Այս էջը հաստատված է
Պետական կարգը, գիտությունը, գրականությունը և մշակույթը

Կիլիկյան Հայաստանի պետ. կարգը ձևավորվել է ավատատիր. Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների ու եվրոպ. պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ։ Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհներով։ Նա իր մշտ. դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կ. Պոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր։

Թագավորության հռչակումից ի վեր պետությունը կառավարել է արքունիքը, որը բաղկացած էր գործակալություններից և վերին արքունի ատյանից։ Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները։ Վերին արքունի ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, իսկ նիստերը վարում էր թագավորը։

Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը։ Պայլը թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը։ Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայության ժամանակ։ Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, տնօրինում էր ռազմ. գործերը։ Նա թագավորի առաջին տեղակալն էր. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխան. զորամիավորումները։ Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ։ Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետ. հրովարտակները, շնորհագրերը։ Նա է պահել պետ. կնիքը, ղեկավարել դիվանագիտ. հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների հետ։ Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ (օր.՝ Վահրամ Րաբունի վարդապետը)։

Սեղանապետության գործակալն զբաղվել է արքունի տան եկամուտներով ու ծախսերով, պալատի տնտեսությամբ, համարվել է թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»։ Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետ. եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտր. հարաբերությունները։ Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները։ Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) ևն։ Մեծ հեղինակություն է վայելել տիկնաց տիկինը՝ թագուհին։ Նա մասնակցել է արքունի և իշխան. խորհրդի նիստերին, քաղ. մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքերում։

Կիլիկիայում զարգացել է հայ պատմագիտությունը։ XIII դ-ից պատմագրությամբ զբաղվել են նաև աշխարհիկ պետ. գործիչներ Սմբատ Սպարապետը (Գունդստաբլ), Հեթում Բ թագավորը, Հեթում Պատմիչը և ուր.: