ունի դեռևս V դ-ում Արցախի և Ուտիքի թագավոր Վաչագան Գ Բարեպաշտի ընդունած «Սահմանադրություն կանոնական»-ը, որը նախատեսված էր հասարակական հարաբերությունների կարգավորման համար։
Հայ իրականության մեջ սահմանադրության առաջին նախագիծը Շահամիր Շահամիրյանի շարադրած և Մադրասում իր որդի Հակոբի անունով հրատարակած «Որոգայթ փառաց»-ն է (1773), որի 521 հոդվածներում ներկայացվել են ապագա անկախ Հայաստանի հասարակական ու պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, լուսավորության, ՋՈւ-ի կազմակերպման հարցերը և այլն, կան նաև դասային աստիճանակարգումները վերացնելու և քաղաքացիներին խոսքի, դավանանքի, անձի ու գործունեության ազատություն տալու դրույթներ։
Հաջորդ նմանատիպ փաստաթուղթը՝ «Ազգային սահմանադրությունը», ընդունել է Կ. Պոլսի Հայոց ազգային ընդհանուր ժողովը 1860-ին, որը սուլթան, կառավարությունը վավերացրել է 1863-ին՝ «Հայ ազգի կանոնադրություն» վերտառությամբ։ Այն արևմտահայերի կրոնահամայնքային կյանքը կարգավորող կանոնադրություն էր, սակայն իրականում չկիրառվեց օսմանյան Թուրքիայում ծայր առած հայաջինջ քաղաքականության պատճառով։
Հայաստանի առաջին հանրապետությունը (1918-20) սահմանադրություն չի ընդունել։ Կիրառվել է Ռուսական կայսրության «Հավաք օրինացը»՝ որոշ փոփոխություններով։
ՀԽՍՀ առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1922-ին, իսկ 1937-ին և 1978-ին ընդունվել են նոր Սահմանադրություններ՝ ԽՍՀՄ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված։
ՀՀ-ում սահմանադրական վերահսկողությունը՝ պետաիրավական նորմերի համապատասխանությունը Սահմանադրությանը, իրականացնում է ՀՀ Սահմանադրական դատարանը։
ՀՀ Սահմանադրական դատարանը
ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է ՀՀ իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենք, 2006, հոդված 1)։ Ստեղծվել է 1996-ի փետրվարին, կազմված է 9 անդամից, որոնցից 4-ին նշանակում է ՀՀ նախագահը, 5-ին՝ Աժ-ն։ Վերջինս այդ կազմից նշանակում է նաև ՍԴ նախագահ (Գ. Հարությունյան՝ 1996-ից)։
ՍԴ-ն որոշում է օրենքների, Աժ-ի որոշումների, ՀՀ նախագահի հրամանագրերի, Կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների, միջագգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, լուծում հանրաքվեների, հանրապետության նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը, եզրակացություն է տալիս հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության, իր լիազորությունների կատարման անհնարինության մասին, ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի, կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ։ ՍԴ-ի որոշումներն ու եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մնում հրապարակման պահից։
ՀՀ ՍԴ-ն 1996-ից անդամակցում է ԵԽ-ի «Ժողովրդավարությունն իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով), 1997-ից համակարգում է նորաստեղծ «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, 2000-ից ընտրվել է «Եվրոպական Երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանս» կազմակերպության լիիրավ անդամ։
1997-ից հրատարակում է «Սահմանադրական դատարան» Եռամսյա տեղեկագիրը, որտեղ ներկայացվում է ՍԴ-ի գործունեությունը, տպագրվում են ՍԴ-ի որոշումները, գիտավերլուծ. և տեղեկատվ. հոդվածներ, նամակներ, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպ. դատարանի, արտասահմանյան երկրների Սահմանադրական արդարադատության մարմինների որոշումներ։
Ցայսօր լույս է տեսել տեղեկագրի 58 համար, հրատարակվել են նաև «Սահմանադրական իրավունք» ("Конституционное право”) միջազգային հանդեսի 51 համար և 8 հավելված, «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» քառալեզու տարեգրքի 9 համար։