Այս էջը հաստատված է

(Հռիփսիմե, Զվարթնոց տաճարները և այլն), զարգացել է գիտությունը։

701-ին խալիֆի եղբայր Մուհամմադ իբն Մրվանը վերջնականապես նվաճել է Հայաստանը, սկսվել է արաբ. բուն տիրապետության շրջանը՝ 701-862։ Հայաստանը, Վիրքը, բուն Աղվանքն ու Մերձկասպյան շրջանները (մինչև Ճորա պահակ) 701-ին միավորվել են մեկ վարչաքաղ․ միավորի՝ Արմինիայի մեջ, որը կառավարում էր արաբ ոստիկանը (կառավարիչ), իսկ Հայաստանը՝ Հայոց իշխանը։ Ոստիկանի նստավայրն սկզբում Դվինն էր, իսկ 789-ից՝ նաև Պարտավը։ Ատրպատականի, Վերին Միջագետքի և երբեմն այլ նահանգների հետ Արմինիան կազմում էր խալիֆության հս. փոխաքայությունը։

Առաջին ոստիկան Աբդալլահը ծանր հարկեր է դրել բնակչության վրա, կրոն․ հալածանքներ սկսել։ Հայ նախարարներին ժառանգ․ իշխանությունից զրկելու, նրանց զորական ուժը ոչնչացնելու ոստիկանի ձգտումը պատճառ է դարձել 703-ին հակաարաբ. առաջին ապստամբության՝ Սմբատ Բագրատունու գլխավորությամբ։ Ձմռանը Երասխի ափին՝ Վարդանակերտի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները ջախջախիչ պարտություն են կրել (սպանվել է նաև Աբդալլահ ոստիկանը)։ Սակայն խալիֆը, ըստ Ղևոնդ Վարդապետ պատմիչի, «խորհում է մեր Հայոց աշխարհից վերացնել նախարարական տոհմերը՝ իրենց հեծյալների հետ միասին»։ 705-ին Նախճավանի արաբ․ զորքերի հրամանատար Կասըմը այրուձիու հաշվառման և ռոճիկ վճարելու պատրվակով իր մոտ է հրավիրել հայ նախարարներին, զինաթափել է նրանց, փակել Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում և ողջակիզել։ Սմբատ կյուրապաղատն ու մի քանի նախարարներ հեռացել են Եգերաց աշխարհ։ Սակայն Աբդ ալ Ազիզ ոստիկանը հայերի նոր ընդվզումները կանխելու նպատակով վերադարձրել է վտարանդի