Սմբատ Սպարապետի «Տարեգիրքն» ընդգրկում է 952-1272-ի պատմությունը։ Նախորդ ժամանակաշրջանի պատմությունը նա շարադրել է գլխավորապես Մատթեոս Ուռհայեցու, Միքայել Ասորու, Գուլիելմոս Տյուրոսացու տեղեկությունների հիման վրա։ Իսկ իր սպարապետության ժամանակաշրջանը (1226-76) շարադրել է որպես պատմ. դեպքերին ու իրադարձություններին մասնակից գործիչ և ականատես։ Կոռիկոսի բերդատեր իշխան Հեթում Պատմիչը XIII դ-ի վերջին եղել է Հեթում Բ թագավորի դեսպանը իշխանության արքունիքում և, որպես հայկ. զորքերի հրամանատար, հայ- մոնղ. բանակում մասնակցել է Եգիպտոսի ու Իկոնիայի սուլթանությունների դեմ պատերազմներին։
Հեթում Պատմիչը Կղեմես V պապի հանձնարարությամբ գրել է (միջնադարյան ֆրանս-ով) «Պատմութիւն թաթարաց» կամ «Ծաղիկ Արևելքի պատմութեան» երկը։ Այն 1307-ին թարգմանվել է լատ., այնուհետև՝ եվրոպ. այլ լեզուներով, իսկ 1842-ին՝ հայ.։ Ծառայել է որպես տեղեկատու ձեռնարկ Արևելքի 14 երկրների մասին։
Հեթումի գրչին է պատկանում նաև մի ժամանակագրություն, որն սկսվում է վերջին հայ Բագրատունի թագավոր Գագիկ Բ-ի սպանության թվականից (1079) և ավարտվում Հեթում Բ-ի, նրա որդի Լևոն Դ-ի ու բազմաթիվ հայ իշխանների եղերական կոտորածով (1307)։
Լևոն Զ Լուսինյանի քարտուղար և խոստովանահայր Հովհաննես Դարդելն իր «Ժամանակագրութիւն Հայոց» երկը գրել է Լևոն Զ-ի թելադրությամբ. ընդարձակ շարադրել է Կիլիկյան Հայաստանի պատմությունը, համառոտակի տեղեկություններ հաղորդել Հայաստանում քրիստ. դարձի և «Դաշանց թղթի» հաստատման ու հայ Բագրատունիների անկման մասին։ XI-XIII դդ-ի Կիլիկիայի քաղ. իրադարձություններին իրենց երկերում անդրադարձել են Մատթեոս Ուռհայեցին, Գրիգոր Երեց Քեսունեցին, Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մաղաքիա Աբեղան և ուր.։
Կիլիկիայում հաս-քաղ. հարաբերությունները կարգավորելիս սկզբն. շրջանում առաջնորդվել են «Կանոնագիրք Հայոց»-ով և ժողովների կանոն. որոշումներով։ XII դ-ի վերջին Ներսես Լամբրոնացին, պակասը որոշ չափով լրացնելու համար, թարգմանել է բյուզ. «Զինվորական օրենքները», իսկ XIII դ-ի կեսին Սմբատ Սպարապետը՝ «Անտիոքի ասիզները»։ Սակայն այդ օրենքները հայերի համար օտար էին, ուստի Սմբատ Սպարապետը, օգտագործելով հայ միջնադարյան իրավագիտության նվաճումները, 1265-ին կազմել է «Դատաստանագիրքը»՝ ազգ. օրենսգիրքը։
XII-XIV դդ-ում Կիլիկյան Հայաստանում նորովի են դրսևորվել հայ գրական ավանդույթները, արմատավորվել ու զարգացել նոր ժանրեր։ Առանձնահատուկ տեղ ունի Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Ամենայն հայոց կաթողիկոս, XII դ.) ստեղծագործությունը։ Բարսեղ Քեսունեցին (XII դ.) հայտնի է Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին նվիրված վարքավկայաբան. մի գրվածքով, որը վարքի, վկայաբանության, աղոթքի, խոստովանության, քրիստ. քարոզի տարրերից հյուսված ինքնատիպ երկ է։
Նշանավոր դեմքերից են առակագիր Վարդան Այգեկցին, բանաստեղծ, մատենագիր Գրիգոր Սկևռացին, Գևորգ Սկևռացին (XIII դ., Գրիգոր Սկևռացու քեռորդին ու աշակերտը, գրել է մեկնություններ, ներբողներ, խրատներ, գանձեր, տաղեր), պատմիչ, աշխարհագետ Վարդան Արևելցին (XIII դ.) և ուր.։
Հայոց Կիլիկիայում զարգացել են նաև բժշկագիտությունն ու առողջապահ. համակարգը։ Այստեղ են գործել նշանավոր բժշկապետներ Մխիթար Հերացին, Գրիգորիսը, Սիմեոնը, Միքայելը, Ահարոնը, Ճոսլինը և ուր.։
Կիլիկիայի հայկ. պետության մշակույթը զարգացել է բուն Հայաստանի հետ