որի մայրը Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստրն էր։
Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովեզերքից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի՝ Հայոց թագավորության մեջ են մտել Պամփյուլիան, Իսավրիան, Լիկաոնիան, Կադառնիան ու Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար վերաշինվել են հին բերդերը, կառուցվել նոր ամրություններ ու հսկիչ դիտանոցներ, հզորացվել է հայոց բանակը, հաստատվել է ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Տնտեսական կյանքը խթանելու համար բարեկարգվել են քաղաքները, բանուկ ճանապարհները, առևտրական արտոնյալ պայմանագրեր են կնքվել (1201, 1212) Վենետիկի, Ջենովայի, Պիզայի և վաճառաշահ այլ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպվել է առևտրական նավատորմիղ, հատվել են արծաթե և ոսկե դրամներ։ Լևոն Բ-ի հրամանով նորոգվել են հին վանքերը, կառուցվել նորերը (Ակների, Գայլու և այլն) և նրանց կից բացվել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը՝ հայոց և օտար լեզուներով)։ Լևոն Բ-ն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտնականների ու արվեստագետների համար։ Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն են թարգմանվել գիտական և գրական արժեքավոր երկեր։
Լևոն Մեծագործի մահվանից հետո Զաբելի ամուսնությունը և թագաժառանգությունն արքունիքի համար դարձել են քաղաքական խնդիր։ Հայոց արքան պետության խնամակալներ էր կարգել Կոստանդին գունդստաբլին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Զ Անեցի կաթողիկոսին։ Օգտվելով պատեհ իրադրությունից՝ Ռուբեն-Ռայմոնդը փորձել է գրավել գահը, բայց Կոստանդինը պարտության է մատնել նրան և բանտարկել Տարսոնում։ 1222-ին Զաբելին (թագուհի՝ մինչև 1252-ը) ամուսնացրել են Անտիոքի դուքս Բոհեմուդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնել գահը՝ պայմանով, որ պահպանի հայոց հավատն ու սովորույթները, հարգի հայ իշխանների իրավունքները։ Սակայն Ֆիլիպը, հոր սադրանքով, չի կատարել խոստումը, որի համար Կոստանդինը 1225-ին ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան։ Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Կոստանդինը, 1226-ին ավելի քան 60 իշխանների հետ խորհրդակցելով, որոշել է իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Կիլիկիայի հայոց թագավոր։ Դրանով ավարտվել է նաև Ռուբինյանների և Հեթումյան-Օշինյան տոհմերի տևական մրցակցությունը։ Մինչև որդու չափահաս դառնալը ինքը եղել է նրա խնամակալը (պայլ) և վարել երկրի գործերը։
Հեթում Ա-ն (1226-69) դարձել է նոր՝ Հեթումյանների արքայատոհմի հիմնադիրը։ Նրա ավագ եղբայր Սմբատը նշանակվել է սպարապետ (գունդստաբլ) և Կիլիկիայի հայոց բանակը ղեկավարել շուրջ 50 տարի։ Մոնղոլ-թաթարները, պարտության մատնելով Իկոնիայի սուլթանությանը, սկսել են սպառնալ Կիլիկիայի թագավորությանը։ Այն կանխելու նպատակով Հեթում Ա-ն 1243-ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլ զորավար Բաչու Նոյինի հետ, իսկ 1254-ին մոնղոլական տերության մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր է կնքել Մանգու մեծ խանի հետ։ Այդ դաշինքը ոչ միայն կանխել է մոնղոլների ներխուժումը Կիլիկիա, այլև ապահովել է նրանց աջակցությունը սելջուկ թուրքերի դեմ մղվող պայքարում։ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ։ Չափավորվել են բուն Հայաստանի բնակչության հարկերը, հայերին արտոնվել է ազատ առևտուր անել մոնղոլական ամբողջ տերության տարածքում։
1256-62-ին Հեթում Ա-և սանձել է Իկոնիայի սելջուկների ու թուրքմենների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա և Մանիոն սահմանային բերդերը, Կապադովկիայի հարավային շրջանները, ինչպես