Այս էջը հաստատված է

է Սյունիքը, անցել Հս. Հայաստան, ապա գրավել Տփղիսը։ Այնուհետև գերեվարել և Սամառա է ուղարկել Գարդմանի, Լեռնային Ուտիքի ու Խաչենի հայ իշխաններին և պաշարել Հվ. Արցախի Գտիչ (Քթիշ) ամրոցը, որտեղ պատսպարվել էր Եսայի Աբու-Մուսե Առանշահիկ իշխանը։

Վասպուրականում ծագած նոր ապստամբության ժամանակ Գուրգեն Ապուպելճ Արծրունին կոտորել է Բուղայի թողած արաբ. զորքը և ազատագրել երկիրը։ Բուղան ստիպված ճանաչել է Արծրունիների իրավունքները, իսկ Գուրգեն Ապուպելճ Արծրունուն ընդունել որպես Վասպուրականի իշխան։ Դրանով նա նպաստել է նաև Հայաստանի ներքին ինքնավարության փաստացի վերականգնմանը։ 855-ին խալիֆը Բուղային հետ է կանչել։ Սամառա աքսորված (855) Սմբատ Բագրատունի Աբլաբասին հաջորդել է որդին՝ Աշոտ Բագրատունին, որն էլ վերականգնել է Հայաստանի անկախ պետականությունը։

Արաբ. տիրապետությունը շուրջ մեկ ու կես դարով կասեցրել է երկրի բնականոն զարգացումը, տնտ. կյանքն անկում է ապրել, խիստ տուժել է առևտուրը, գրեթե ընդհատվել են շին. աշխատանքները։

ԶԱՐԳԱՑԱԾ ՄԻՋՆԱԴԱՐ. IX ԴԱՐԻ ԿԵՍԵՐ-XIV ԴԱՐԻ ՎԵՐՋ
Բագրատունյաց թագավորությունը

Հայաստանում և Այսրկովկասում իր ազդեցությունը պահպանելու մտահոգությամբ 862-ին Արաբ. խալիֆությունը Աշոտ Բագրատունուն (885-890-ին՝ Հայոց թագավոր Աշոտ Ա Մեծ) ճանաչել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխան՝ նրան վերապահելով նաև հարկերի գանձման իրավունքը։ Աշոտ Բագրատունին վերակազմել է հայկ. բանակը, թվաքանակը հասցրել 40 հզ.-ի, սպարապետությունը հանձնել է կրտսեր եղբորը՝ Աբասին։ 860-ական թթ-ին կարգավորել է կառավարման մարմինները, իր գերագահության ներքո համախմբել Հայաստանի (Արծրունիներ, Սյունիներ և ուր.) և Այսրկովկասի ազդեցիկ իշխան. տոհմերին, վարել ներքին ու արտաքին խելամիտ քաղաքականություն։ 869-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը Աշոտին հռչակել է թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին։ 875-876-ին Աշոտ Բագրատունին բացահայտել է իր և հայ մեծամեծ իշխանների դեմ խալիֆության նախապատրաստած դավադրությունը, զինաթափել է արաբ. զորքերին և արտաքսել երկրից։ Բյուզանդիայի Վասիլ (Բարսեղ) I կայսրը (867-886) խալիֆության դեմ պայքարում փորձել է շահել Աշոտ Բագրատունու զինակցությունը։ Սակայն վերջինս, բարեկամ. հարաբերություններ հաստատելով Վասիլ l-ի հետ, խոհեմաբար չեզոքություն է պահպանել հակամարտող կողմերի միջև։ Մութավաքիլ խալիֆն իր հերթին հայ-բյուզ. մերձեցումը կասեցնելու և Աշոտ Բագրատունուն սիրաշահելու նպատակով 884-ին նրան ճանաչել է «թագավոր Հայոց և Վրաց»։ Հայոց արքայի գահը ճանաչել է նաև Վասիլ I կայսրը։ Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը 885-ի օգոստ. 26-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում (թագավորության առաջին մայրաքաղաքը) Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստացի անկախությունը, հիմնադրվել են Բագրատունյաց արքայատունն ու թագավորությունը։

Նորաստեղծ թագավորությունը տարածվել է Հայաստանի մեծագույն մասի վրա՝ բացառությամբ Բյուզանդիային միացված արմ. «աշխարհների» (Փոքր Հայք, Բարձր Հայք, Ծոփք) և խալիֆության Ջեզիրե կուսակալությանը կցված հվ. որոշ գավառների։ Հայ և արաբ պատմիչների հավաստմամբ՝ Աշոտ Ա-ի օրոք Հայոց թագավորության սահմանները հվ-ում ընդգրկել են Կորճայք և Աղձնիք «աշխարհների» մեծ մասը, հվ-արլ-ում հասել մինչև Ատրպատական, արլ-ում՝ մինչև