Այս էջը հաստատված է

Լևոն Դ-ի քայլը դիտելով որպես խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ՝ մոնղոլ զորավար Փիլարղուն Անարզաբա քաղաքում դավադրաբար սպանել է նրան և նրան ուղեկցող 40 հայ իշխաններին։ Իսկ հայկ. զորքերը Հեթում Բ-ի եղբայրների՝ Օշինի և Ալինախի գլխավորությամբ սպանել են Փիլարղուին, ոչնչացրել նրա ջոկատը, որով փաստորեն վերջ է դրվել հայ-մոնղ. զինակցությանը։

Լևոն Դ-ին հաջորդած Օշին Ա-ն (1308-20) Հռոմի պապի պահանջով 1309-ին հրավիրել է նոր ժողով՝ Սսի ժողովի որոշումները վերստին քննելու հորդորով։ Հանդիպելով ազգ. ուժերի դիմադրությանը՝ Օշին Ա-ն առժամանակ դադարեցրել է դավանաբան. վեճերը։ 1316-ին Ադանայում գումարված նոր ժողովում կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը կրկին չի իրականացվել ժողովրդի դիմադրության շնորհիվ։ 1318-ին Եգիպտոսի մամլուքներն ու Իկոնիայի թուրքմեն կարամանները ներխուժել են Կիլիկիա և ասպատակել Տարսոնի շրջակայքը։ Հայկ. զորքերը Կոռիկոսի բերդի տեր Օշին պայլի առաջնորդությամբ զգալի կորուստներով հետ են մղել թշնամուն։

Օշին Ա-ին հաջորդել է նրա 10-ամյա որդի Լևոն Ե-ն (1320-42)։ Սկզբում երկիրը կառավարել են նրա խնամակալ իշխանները, հատկապես բերդի տեր Օշին Ա-ն, որը ճնշել է ունիթորների խռովությունը, կանխել Եգիպտոսի սուլթանության և թուրքմեն կարամանների առաջխաղացումը, դրացիների հետ վարել խաղաղ գոյակցության քաղաքականություն։ Սակայն չափահաս դառնալուց հետո Լևոն Ե-ն խաչակրաց նոր արշավանքի հորդորով դիմել է եվրոպացիներին։ Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրի զորքերը 1335-ին և 1336-ին վերստին ասպատակել են Կիլիկիան։ 1337-ին Լևոն Ե-ն ծանր պայմաններով հաշտություն է կնքել, որով երկրի հվ-արլ. շրջանները (Սև լեռներից մինչև Ջահան գետ) և Այաս նավահանգստային քաղաքն անցել են Եգիպտոսին, իսկ ինքը պարտավորվել է չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ։ Լևոն Ե-ն հանկարծամահ է եղել (1342)՝ առանց ժառանգ թողնելու, որով ընդհատվել է Ռուբինյան-Հեթումյան արական ճյուղը։

Ունիթորները հայոց գահը հանձնել են Կիպրոսի Լուսինյանների արքայատան ներկայացուցիչ Գվիդոնին (Կի), որը 1310-ին հոր՝ Ամորի Բ-ի դավադիր սպանությունից հետո 4 եղբայրների և մոր՝ Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստրը) հետ փախել էր Կիլիկիա, ապրել Լևոն Ե-ի արքունիքում։

1343-ին Գվիդոնը հայկ. ծեսով օծվել է հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով։ Նրա լատինամետ քաղաքականությունը բորբոքել է ժողովրդի դժգոհությունը։ 1344-ին հայրենասեր ուժերը իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ ապստամբել և Ադանայում սրատել են Կոստանդին Գ-ին և նրա ֆրանկ պալատականներին։ Իշխանների խորհուրդը թագավոր է ընտրել Հեթումյանների ազգական, Նղրի տեր մեծ մարաջախտ Բաղդինի որդի Կոստանդին Դ-ին (1345-63)։

Մահմեդ. ամիրությունների հարձակումները պարբերաբար կրկնվել են 1340-50-ական թթ-ին։ 1360-ին մամլուքները նվաճել են Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն և Ադանա քաղաքներով։ 1369-ին Եգիպտոսի 60-հզ-անոց բանակը պաշարել է Սիսը, հրդեհել քաղաքը, սակայն չկարողանալով գրավել միջնաբերդը՝ նահանջել է։ Պաշտպան. մարտերում սխրագործություններով աչքի է ընկել Լիպարիտ սպարապետը։

1373-ին ունիթորները սպանել են Կոստանդին Ե թագավորին (գահակալել է 1365-ից) և գահը հանձնել Ջիվան Լուսինյանի որդի Լևոն Զ-ին (1373-75), որն իր լատինամետ քաղաքականությամբ հարուցել է հայերի և շրջակա մահմեդ. պետությունների դժգոհությունը։ Եգիպտոսի սուլթան Մելիք-Աշրաֆի զորքերը ներխուժել են Կիլիկիա և 1375-ի հունվ. 5-ին պաշարել Սիսը։ Փետր. 24-ին նրանց միացել են Հալեպի ամիրության զորքերը։ Հայկ. սակավաթիվ ուժերը, ամրանալով Սսի միջնաբերդում, շուրջ 3 ամիս դիմադրել են թշնամուն։

Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայոց պետականության կործանում։ Ներքին երկպառակությունները և արտաքին հարձակումներն ի վերջո հանգեցրել են Կիլիկիայի հայկ. պետության կործանմանը։ Լևոն Զ-ն իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվել է Եգիպտոս։ 1382-ի սեպտ-ին թագավորն ազատվել է գերությունից և մեկնել Եվրոպա։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Փարիզում և այնտեղ էլ վախճանվել 1393-ին։