կենտր․ նահանգներ՝ նրանց վերապահելով կայսրության արլ. սահմանները պաշտպանելու «առաքելությունը»։
XVI դ-ում հայ ժողովրդի սեփական ուժերը բավարար չէին ղզլբաշ և օսմանյան. թուրքերի լուծը թոթափելու համար։ Հայ ազատագր. շարժման գործիչներն օգնություն են խնդրել իրենց հնարավոր թվացող դաշնակիցներից՝ Արևմուտքի քրիստոնյա պետություններից և Հռոմի պապից։
Թուրք-պարսկ. պատերազմների թեժ շրջանում՝ 1547-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Ստեփանոս Ե Սալմաստեցու (1545-67) նախաձեռնությամբ Սբ․ Էջմիածնում գումարված հայ աշխարհիկ և հոգևոր մեծամեծների գաղտնի խորհրդաժողովը որոշել է կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ Հռոմի պապի և Արևմուտքի քրիստոնյա պետությունների հետ Հայաստանի ազատագրման հարցի շուրջ բանակցություններ վարելու և թուրք․ նվաճողների դեմ համատեղ պայքարի ծրագիր մշակելու նպատակով։ 1548-ին Ստեփանոս Ե Սալմաստեցին, կաթողիկոսության գործերը հանձնարարելով իր տեղապահ Միքայել Սեբաստացուն (1567-76-ին՝ Ամենայն հսյոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացի), Կ. Պոլսով մեկնել է Եվրոպա, 1549-51 -ին բանակցություններ վարել Հռոմի պապի, Վենետիկի հանրապետության, Գերմանիայի կայսրության և Լեհաստանի թագավորության ղեկավարների հետ, նրանց հնարավոր ռագմաքաղաքական օգնության դիմաց նույնիսկ Հայոց եկեղեցու գրավոր հնազանդությունը հայտնել կաթոլիկ եկեղեցուն։ Սակայն որևէ շոշափելի արդյունքի չի հասել։ Ապա Արևմտյան Ուկրաինայի, Ղրիմի հայկական գաղթավայրերն այցելելուց հետո վերադարձել Սբ․ Էջմիածին (1552)։ Միքայել Սեբաստացին 1562-ին Սեբաստիայի Սբ․ Նշան վանքում հրավիրել է 2-րդ գաղտնի խորհրդաժողովը, որտեղ որոշվել է նոր պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ Աբգար դպիր Եվդոկացու (Թոխաթեցի) գլխավորությամբ։ Վերջինս 1562-64-ին բանակցություններ է վարել Վենետիկի հանրապետության և Հռոմի պապի հետ, սակայն արդյունքի չհասնելով՝ առժամանակ հաստատվել է Կ. Պոլսում, որտեղ 1567-ին հիմնել է տպարան և Սուլթանշահ որդու հետ հրատարակել մի շարք գրքեր։ 1575-ին՝ Սսի կաթողիկոս Խաչատուր Բ Զեյթունցին (1560-84), 1584-ին նրա հաջորդը՝ Ազարիա Ա Ջուղայեցին, նոր բանակցություններ են վարել Հռոմի պապի հետ, սակայն նրանց ջանքերը նույնպես ավարտվել են անարդյունք։
Օսմանյան. Թուրքիայի դեմ դաշնակիցներ որոնելու նպատակով Ռուսաստանի, Գերմանիայի, Տոսկանիայի կառավարությունների և Հռոմի պապի հետ բանակցություններ է վարել նաև Իրանի Շահ Աբբաս I-ը (1587-1629)։ Օգտվելով XVI դ-ի վերջին և XVII դ-ի սկզբին եվրոպ. երկրներում սուլթան. զորքերի կրած նոր պարտությունների, Թուրքիայում բռնկված զինվորական խռովությունների, Փոքր Ասիայի և Հայաստանի տարածքներում ծավալված ջալալիների ավերիչ ասպատակությունների հետևանքով սուլթանությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Շահ Աբբաս I-ն Անգլիայի օգնությամբ վերակառուցել և վերազինել է իր բանակը, 1603-ին պարտության մատնել թուրք․ զորքերին, գրավել Թավրիզը, իսկ 1604-ի մայիսին՝ Երևանը։ Պարսկ. այլ զորամասեր ասպատակել, ավերել և կողոպտել են Բասենի, Խնուսի, Կարնո, Մանազկերտի, Արճեշի, Արծկեի, Բերկրիի, Վանի և այլ գավառներ, բռնությամբ տեղահանել և Իրանի խորքերն են քշել շուրջ 60 հազար հայի։
1604-ին թուրք. 200-հազարանոց զորաբանակը մեծ վեզիր Սինան փաշայի հրամանատարությամբ ներխուժել է Հայաստան։ Պարսկ. զորքերը, խուսափելով թուրք․ գերակշիռ ուժերի հետ ճակատամարտելուց, նահանջել են դեպի Իրան, և իրենցից հետո ամայի, մեռյալ տարածք թողնելու նպատակով քարուքանդ են արել բնակավայրերն ու գաղթեցրել հայ ազգաբնակչությանը։ Ճանապարհին զոհվել են շատերը, իսկ Երասխի գետանցման ժամանակ՝ շուրջ 100 հազար մարդ։ «Մեծ սյուրգունի» (բռնագաղթ) հետևանքով ավելի քան 330 հազար հայ տարվել է Պարսկաստան՝ երկրագործությունը, առևտուրը և արհեստները զարգացնելու համար։ Ավերված ու ամայացված Ջուղայի առևտրականներին թույլատրվել է մայրաքաղաք Սպահանի մոտ կառուցել հայկական քաղաք՝ Նոր Ջուղան։ Փոփոխակի հաջողություններով ընթացող թուրք-պարսկ. պատերազմն ավարտվել է 1639-ին կնքված Կարսի,