Այս էջը հաստատված է

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ). հիմնադրվել է 1997-ին։ Հիմնադիր-նախագահ՝ Արթուր Բաղդասարյան։ 1999-ին ընտրված ԱԺ-ում ուներ 7, 2003-ին՝ 20, 2007-ին՝ 8, 2012-ին՝ 6 պատգամավոր։ Իշխող քաղաքական կոալիցիայի անդամ է (2007-ից)։ Գաղափարախոսության հիմքում մարդակենտրոն օրենսդրության ստեղծումն է, պետության զարգացման գործում օրենքի գերակայության հաստատման անհրաժեշտությունը։ 2012-ից անդամակցում է Եվրոպայի ժողովրդական կուս-յանը։

Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցություն, մինչև. 1892-ը՝ Հայ հեղափոխականների դաշնակցություն, հիմնադրվել է 1890-ին Թիֆլիսում՝ Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի, Ստեփան Զորյանի (Ռոստոմ) և ուրիշների ջանքերով։

Դավանում է ժողովրդավարության և ընկերավարության (սոցիալիզմ) գաղափարներ, սակայն կուս-յան գաղափարախոսության, ռազմավարության և գործունեության հիմն․ նպատակը Հայկական հարցի լուծումն է։ ՀՅԴ-ն XX դ-ի սկզբին ղեկավարել է ֆիդայական շարժումը, հայոց եկեղեց. գույքի բռնագրավման, հայ-թաթար. (ադրբ.) ընդհարումների, ռուս․ առաջին հեղափոխության տարիներին (1905-07)՝ հայոց պայքարը։ 1914-16-ին կազմակերպել է կամավոր․ շարժում, 1918-ի մայիսին գլխավորել հայկական պետականության վերականգնման գործընթացը։

Եղել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-20) առաջատար քաղաքական ուժը, նրա ղեկավարները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, հաջորդաբար գլխավորել են ՀՀ Կառավարությունը։ Ելնելով քաղաքական իրադրությունից (խորհրդա-քեմալ. համագործակցության պայմաններում)՝ 1920-ի դեկտ. 2-ի Երևանի համաձայնագրով հրաժարվել է իշխանությունից՝ հօգուտ բոլշևիկների։ Փետրվարյան ապստամբության պարտությունից (1921) հետո ՀՅԴ-ն իր գործունեությունը շարունակել է արտասահմանում։

1988-ին ՀՅԴ 24-րդ ընդհանուր ժողովը «Դեպի երկիր» կարգախոսով պատրաստակամություն է հայտնել կուս-յան ողջ կարողություն ի սպաս դնելու Հայաստանի բարգավաճմանը։ 1990-ին ՀՅԴ-ն բացահայտել է իր կազմակերպական ներկայությունը հանրապետությունում և 1991-ին պաշտոնապես գրանցվել։ Կազմավորվել է ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ն, 1990-ին առաջին գումարման ԳԽ-ում ձևավորվել է կուս-յան խմբակցությունը։ Արցախյան շարժման ռազմ․ բախման փուլում ՀՅԴ-ն նախաձեռնել է մարտ․ ջոկատների ձևավորման, նրանց մարզելու և զինելու գործը։

1992-ին ՀՅԴ-ի՝ ՀՀ մարտ․ կամավոր․ ջոկատների հիմքի վրա ձևավորվել է Շուշիի առանձնակի գումարտակը (հրամանատար՝ Ժիրայր Սեֆիլյան), որը մասնակցել է բազմաթիվ ծանր ու վճռորոշ մարտերի։ ՀՀ դաշնակցական ջոկատներն ի սկզբանե ձևավորվել են կուս-յան տեղի մասնաճյուղերի հիմքի վրա և գործել ՀՅԴ-ի ընդհանուր հրամանատարությամբ։ Մարտ․ գործողություններին անմիջական մասնակցությունից բացի՝ ՀՅԴ-ն մեծածավալ օգնություն է հասցրել Արցախ, արտերկրում իրականացրել և իրականացնում է քաղաքական լոբբինգային և քարոզչական աշխատանքներ՝ ի նպաստ Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծման։ ԼՂՀ-ում և ՀՀ-ում բարեգործ․ և տնտեսական ծրագրերի իրականացման նպատակով ներգրավել է բազմաթիվ բարերարների։

1994-ի դեկտ-ին «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի խախտման պատրվակով ՀՀ-ում կասեցվել է ՀՅԴ-ի գործունեությունը (վերականգնվել է 1998-ի փետր-ին՝ հանրապետության նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո)։

1990-ի 1-ին գումարման ԳԽ-ում ՀՅԴ-ն ուներ 12, 1999-ին ընտրված ԱԺ-ում՝ 8, 2003-ին՝ 11, 2007-ին՝ 16, 2012-ին՝ 5 պատգամավոր։ ՀՅԴ-ն ներկայացված է նաև 2010-ին ընտրված ԼԴՀ ԱԺ-ում (6 պատգամավոր)։ Եղել է իշխող կոալիցիայի անդամ (2008-ից), որից դուրս է եկել հայ-թուրք. հարաբերությունների հաստատման հարցում տարաձայնությունների պատճառով (2009-ին)։

