Այս էջը հաստատված է

Շիրինի (Կասրե-Շիրին) հաշտության պայմանագրով, որով Արլ․ Հայաստանն անցել է Իրանին, իսկ Արմ․ Հայաստանը՝ օսմ․ կայսրությանը։

Իրանի տիրապետությանն են անցել Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտակարան և Պարսկահայք նահանգները, ինչպես նաև Այրարատ, Գուգարք և Վասպուրական նահանգների արլ. գավառները։ Արլ․ Հայաստանը բաժանվել է պարսկ. նոր վարչամիավորումների՝ Ատրպատականի, Չուխուր-Սադի, Ղարաբաղի կամ Գանձակի բեկլարբեկությունների և Քարթլի-Կախեթի վալիության միջև։ Վերջինս ընդգրկել է Արլ․ Վրաստանը և Գուգարքի արլ. գավառները։ Չուխուր-Սադի բեկլարբեկության կազմում էին Արարատյան դաշտը, Վարաժնունիք, Նիգ, Մազազ, Ուրծ, Մասյացոտն, Ճակատք, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք և Սոթք գավառները։ Նախիջևանի օլքան (տիրույթ), որն ընդգրկում էր Նախիջևան, Ճահուկ, Երնջակ, Գողթն, Վայոց ձոր և Ծղուկ գավառները, նախ մտցվել է Ատրպատականի, իսկ XVII դ-ից՝ Չուխուր-Սադի բեկլարբեկության մեջ։ Արևելյան Հայաստանի տարածքից Ատրպատականի կազմում ընդգրկվել են Պարսկահայք նահանգը, Վասպուրականի Արտազ, Ճվաշռոտ, Մարանդ և Պարսպատունիք գավառները, Սյունիքի (Կապանի օլքա) Արևիք, Կովսական, Բազունիք, Ձորք, Հաբանդ, Աղահեճք գավառները։ Ղարաբաղի կամ Գանձակի բեկլարբեկությունն ընդգրկել է Կուր և Երասխ գետերի միջակա Ուտիք և Արցախ նահանգները, իսկ Դիզակի, Վարանդայի, Խաչենի, Ջրաբերդի և Գյուլիստանի գավառներում ինքնավար և ժառանգ․ իրավունքներով կառավարում էին հայ մելիքները։

Օսմ. տիրապետության տակ մնացել են Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Կոմմագենե, Միջագետք Հայոց, Աղձնիք, Տարոն-Տուրուբերան, Մոկք, Կորճայք նահանգները, Գուգարք, Այրարատ և Վասպուրական նահանգների արմ. գավառները, Փոքր Հայքը և Կիլիկիան։

XVII դ-ում Արևմտյան Հայաստանը բաժանվել է Էրզրումի, Վանի, Կարսի, Չըլդրի, Սեբաստիայի, Դիարբեքիրի, իսկ Կիլիկյան Հայաստանը՝ Մարաշի և Ադանայի էլայեթների կամ վիլայեթների (նահանգներ)։

ՆՈՐ ՇՐՋԱՆ. XVII ԴԱՐԻ ԿԵՍԵՐ-1918 ԹՎԱԿԱՆ

Հայ ազգային-ազատագրական շարժումները XVII-XVIII դարերում

XVII-XVIII դդ-ում շարունակվել են հայ գործիչների՝ օգնություն հայցող դիմումները Արևմուտքի քրիստոնյա պետություններին և Հռոմի պապին։ Վերջինիս թուրք․ լծից ազատագրվելու օգնության խնդրանքով դիմել են նաև Անտիոքի հունաց պատրիարք Մակարը և Հալեպի ասորվոց կաթողիկոս Անդրեասը։ 1662-ին Կիլիկիո հայոց կաթողիկոս Խաչատուր Գ Գաղատացին (1657-74) նույն խնդրանքով դիմել է Ֆրանսիայի և Վենետիկի կառավարություններին, 1670-ական թթ-ին Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին (1655-80) նամակներ է հղել Հաբսբուրգների Լեոպոլդ I կայսրին։

1677-ի սկզբին կաթողիկոսը Սբ․ Էջմիածնում գումարել է բարձրաստիճան հոգևորականության և Արևելյան Հայաստանի մելիքների ու մեծատունների (մասնակիցների թիվը՝ 12) գաղտնի ժողով, որը որոշել է օգնության հայցով դիմել Հռոմի պապին, հնազանդություն հայտնել և նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ։ Որոշվել է պատվիրակություն ուղարկել նախ Վրաստան, ապա՝ Եվրոպա։ Պատվիրակության կազմում ընդգրկվածներից (6 հոգի) հայտնի են կաթողիկոսը, Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել վրդ. Շոռոթեցին և Սիսիանի մելիք Իսրայելը, որն իր հետ է վերցրել նաև որդուն՝ Իսրայել Օրուն՝ Եվրոպայում կրթության տալու նպատակով։

1677-ի հունիսին պատվիրակությունը Թիֆլիսում բանակցություններ է վարել Քարթլիի Գեորգի XI թագավորի հետ՝ պայմանավորվելով, որ հայերը դիմեն Արևմուտքին, իսկ Վրաստանը՝ Ռուսաստանին։ 1678-ի վերջին ժամանելով Կ.