Այս էջը հաստատված է

նրան թագադրել է Ներոնը։ Տրդատ Ա-ն (66-88) վերադարձել է Հայաստան և սկզբնավորել Արշակունյաց արքայատոհմի հայկական ճյուղի իշխանությունը։ Վերականգնել է տնտեսությունը, ծավալել շին. գործունեություն։ Հռոմի հատկացրած խոշոր գումարը (200 մլն սեստերս = 500 մլն ֆրանկ) և Տրդատ Ա-ի հետ Հայաստան ուղարկած հունա-հռոմ. բազում արհեստավորները սոսկ կայսեր, «պարգև» չէին, այլ ռազմատուգանք՝ հռոմ. զորքերի պատճառած վնասները փոխհատուցելու համար։ Վերականգնվել են Արտաշատը, Գառնիի ամրոցը՝ Արեգ-Միհրի տաճարով։ 72 և 75-ին Հայոց արքան հակահարված է տվել Կովկասից ներխուժած ալաններին։

Տրդատ Ա-ին հաջորդել է Սանատրուկ Բ-ն (88-110), որի մասին դրվատանքով է խոսում հույն պատմիչ Արիանոսը։ Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթև, թագավորության, այնպես էլ Հռոմ. կայսրության հետ։ Արածանիի ափին՝ Մշո դաշտում, հիմնել է նոր աթոռանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում արհեստների զարգացմանն ու առևտրի ծաղկմանը։ Ըստ Մովսես Խորենացու՝ Սանատրուկը Մեծ Հայքին է միացրել Օսրոյենե-Եդեսիայի թագավորությունը։

Սանատրուկից հետո Տրայանոս կայսեր (98-117) համաձայնությամբ 110-113-ին գահակալել է Պարթևաց Բակուր II թագավորի որդին՝ Աշխադարը, որին առանց Հռոմի համաձայնության հաջորդել է նրա եղբայր Պարթամասիրը (113)։ Տրայանոսը, օգտագործելով այս առիթը, 114-ին մեծ բանակով Սատաղից (Փոքր Հայք) ներխուժել է Մեծ Հայք, գահընկեց արել Պարթամասիրին և սպանել։ Տրայանոսի արկածախնդիր արշավանքի ձախողումից հետո Մեծ Հայքում Պարթևաց Խոսրով II արքայի աջակցությամբ թագավոր է հռչակվել Վաղարշ Ա-ն (117-144)։ Տրայանոսին հաջորդած Հադրիանոսը (Ադրիանոս) Հայաստանից դուրս է բերել կայսեր, զորքերը՝ ճանաչելով Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Վաղարշի գահակալության տարիներն անցել են խաղաղ։ Վերակառուցել է նախկին Վարդգեսավան գյուղաքաղաքը և իր անունով կոչել Վաղարշապատ՝ դարձնելով Արշակունյաց թագավորության Երկրորդ մայրաքաղաքը։ Հիմնադրել է Վաղարշակերտ (Բագրևանդ գավառում, այժմ՝ Ալաշկերտ) և Վաղարշավան (Բասեն գավառում) քաղաքները։ Հռոմի կայսր Անտոնիոս Պիոսը 144-ին տապալել է Վաղարշ Ա-ին ու Մեծ Հայքի գահին կարգել Կոմմագենեի Երվանդյանների շառավիղ և Ասորիքի Եմեսա (Հոմս) քաղաքի թագավոր Սոհեմոսին (144-161 և 164-185), որի իշխանությունը պարթևների միջամտությամբ ընդհատվել է (161) Բակուր Արշակունու գահակալմամբ. հռոմեացիները նրան գահընկեց են արել ու տարել Հռոմ (163)։ Սոհեմոսը շարունակել է Վաղարշապատի կառուցապատումը, հովանավորել հելլեննիստ. մշակույթը, իր արքունիքում ապաստան է տվել հույն բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին։ Սոհեմոսի առաջին գահակալման պատվին Հռոմում թողարկվել է պղնձե շքադրամ՝ Անտոնիոս Պիոսի ու Սոհեմոսի պատկերով։

Հռոմում տեղի ունեցող գահակալ, կռիվների խառնաշփոթում Մեծ Հայքում գահ է բարձրացել Վաղարշ Ա-ի թոռ կամ եղբորորդի Վաղարշ Բ-ն (185-198)։ Նրա խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությունը, երկրում հաստատվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանգ. թագավոր, իշխանությունը։ Կովկասյան հրոսակ ցեղերի դեմ կռիվներում զոհված Վաղարշ Բ-ին հաջորդած որդուն՝ Խոսրով Ա-ին (198-215), Հռոմի Կարակալլա կայսրը խաբեությամբ ձերբակալել է (215)։ Հայաստանում թագավոր հռչակված Խոսրովի որդու՝ Տրդատ Բ-ի (216-252) գլխավորությամբ հայերը ջախջախել և Երկրից վտարել են Կարակալլայի ուղարկած զորքը։ Վերջինիս հաջորդած Մակրինոս կայսրը թագ է ուղարկել Տրդատ Բ-ին։ Հայ-հռոմ. դաշինքի վերականգնման առիթով կայսրը Տրդատին վերադարձրել է նրա մորը՝ թագուհուն (հայրը վախճանվել էր բանտում), ավարը և Խոսրով Ա-ի կալվածքները՝ Կապադովկիայում։

III դ-ի սկգբներին հրանում պայքար է սկսվել պարթև Արշակունի և պարսից Սասանյան տոհմերի միջև։ Ի պաշտպանություն դաշնակից պարթև Արշակունիների՝ Տրդատ Բ-ն արշավանքներ է ձեռնարկել 226-ին գահին տիրացած Սասանյան արքայատոհմի դեմ՝ հասնելով մինչև Տիզբոն, սակայն, չնայած որոշակի