Այս էջը հաստատված է

(Կասպիական) արշավանքը, որի նպատակը Կասպից ծովի արմ. ափերին և, մասնավորապես, մետաքսարտադրության կենտրոնին՝ Գիլանին տիրանալն էր։ Քաղաքական առումով այն նպաստելու էր հայ-վրաց. ուժերի համախմբմանը և միացյալ քրիստ. թագավորության ստեղծմանը։ 1722-ի օգոստ-ին ռուս․ զորքերը մտել են Դերբենդ։ Վրաց. 30-հազարանոց զորքը՝ Վախթանգ VI թագավորի, հայկական 10-հազար անոց զորքը՝ Եսայի Հասան-Ջալալյանի առաջնորդությամբ 1722-ի սեպտ. 22-ին միացել են Գանձակի մոտ՝ Չոլակ գյուղում, և շուրջ 2 ամիս սպասել ռուս․ զորքերի Շամախի մտնելուն։ Պետրոս Մեծից օգնություն չստանալով (արշավանքն ընդհատվել էր, ռուս․ զորքն Աստրախան էր քաշվել)՝ վրաց. բանակը վերադարձել է Թիֆլիս, իսկ հայկական ուժերը շարունակել են պարսից տիրապետության դեմ սկսված ապստամբ․ շարժումը։ 1722-ի վերջին Պարսից նոր շահ Թահմազ II-ը Վախթանգ VI-ին Քարթլիում զրկել է իշխանությունից և այն հանձնել մահմեդականություն ընդունած Կախեթի Կոստանդին թագավորին (հայտնի է Մուհամադկուլի խան անունով), որը 1723-ի մայիսին գրավել է Թիֆլիսը, իսկ ամռանն այն զավթել են թուրքերը։ Վախթանգն իր արքունիքով արտագաղթել է Ռուսաստան, Մուհամադկուլի խանը՝ որպես պարսից պաշտոնյա՝ բեկլարբեկ, մեկնել է Գանձակ։

Պետրոս Մեծի 1723-ի հունիսի 3-ի հրամանագրով (առաքումը հանձնարարվել էր արքունիքի պատվիրակ Իվան Կարապետին)՝ հայ առևտրականները վերցվել են կայսեր․ հովանավորության տակ՝ ստանալով որոշ արտոնություններ։ Ռուսաստանի կայսրն Իվան Կարապետին լիազորել էր արևելահայությանը հուսադրել և հայտարարել. «Մենք, համաձայն իրենց խնդրանքի, հակված ենք և պատրաստ նրանց ընդունելու մեր պաշտպանության տակ և ազատելու անհավատների լծից։ Բայց իրենք էլ կարող են հասկանալ, որ մենք նախ պետք է մեր իշխանությունը հաստատենք Կասպից ծովի վրա և նրա շրջակա վայրերին տիրանանք, և այնտեղ ամեն տեսակ պատրաստություն տեսնենք Հայաստան արշավելու համար...»։

Ստեղծված իրավիճակում ապստամբած հայ ժողովուրդը միայնակ է մնացել պարսկ. և թուրք․ գերակշիռ ուժերի դեմ։ Արցախում ստեղծվել են ռազ․ կայան-ամրություններ (սղնախ)՝ իրենց մշտ. զորաջոկատներով, որոնք անհրաժեշտության դեպքում համալրվելու էին աշխարհազորայիններով (30-50 հազար մարդ)։ Ձգտելով ամրապնդվել Կասպիականի ափերին, բայց միաժամանակ խուսափելով օսմանյան. սուլթանության դեմ պատերազմից՝ Ռուսաստանը 1724-ի հունիսի 12-ին Կ. Պոլսում Թուրքիայի հետ կնքել է պայմանագիր, որով Կասպիականի առափնյա նեղ շերտը (Դերբենդից մինչև Մազանդարան) ճանաչվել է ռուս․, իսկ Այսրկովկասի մնացյալ շրջանները՝ թուրք․ գոտի։ Պայմանագիրը ծանր հարված էր հայ ազգ-ազատագր. շարժմանը։ Այդ ընթացքում թուրքերը գրավել են Նախիջևանը, Օրդուբադը, Գողթնը, 1724-ի սեպտ. 26-ին՝ 3 ամիս պաշարված Երևանը (այդ դեպքերը նկարագրել է պատմագիր Աբրահամ Երևանցին)։ 1725-ի ամռանը նվաճել են Լոռու բերդը, հոկտ-ին՝ Գանձակը։ Բայց նույն թվականի փետր-ին Վարանդայում հայկական ուժերը գլխովին ոչնչացրել են թուրք. 6-հազարանոց զորաբանակը։

Այդ ծանր իրադրության մեջ հայ ազգ-ազատագր. շարժման ղեկավարներն ապարդյուն օգնություն են հայցել ռուս․ արքունիքից։ Մեծ կորուստ էր 1728-ին արցախահայության պայքարի ոգեշնչող և կազմակերպիչ Եսայի Հասան-Ջալալյանի մահը, 1729-ին՝ զորահրամանատարներ Ավան և Թարխան յուզբաշի եղբայրների հեռանալը։ 1729-31-ին թուրք․ նվաճման դեմ պայքարը շարունակել է Գյուլիստանի սղնախը՝ Աբրահամ սպարապետի հրամանատարությամբ։

1730-ական թթ-ի կեսին Արցախի մելիքները պարսից զորքի օգնությամբ թուրքերին վտարել են Այսրկովկասից և Արցախի հայկական մելիքությունները միավորել Խամսայի մելիքությունների (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի) միության մեջ, որի սահմանները տարածվել են Գանձակի հվ. շրջաններից մինչև Արաքս գետը։ Խամսայի (արաբ., նշանակում է հինգ) մելիքությունների կառավարիչ է նշանակվել Դիզակի մելիք Եգանը (ստացել է նաև խանի տիտղոս), հաջորդել են որդիները՝ Արամը, այնուհետև՝ Եսային։

1720-ական թթ-ի հայ ազգ-ազատագր. շարժման մյուս մեծ կենտրոնը Սյունիքն էր՝ Դավիթ Բեկի գլխավորությամբ, որն առաջին հաղթական մարտը մղել է 1722-ի աշնանը՝