էր սատարել Հայաստանի ազատագրությանը։ Փոխարենը՝ վերականգնված հայկ․ պետությունը դաշնակցային սերտ կապեր պետք է ունենար Ռուսաստանի հետ։ 1780-ին Աստրախանում զորավար Ալեքսանդր Սուվորովը հայերի աջակցությամբ նախապատրաստվել է արշավել Պարսկաստան։ Անսալով Արցախի հայ մելիքների 1783-ի դիմումին՝ ռուս․ կառավարությունը որոշել է Գեորգի Պոտյոմկինի հրամանատարությամբ արշավանք սկսել, տապալել Ղարաբաղի Իբրահիմ խանին և հիմնել հայկական իշխանություն, բայց այդ ծրագիրը նույնպես ձախողվել է։
Հաս-քաղաքական գործիչների մեջ մեծ արձագանք է ունեցել 1783-ի հուլիսի 24-ին Գեորգինսկ ամրոցում կնքված պայմանագիրը, որով Քարթլ-Կախեթի թագավոր Հերակլ ll-ը հրաժարվել է Իրանի կամ այլ պետության ենթակայությունից և մտել Ռուսաստանի հովանավորության տակ։
1780-ական թթ-ին Հովսեփ արք. Արղությանը և Հովհաննես Լազարյանը ռուս․ կառավարությանը ներկայացրել են դաշնադրության 2 նախագիծ։
Ըստ առաջինի՝ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը դառնալու էր ինքնուրույն հանրապետություն՝ հայազգի նախարարի գլխավորությամբ։ Հայաստանը և Ռուսաստանը կապվելու էին անխախտ բարեկամությամբ։ Անհրաժեշտության դեպքում Հայաստանն իր դաշնակցին տրամադրելու էր 6 հզ. զինվոր։ Նույնչափ ռուս․ զորք էր տեղակայվելու Հայաստանում, որը 20 տարում մաս առ մաս դուրս էր բերվելու։ Ըստ 2-րդ նախագծի՝ վերականգնվելու էր Հայոց թագավորությունը։ Թագավորի (հայ կամ ռուս) ընտրության իրավունքը վերապահվում էր Ռուսաց կայսրին։ Հայոց թագավորն ընդունելու էր Հայ եկեղեցու դավանանքը և օծվելու էր Սբ Էջմիածնում։ Հայաստանն ունենալու էր պետ․ զինանշան, դրոշ, պատվո նշաններ, հատելու էր սեփական դրամ և վասալ, կախման մեջ էր լինելու Ռուսաստանից։ Առևտրի համար Հայաստանին նավահանգիստ էր տրամադրվելու Կասպից ծովի ափին։
1794-ին իրեն Պարսկաստանի շահ հռչակած Աղա Մուհամադ խան Կաջարը 1795-ին արշավել է Արցախ և Վրաստան։ Շուշիի ապարդյուն պաշարումից հետո նա սեպտ. 12-ին գրավել է Թիֆլիսը և 7 օր ավերել ու կողոպտել քաղաքը։ Ըստ ավանդության՝ այդ ժամանակ էլ նահատակվել է Սայաթ-Նովան (1722-1795)։ Ի պատասխան՝ ռուս․ զորքերը կոմս, գեն. Վալերիան Ձուբովի հրամանատարությամբ և Հովսեփ արք. Արղությանի մասնակցությամբ 1796-ի գարնանը ձեռնարկել են պարսկ. արշավանք։ 1796-ի ապրիլի 18-ին ռուս․ զորքերը Ղզլարից շարժվել են հվ., մայիսի 10-ին գրավել են Դերբենդը, այնուհետև՝ Ղուբան և Բաքուն։ 1796-ի աշնանը Գանձակ արշավող ռուս․ զորքին Հովսեփ արք. Արղությանի կոչով օգնել են տեղի հայ գյուղացիները, որոնք նրանց մատակարարել են պարեն և իրենց սայլերով տեղափոխել զինամթերքը։ Դեկտ. 13-ին հանձնվել է նաև Գանձակը, սակայն Եկատերինա ll-ին (մահացել է նոյեմբ. 6-ին) հաջորդած Պավել l-ը (գահակալել է մինչև 1801-ը) դադարեցրել է արշավանքը և հետ կանչել ռուս․ զորքերը, որը ծանր հարված էր հայ ժողովրդի ագգ-ազատագր. պայքարին։
Արևելյան Հայաստանը XIX դարի 1-ին կեսին
XIX դ-ի սկզբին Հայաստանը բաժանված էր Օսմ․ կայսրության (Արևմտյան) և Պարսկաստանի (Արևելյան) միջև։ Արլ․ Հայաստանն ընդգրկել է Երևանի, Նախիջևանի, Մակուի, Գանձակի և Ղարաբաղի խանությունների տարածքները։ Հս․ մի քանի գավառներ (Լոռի, Փամբակ, Շամ-շադին) Վրաց թագավորության (գոյատևել է մինչև 1801-ը) կազմում էին։ Խանությունները, որոնք կառավարել են շահի նշանակած խաները, բաժանվել են մահալների, որոնք կառավարել են խանի նշանակած նաիբները կամ միրբոլուքները. դրանք մահմեդ բեկեր էին կամ հայ մելիքներ։ Վրաց թագավորության կազմի մեջ մտնող հայկ․ գավառները գլխավորել են մոուրավները, իսկ Վրաստանի՝ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց (1801) հետո մոուրվաներին կից նշանակվել են Վրաստանի գլխ․ կառավարչին անմիջականորեն ենթակա պրիստավներ։ Պարսկաստանի ամենամեծ խանություններից էր Երևանի խանությունը (15 մահալ), որը հիմնականում ներառում էր Արարատյան դաշտն ու նրա հարակից շրջանները։ Երևանի խանության կառավարիչը սարդարն էր՝ օժտված մեծ իրավունքներով, իսկ քաղաքի հայ բնակչությանը բավական ժամանակ կառավարել են Մելիք֊Աղամալյանները։