Հայաստանի ազատագրված երկրամասերում իրենց իշխանությունն են հաստատել Ձաքարյանները և նրանց հետ կապված հայկական իշխան. տները։ 1212-ին Ձաքարյանների տիրույթները Հայաստանում ընդգրկել են Գուգարք, Այրարատ, Սյունիք նահանգները, Տուրուբերանի մեծ մասը, Արցախի, Ուտիքի արմ. և Վասպուրականի հս-արլ. գավառները։ Իրենց գերիշխանությունը հաստատելով Հայաստանի զգալի մասում՝ Զաքարյանները հռչակվել են հայ Բագրատունիների օրինական իրավահաջորդներ և սեփականացրել են նրանց շահնշահ տիտղոսը։ Զաքարեն, Իվանեն, Զաքարեի որդի Շահնշահը և Իվանեի որդի Ավագը սկզբնաղբյուրներում հիշատակվում են թագավոր, արքա, շահնշահ, արքայազն տիտղոսներով։
Ազատագրված Հայաստանը Զաքարյանները տնօրինել են որպես «սեփական ժառանգութիւն նախնեաց»։ Նրանց իշխանանիստ կենտրոնը Անին էր։ Հս-արլ. Հայաստանում գոյատևող մյուս բոլոր իշխան. տոհմերը դարձել են Զաքարյանների ավատառու վասալները։ Վաչուտյաներն իշխել են Արագածոտնի արլ. մասում և Նիգ գավառում, Պահլավունիները՝ Մարմաշենում, Բագնայրում և Լմբատում, Օրբելյանները՝ Սյունիքում, Խաղբակյան-Պռոշյանները՝ Վայոց ձորում, Վարաժնունիքում և Կոտայքում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Սոթքում և Գեղարքունիքի հարավ-արլ. մասում, Հասան-Ջալալյանները՝ Ներքին Խաչենում, Համազասպյան-Մամիկոնյանները՝ Դսեղում, Արծրունիները՝ Մահկանաբերդում, Կյուրիկյաևները՝ Մածնաբերդում, Սևադաները՝ Ձորագետում, և այլն։ Զաքարյանների 3 մեծ իշխանաճյուղերը թեև ներքին գործերը վարել են ինքնուրույն, սակայն երկրի ընդհանուր կառավարումն իրականացվել է միասնաբար՝ իշխանապետի և շահնշահի գլխավորությամբ։ Զաքարյանների օրոք հս-արլ. Հայաստանում ծաղկել են տնտեսությունը, մշակույթը, առևտուրը, վերակառուցվել են Անին ու Դվինը, աշխուժացել է քաղաքային կյանքը Երևանում, Բջնիում, Նախիջևանում, Կապանում և այլուր։