Պարտավ, արմ-ում՝ Ծոփք և Բարձր Հայք «աշխարհներ», հս-արմ-ում՝ մինչև Եգերաց աշխարհ և Ալանաց դուռ։ Աշոտ Ա-ի գերիշխանությանն են ենթարկվել Վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և Հայոց Արևելից Կողմանց (Արցախ, Ուտիք, Կամբեճան) թագավոր Համամ Արևելցին։ Հայոց և Վրաց թագավորությունների հս. սահմաններն ամրապնդելու նպատակով Աշոտ Ա Մեծը 887-ին արշավել է մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթա, հպատակեցրել տեղի անհնազանդ ցեղերին, իսկ Եգերաց թագավորին հարկադրել է ընդունել իր գերիշխանությունը։ Այնուհետև կառուցապատել է Բագարանը, բարելավել երկրի պաշտպան. համակարգն ու հզորացրել բանակը և իր որդի Սմբատին թողել կայուն ու զարգացող թագավորություն։
Սմբատ Ա Բագրատունին (890-914) նոր թագավորանիստ Շիրակավան (Երազգավորս) քաղաքում իր կառուցած Սբ Փրկիչ եկեղեցում Գևորգ Բ Գառնեցու ձեռամբ օծվել է Հայոց թագավոր։ Նրա՝ Արաբ. խալիֆության ձևական գերիշխանությունը թոթափելու և արաբա-բյուզ. մրցակից տերությունների միջև իր չեզոքությունն ապահովելու ձգտումը հարուցել է Աբբասյանների դժգոհությունը, որոնք 890-900-ական թթ-ին քանիցս փորձել են Հայաստանում վերականգնել խալիֆության տիրապետությունը։ Սակայն Սմբատ Ա-ն դիվանագիտական քայլերով և ռազմ. հաղթանակներով խափանել է խալիֆության միջամտություններն ու հարձակումները։ Վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն կարգել է Վրաստանի թագավոր, զսպել Եգերաց Կոստանդին թագավորի ոտնձգությունները Վրաստանի դեմ և ապահովել Բագրատունիների տերության հս. սահմանները։ 893-ին բարեկամության և առևտրի նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ։
908-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և դարձել առանձին թագավորություն, առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը։ 909-ին Ատրպատականի ամիրա Յուսուֆը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն։ Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուֆին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային։ Սակայն հայ ժողովուրդը Սմբատ Ա-ի որդիների՝ Աշոտ Բ Երկաթ թագավորի (914-929) և Աբաս սպարապետի գլխավորությամբ շարունակել է պայքարը զավթիչների դեմ։ Հայոց արքան ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը և, ըստ Հովհաննես Ե Դրասխանակերտցու, գրավել է Տփղիսն ու ջախջախել արաբ. կայազորը։
915-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբ. զորքերի նոր հարձակման և կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Բ-ն մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք։ Այնուհետև շուրջ 8 տարի (914- 922) պայքարել է արտաքին թշնամիների և ներքին կենտրոնախույս ուժերի դեմ։ 925-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Բ-ն փոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբ. զորքերին։ Այնտեղից Դվին փախչող Բեշիրին Գեղաձորի Գեղի ամրոցի մոտ (Խոսրովի անտառում) նոր հարված է հասցրել Աշոտ Բ-ի զորավարներից Գևորգ իշխանը (ըստ Միքայել Չամչյանի՝ Մարզպետունյաց տոհմից)։ Աշոտ Բ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը։ Նրա արքայական լրիվ տիտղոսն էր՝ Շահնշահ Հայոց, Վրաց և Աղվանից։
Պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի վկայությամբ՝ Աշոտ Բ-ն «Երկաթ» մականունն ստացել է պատերազմներում ցուցաբերած քաջության և տոկունության համար։
Անզավակ Աշոտ Բ Երկաթին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբաս Բագրատունին