Այս էջը հաստատված է

Պոլիս՝ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել արևմտահայ նշանավոր ազգ-կրոն. գործիչների, Կ. Պոլսի ու Երուսաղեմի հայոց պատրիարքների, ինչպես նաև արևմտաեվրոպ. մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և պապական նվիրակ Ֆրանցիսկո Ջիլիի հետ։

Վատիկանի հետ բանակցություններ նախապատրաստելու համար կաթողիկոսը Առաքել վրդ. Շոռոթեցուն 1679-ին ուղարկել է Հռոմ, իսկ ինքը պատմագիր Երեմյա Քյոմուրճյանի խորհրդով թղթակցել է Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ, որը խոստացել է աջակցել Հայաստանի ազատագրմանը։ Սակայն պատվիրակության գործունեությունն անսպասելիորեն ընդհատվել է Հակոբ Դ Ջուղայեցու կանխահաս վախճանի պատճառով (1680-ի օգոստ. 1)։ Պատվիրակության անդամներն ստիպված վերադարձել են Հայաստան՝ բացառությամբ Իսրայել Օրու, որի անվան հետ է կապված XVII դ-ի վերջի և XVIII դ-ի սկզբի հայ ազատագր. շարժման զարթոնքը։ Շարունակելով ազատագր. առաքելությունը՝ Օրին մեկնել է Վենետիկ, 1683-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտ., ապա՝ կապիտան), 1688-95-ին մասնակցել է անգլո-ֆրանս. պատերազմին։ 1698-ին Պֆալցում կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և օսմանյան. կայսրության թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան։ Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի Գեորգի XI թագավորին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական և ռազմ․ կացության մասին։

Օրին փորձել է ձեռք բերել նաև Լեոպոլդ I կայսեր աջակցությունը, փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը և 1699-ին վերադարձել է Հայաստան։ Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Սյունիքի Անգեղակոթ գյուղում, Սյունյաց 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով, որի անունից կազմված գրություններով՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս I Մեծին (1689-1725), և կնքված մաքուր թղթերով Մինաս վրդ. Տիգրանյանի հետ 1699-ի սեպտ-ին մեկնել է Դյուսելդորֆ։

Սակայն, Արևմուտքից հուսախաբ՝ Իսրայել Օրին Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ։ Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմ. սրբազան կայսրության հակաթուրք. դաշինքի գաղափարը, կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուս․ կառավարությանը ներկայացվել է 1701-ի հուլիսի 25-ին, հոկտ-ին Պետրոս Մեծն ընդունել է Օրուն ու Մինաս վարդապետին, իսկ 1702-ին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնել են, որ ռուս․ արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի Հյուսիսային պատերազմի (1700-21) ավարտից հետո միայն։

Իրանի ներքին կացության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու և հայ-վրաց. ուժերը համախմբելու նպատակով ռուս․ արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած պարսկ. առաքելությանը։ 1704-ին Օրին մեկնել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկ. տերությունում քրիստոնյաների հալածանքները դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ, 1706-ին նույնանման նամակ է ստացել Պետրոս Մեծից, նաև գնդապետի կոչում ու, որպես առաքելության ղեկավար, 1708-ի սկզբին ժամանել է Պարսկաստան։ 1709-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագր. պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ։ Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը։ Սակայն Իսրայել Օրին 1711-ի սեպտ-ին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ։

Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից (1721) հետո Պարսկաստանում սկսված խառնակությունների ժամանակ Պետրոս Մեծը 1722-ին սկսել է Պարսկ.