«Ժառանգության» կուսակցություն, հիմնադրվել է 2002-ին։ Հիմանդիր-նախագահ՝ Րաֆֆի Հովհաննիսյան։ Առաջնային է համարում ՀՀ-ի՝ որպես ժողովրդավարական, իրավական, իր ներքին ու արտաքին քաղաքականությունն ազգային ինքնիշխան շահի հիման վրա կառուցող զարգացած պետության կայացումը։ 2008-ի նախագահ․ ընտրություններում պաշտպանել է Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ 2007-ին ընտրված ԱԺ-ում ուներ 7, 2012-ին՝ 5 պատգամավոր։ Խորհրդարան․ ընդդիմադիր քաղաքական ուժ է։ 2009-ին դեմ է արտահայտվել հայ-թուրք. արձանագրությունների ստորագրմանը։ Հանդես է գալիս ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման օգտին։ 2012-ից անդամակցում է Եվրոպայի ժողովրդական կուս-յանը։

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ընդդիմադիր քաղաքական միավորում է (մոտ 2 տասնյակ կուս-ներ և նախաձեռնություններ)։ Հիմնադրվել է 2008-ին։ Առաջնորդը ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն է։ Ծավալում է ակտիվ քաղաքական գործունեություն, անցկացնում հանրահավաքներ, պարբերաբար հանդես գալիս հայտարարություններով՝ հասարակական հնչողություն ունեցող հարցերի մասին։ 2012-ին ընտրված ԱԺ-ում ունի 7 պատգամավոր

Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցություն, ստեղծվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի նախաձեռնությամբ՝ 1989-ին։ Պաշտոնաթերթը՝ «Հայք» (1989-ից)։

Մերժելով մշտ. թշնամու և մշտ. բարեկամի ավանդ․ կարծրատիպը՝ ՀՀՇ-ն որդեգրել է սեփական ուժերին ապավինելու սկզբունքը, ըստ այդմ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեսել է ոչ թե պատմ. իրավունքի և պահանջատիրության, այլ քաղաքական կարգավորման՝ ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Ինքնորոշման սկզբունքը դիտարկում է որպես ԼՂ անվտանգության և զարգացման հուսալի երաշխիք։ Միջազգայնացնելով ԼՂ հիմնախնդիրը՝ փորձել է ԼՂՀ-ի համար ապահովել հակամարտության բանակցային կողմի կարգավիճակ։ Հանդես է գալիս հիմնախնդրի խաղաղ կարգավորման և «փուլային» տարբերակի կիրառման դիրքերից։

ՀՀՇ ծրագիրն ու կանոնադրությունն ընդունվել են 1989-ի նոյեմբ-ին՝ հիմնադիր համագումարում։ ՀՀՇ-ի խնդիրը համայնավար․ վարչակարգի դեմ պայքարող բոլոր կազմակերպություններին և անհատներին համազգային շարժման մեջ միավորելն էր։

Հայաստանի 1-ին գումարման ԳԽ ընտրություններում ՀՀՇ-ն կոմունիստական կուս-յան հետ կազմել է ՀՀ ԳԽ-ն, իսկ ներքաղաքական վերադասավորումներից հետո դարձել է հանրապետության գերիշխող քաղաքական ուժը։ Առաջադրել է ՀՀ ԳԽ նախագահի, այնուհետև՝ ՀՀ նախագահի թեկնածություններ, որոնք ընտրվել են։ ՀՀ 1-ին գումարման ԱԺ-ում (1995) ստացել է տեղերի 50 %-ը և շարունակել է մնալ ՀՀ իշխող քաղաքական ուժը։

Շարժման կարգավիճակի և իշխանությունների հետ հարաբերությունների շուրջ առաջացած ներքին հակասությունների հետևանքով 1991-ին Վազգեն Մանուկյանը համախոհների հետ դուրս է եկել ՀՀՇ-ից և հիմնել ԱԺՄ-ն, 1993-ին ՀՀՇ-ից հեռացածների մի այլ խումբ՝ ազգային առաջադիմություն կուս-ը, որով երկրում արմատավորվել է բազմակուսակցականությունը։

ՀՀ նախագահ Լ. Տեր-ետրոսյանի հրաժարականից (1998) հետո կուս-ը կորցրել է երկրում իշխող դիրքը, նրանից հեռացել են ՀՀՇ բազմաթիվ առաջնորդներ. 2011-ին հեռացած մի շարք անդամներ (այդ թվում՝ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը) ստեղծել են «Ազատ դեմոկրատներ» կուս-ը։ 2008-ի նախագահ․ ընտրություններում ՀՀՇ-ն պաշտպանել է Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ 2008-ից ընդդիմադիր ՀԱԿ քաղաքական միավորման անդամ է։

2012-ի ԱԺ-ի ընտրություններում ՀԱԿ-ի համամասն․ ցուցակով մանդատ է ստացել նաև ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը։

Հայաստանի ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ). ստեղծվել է 1998-ին։ Հիմնադիր-նախագահ՝ Կարեն Դեմիրճյան։ 1999-ի հոկտ. 27-ի ոճրագործության ժամանակ Կ. Դեմիրճյանի զոհվելուց հետո կուս-ը գլխավորում է նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։ 1999-ին ընտրված ԱԺ-ում ուներ 21 պատգամավոր՝ «Միասնություն» խմբակցության կազմում։ 2003-ին ՀՀ ԱԺ-ում ներկայացել է «Արդարություն» խմբակցության կազմում՝ 6 պատգամավորով։ 2008-ից ընդդիմադիր ՀԱԿ քաղաքական միավորման անդամ է։ 2012-ի ԱԺ-ի ընտրություններում ՀԱԿ-ի համամասն. ցուցակով մանդատ է ստացել նաև ՀԺԿ առաջնորդ Ս. Դեմիրճյանը։