XIII դ-ի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթար. հորդաները, նվաճելով Միջին Ասիան և Իրանի հս. սարահարթերը, 1220-21-ի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզ. արշավանքներ են կատարել Հայաստան ու Այսրկովկաս։ Աղստևի (1220), Կոտմանի (1221), Խունանի (1222) ճակատամարտերում պարտության են մատնել հայ-վրաց. զորքերին, ավերել Հայաստանի հս., Վրաստանի հվ-արլ. շրջանները և հեռացել Հս․ Կովկաս։ Նրանց գլխավոր արշավանքը 1236-ին էր. Հայաստան և Այսրկովկաս են ներխուժել 30-հզ-անոց բանակով՝ Չարմաղանի գլխավորությամբ, նվաճել են Հայաստանի հս-արլ. շրջանները և Արլ․ Վրաստանը։
Չհանդիպելով կազմակերպված դիմադրության՝ մոնղոլները 1242-45-ին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հվ. արմ. նահանգները։ Նվաճողներին հերոս․ դիմադրություն են ցույց տվել Անիում, Կարինում, Երզնկայում, Կեսարիայում, Արցախում։
Հայաստանի տարածքն սկզբնապես մտցվել է Ատրպատականի կուսակալության մեջ, որը բաժանված էր վարչատնտ․ 5 միավորի՝ վիլայեթների. 1. Արլ․ Վրաստանի թագավորություն և Զաքարյանների ավատ․ իշխանություն (Այրարատ, Սյունիք, Գուգարք). կոչվել է Գյուրջիստանի վիլայեթ, 2. Հայաստանի հվ-արմ. նահանգները՝ «Մեծ Հայքի» վիլայեթ, 3. Շիրվան, 4. Առան և Մուղան, 5. Ատրպատական։
Վիլայեթները կազմված էին ռազմավարչ․ առավել փոքր միավորներից՝ թումաններից։ Հայաստանի հս-արլ. շրջանները ներառում էին Գյուրջիստանի վիլայեթի 8 թումանից 3-ը. այստեղ կառավարել են Զաքարյան տոհմի իշխանները, որոնք համարվել են մոնղոլների պետության ավատառուներ և վարչ․ կառույցի պաշտոնյաներ։ «Մեծ Հայք» վիլայեթի արոտավայրերով հարուստ նահանգները դարձել են մոնղոլների ամառանոցներ ու ձմեռանոցներ և որպես բաժնեկալվածք տրվել մոնղոլ ավագանուն։ Մյուս նահանգների տարածքների մի մասը պետականացվել է, մի մասն էլ շնորհվել խանական տան անդամներին։ Նախալեռն․ և լեռն. նահանգները, որտեղ քուրդ և սելջուկ իշխանները հպատակվել են մոնղոլներին, թողել են նրանց տնօրինությանը։ «Մեծ Հայքի» վիլայեթի մեջ մտնող հայկ․ նախկին իշխանություններից բեկորներ են պահպանվել Սասունում, Մոկքում, Ռշտունիքում (Թոռնիկյաններ, Արծրունիներ), որոնք, ճանաչելով մոնղոլների գերիշխանությունը, պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ 1256-ին Հայաստանն ընդգրկվել է Հուլավուի հիմնած Իլխանության (մոնղոլա-պարսկ. պետություն) կազմում․ բաժանված էր «Մեծ Հայք» և Գյուրջիստանի վիլայեթների մեջ։ Հուլավուների մայրաքաղաքը նախ Մարաղան էր, ապա՝ Թավրիզը։ Իլխանության կազմում էին Ատրպատականը, Պարսկաստանը, Վրաստանը, Ռումը և Իրաքը։ Բռնազավթված երկրները տնտեսապես նվաճելու և տեղ․ խոշոր ավատատերերի տնտ․ հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլ-թաթարները 1252-59-ին ողջ կայսրությունում (Հայաստանում՝ 1254-ին) անցկացրել են աշխարհագիր։ Մինչև Ղազան խանի (1259-1304) բարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ, որը կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել։ Հայաստանի վիճակը վատթարացել է XIV դ-ի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են մահմեդականություն և ուժեղացրել կրոն․ ու հարկային ճնշումները։ Հայկ․ իշխանությունների՝ Զաքարյանների, Վաչուտյանների, Խաղբակյան-Պռոշյանների, Օրբելյանների, Արծրունիների, Հասան-Ջալալյանների և մյուսների դերը XIV դ-ի սկզբից քաղ․ ու տնտ․ կյանքում զգալիորեն թուլացել է։ Հայ իշխան․ տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են հայրենիքից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ Անին, Կարսը, Դվինը ևն, XIII դ-ի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։
Հայ և վրաց իշխանները 2 անգամ (1249, 1259-61) ապստամբել են մոնղ. լուծը թոթափելու համար, սակայն անհաջող։ Մոնղոլները դաժան հաշվեհարդար են տեսել ապստամբների և նրանց ղեկավարների՝ հայ իշխաններ Զաքարե Զաքարյանի, Հասան-Ջալալ Դոլայի, Վրաց Գոնդա թագուհու և ուր․ հետ։
XIII դ-ի 90-ական թթ-ից Իլխանությունում սկսվել է քաղ․ և տնտ․ ճգնաժամ, իսկ 1344-ին այն դադարել է գոյություն ունենալուց։ Հայաստանն ընկել է հակամարտող մոնղոլ տիրակալների (Չոբանյաններ, Ջելաիրյաններ ևն) իշխանության տակ։
Մոնղոլ-թաթար. քոչվոր, ավատատիր. տնտեսաձևի տիրապետությունը տևական ժամանակ կասեցրել է Հայաստանի հաս-տնտ․ և մշակութ․ զարգացումը։
Մոնղոլների մասին եզակի տեղեկություններ է հաղորդում պատմիչ Կիրակոս Գանձակեցին։ 1236-ին մոնղոլները գերել են պատմագրին, որը նրանց բանակում եղել է թարգմանիչ ու գրագիր։ 1255-ին Նիգ գավառի Վարդենիս գյուղում Գանձակեցին հանդիպել է Քուրդ իշխանի տանն իջևանած Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ին և գրառել նրա հայտնած տեղեկությունները։ Հեթում Ա-ն վերադառնում էր Կարակորումից, որտեղ Մանգու մեծ խանի հետ կնքել էր (1254) հայ-մոնղոլ. պայմանագիր։