Այս էջը հաստատված է
ՈՒՇ ՄԻՋՆԱԴԱՐ. XIV դարի վերջ - XVII դարի կեսեր
Հայաստանի քաղաքական կացությունը

Մոնղոլ-թաթարների տիրապետության անկումից (XIV դ-ի կես) հետո Հայաստանում և հարևան երկրներում հաստատվել են կարակոյունլու (սև խոյավորներ), ապա՝ ակկոյունլու (սպիտակ խոյավորներ) կոչվող թուրքմ. վաչկատուն ցեղեր։ Նրանց միջցեղային պայքարն ընդհատվել է Լենկ (կաղ) Թեմուրի (1370-1405) ասպատակություններով, նա ստեղծել էր ընդարձակ պետություն՝ Սամարղանդ մայրաքաղաքով։ Լենկթեմուրի արշավանքները (1386-87, 1394-96, 1400-03) ուղեկցվել են քաղաքների ու գյուղերի ավերածություններով, բնակչության զանգվածային կոտորածներով ու գերեվարումներով։

Տևական պաշարումով ու մեծաթիվ զոհերով գրավելով Վանը՝ Լենկթեմուրը քաղաքի բնակիչներին, խումբ-խումբ իրար կապելով, նետել է Վանի բերդապարիսպներից։ Ըստ Թովմա Մեծոփեցու (1378-1446)՝ նահատակներն այնքան շատ էին, որ, ընկնելով դիերի կույտի վրա, վերջին նետվածներն արդեն չէին մեռնում։ Լենկթեմուրի հրամանով Սեբաստիայում 15 հզ․ հոգու ողջ-ողջ թաղել են։ Նրա մահից (1405) հետո թուրքմ. խաշնարած ցեղերն իրենց գերիշխանությունը հաստատելու համար պայքար են սկսել վերջինիս ժառանգորդների դեմ։ Արյունալի բախումներում զգալիորեն տուժել է Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանը և 6 հզ․ տուն հայերի գլուխ անցած՝ հեռացել Լոռի։ Խորտակիչ հարված է հասցվել դեռևս պահպանված Դոփյան, Հասան-Ջալալյան, Օրբելյան, Պռոշյան և այլ իշխան. տների, որոնցից շատերը դուրս են մղվել պատմության թատերաբեմից։

Երկարատև պատերազմներ մղելով ակկոյունլուների դեմ՝ կարակոյունլուներն իրենց իշխանությունը հաստատել են Հայաստանում, Ատրպատականում և Հյուսիսային Միջագետքում։ Նրանց առաջնորդ Կարա Յուսուֆը (1389-1420), Թավրիզ մայրաքաղաքում գահը թողնելով որդուն, իր նստավայրը փոխադրել է Բագրևանդ գավառի Վաղարշակերտ (Ալաշկերտ) քաղաք։ 1420-ին Թեմուրի որդի Շահռուխի արշավանքի ժամանակ Կարա Յուսուֆը հանկարծամահ է եղել, և տևական գահակալ. պայքարից հետո իշխանությունն անցել է Ջահանշահին (1437-67)։ Նա կատարել է վարչատարածքային բաժանումներ. Հայաստանի հս-արլ․ հողերն ընդգրկվել են Երևանի, իսկ հվ-արմ-ը՝ Վանի կուսակալության մեջ։ Հայ բնակչության աջակցությունը շահելու նպատակով Ջահանշահը Հայաստանի որոշ նահանգներում (Արցախ, Սյունիք, Գուգարք ևն) հայ իշխանների շառավիղներին շնորհել է մելիք. տիտղոսներ և տեղական կառավարման լիազորություններ, երաշխավորել բարձրաստիճան հոգևորականների արտոնություններն ու եկեղեց. կալվածքների անձեռնմխելիությունը, խրախուսել Ագուլիս, Ջուղա և այլ առևտրաարհեստավոր. կենտրոնների գործունեությունը։ Ջահանշահի օրոք, երբ համեմատաբար խաղաղ էր երկրի կենտրոնում՝ Այրարատում, հայ աշխարհիկ ու հոգևոր գործիչների (Թովմա Մեծոփեցի, Հովհաննես Հերմոնեցի և ուր․) նախաձեռնությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի աթոռը 1441-ին Կիլիկիայի Սիս քաղաքից տեղափոխվել է Վաղարշապատ և շուրջ 1000-ամյա ընդմիջումից հետո վերահաստատվել Սբ Էջմիածնի