյանքի ուղիներով» (հ. 1-6, 1955-67) և այլն։