Այս էջը հաստատված է

Սելջուկ թուրքերը, 1030-40 թթ-ին նվաճելով Միջին Ասիան ու Իրան, բարձրավանդակը, 1047-ին 20-հազարանոց զորքով Վասպուրականով մտել են Բասեն, ավերել Վաղարշավանը, 1048-ին 100-հազարանոց բանակով մեծ ջարդ կազմակերպել Սմբատաբերդ լեռան վրա, ապա կործանել վաճառաշահ Արծն քաղաքը։ Հայաստանի բյուզ. զորքերը սեպտ. 18-ին ջախջախվել են Կապուտռու բերդի (Բասեն) մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ 1054-ին ասպատակել են Տարոնը, Խորձյանքը, Անձիտը, Տայքը ևն, կողոպտել ու կոտորել բնակիչներին։ Տուղրիլ սուլթանի զորքերին հերոսաբար դիմադրել են Մանազկերտի և Կարսի (թագավոր Աբասի որդի Գագիկի գլխավորությամբ) բնակիչները։ Բյուզ. կայսրության նենգ քաղաքականության և սելջուկ թուրքերի ասպատակությունների հետևանքով տասնյակ հազարավոր հայեր արտագաղթել են հայրենիքից։

Ջլատված Հայաստանը 1064-ին անկարող էր դիմակայել Ալփարսլան սուլթանի 180-հազարանոց բանակին․ օգոստ. 16-ին նվաճվել է Անին։ Սյունիքի՝ Գրիգոր Ա, Տաշիր-Ձորագետի՝ Կյուրիկե Ա, և Կարսի Գագիկ Աբասյան թագավորները ենթարկվել են Ալփարսլանի գերիշխանությանը։ Գագիկ Աբասյանը 1065-ին Կարսի թագավորության տարածքը հանձնել է Բյուզ. կայսրությանը, փոխարենը Փոքր Հայքում ստացել Ծամնդավը (Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը 1066-ին այն դարձրել է աթոռանիստ) և Կիլիկիային սահմանամերձ մի քանի քաղաք-ամրոցներ։ Սելջուկ թուրքերի առաջխաղացումը կանխելու նպատակով Բյուզանդիայի Ռոմանոս IV Դիոգենես կայսրը (1068-71) մեծ բանակով մտել է Հայաստան։ 1071-ի օգոստ. 19-ին Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները ջախջախվել են, գերի է ընկել նույնիսկ կայսրը։ Եդեսիան, Անտիոքը զիջելով և ռազմատուգանք վճարելով է միայն Ռոմանոս IV-ը կարողացել ազատվել։

Մելիքշահ I սուլթանի (1072-92) օրոք սելջուկ թուրքերը նոր հաղթանակներով Բյուզ. կայսրությանն ստիպել են ճանաչել իրենց իշխանությունը գրեթե ողջ Փոքր Ասիայում։ Այնուհետև թուրք․ տարրը սկսել է հաստատվել գրաված հայկական տարածքներում։ 1080-ին գրավելով նաև Կարսը, Կարինը, Ուղթիսը և հարակից շրջանները՝ սելջուկ նվաճողները հիմնել են Սալդուխյան ամիրությունը՝ Կարին կենտրոնով։ Անիում և Շիրակում իշխել են սելջուկ թուրքերի գերիշխանությունն ընդունած քուրդ Շադդադյանները, Աղձնիքում՝ Արտուխյանները, Փոքր Հայքում՝ Դանիշմանյանները, Խլաթում՝ Շահ-ի արմենները։ Հայաստանի առանձին շրջաններում իրենց ինքնավարությունը պահպանել են հայկական մի քանի ավատ․ կազմավորումներ՝ Լոռու Կյուրիկյան թագավորությունը (մինչև XII դ-ի սկիզբը), Սյունիքի թագավորությունը (մինչև 1170-ը), Սասունի Թոռնիկյանների իշխանությունը (մինչև 1185-ը), Վասպուրականի Խեդենեկյանների իշխանությունը (XI-XII դդ.), Արցախի Խաչենի իշխանությունը (X-XVI դդ.), Կիլիկյան Հայաստանում՝ Ռուբինյանների իշխանությունը (1080-ից)։ 1118-ին սելջուկյան տերության վերջնական տրոհումից հետո Հայաստանի արլ. գավառները ենթարկվել են Իրաքի, հս-արմ. հատվածը՝ Իկոնիայի (Ռում) սուլանությանը։ Հաս-տնտեսական և մշակութային ցածր մակարդակ ունեցող սելջուկ թուրքերի տիրապետությունը խիստ բացասաբար է անդրադարձել գրավված բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի զարգացման ընթացքի վրա։ Հայ ավատատերերից բռնագրավված հողերը որպես իքտա (հողատիրության պայման, ձև) տրվել են թուրք զինվորականությանն ու պաշտոնեությանը, որոնք դրանք վերածել են արոտավայրերի։ Ծանր հարկերի, կողոպուտի և ավարառության հետևանքով ծայրաստիճան աղքատացել է հայ գյուղացիությունը։ Սկսվել է արտագաղթը դեպի հարևան երկրներ՝ Կապադովկիա ու Կիլիկիա, Բյուզանդիայի խորքերը և այլուր։