Այս էջը հաստատված է

մատնել պարսիկներին, իսկ ռուս․ բանակի գլխ․ ուժերը Ցիցիանովի գլխավորությամբ շարժվել են դեպի Էջմիածին, որտեղ տեղակայվել էր Աբբաս Միրզայի բանակը։ Շրջանցելով Էջմիածինը՝ Ցի-ցիանովը հունիսի 25-ին գրավել է Քանաքեռը, 30-ին պարտության է մատնել պարսկ. 27-հզ-անոց բանակին։ Հուլիսի 2-ին ռուսները պաշարել են Երևանի բերդը. նրանց դիմադրել է բերդի կայազորը։ Վճռական գրոհի անցնելու փոխարեն Ցիցիանովը բանակցություններ է վարել Երևանի Մուհամմադ խանի հետ՝ առանց դիմադրության բերդը հանձնելու առաջարկությամբ։ Վերջինս, ժամանակ շահելու և օգնություն ստանալու նպատակով, դիտավորյալ ձգձգել է բանակցությունները։ Սակայն սկսված շոգը, տարածված հիվանդությունները, պարենի ու ռազմամթերքի պակասը հարկադրել են Ցիցիանովին սեպտ. 4-ին վերացնել պաշարումը և վերադառնալ Վրաստան։

Մինչև 1805-ի ամռանը ռազմ․ գործողությունների վերսկսումը Ռուսաստանին են անցել Ղարաբաղի (մայիսի 14-ի Քյուրակչայի պայմանագրով), Շիրվանի, Շաքիի խանությունները և Շորագյալի սուլթանությունը։ 1805-ի հունիսին Աբբաս Միրզան մեծաքանակ բանակով հարձակվել է Արցախի վրա, պաշարել Շուշիի բերդը, որը պաշտպանում էր ռուս․ փոքրաթիվ կայազորը։ Օգնության եկած գնդապետ Պյոտր Կարյագինի ջոկատի (շուրջ 500 զինվոր) ճանապարհն Ասկերանի կիրճում փակել է պարսից բանակը։ Շրջափակված Կարյագինը հայերի օգնությամբ կարողացել է հետ մղել Աբբաս Միրզայի զորքերի գրոհները, իսկ հուլիսի 28-ին Ձագամի ճակատամարտում (Շամքորից հյուսիս-արմ.) ջախջախել է նրանց։

1805-ի հունիսին ռուս․ հրամանատարությունն արշավանք է սկսել նաև Կասպից ծովով՝ Բաքուն և Ռեշտը գրավելու նպատակով, սակայն ապարդյուն։ 1805-ի նոյեմբ-ին Ցիցիանովը շարժվել է դեպի Բաքու, բայց սպանվել է 1806-ի փետր. 8- ին՝ Բաքվի խանի հետ բերդը հանձնելու շուրջ բանակցությունների ժամանակ։ Գլխ․ հրամանատար է նշանակվել գենֆելդմարշալ Իվան Գուդովիչը։ Ռուս․ զորքերը հեռացել են Բաքվից։ 1806-ի ամռանն Աբբաս Միրզան 20-հզ-անոց զորքով ներխուժել է Արցախ, բայց գեն. Պյոտր Նեբոլսինը հունիսի 13-ին Խոնաշենի կիրճում ջախջախել է նրան, հարկադրել նահանջել դեպի Արաքս։ 1806-ի ընթացքում ռուս․ զորքերը գրավել են Դերբենդը, Բաքուն և Ղուբան։

Ռուս-պարսկ. պատերազմը շարունակվում էր, երբ Ֆրանսիայի դրդմամբ 1806-ի դեկտ. 18-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ Պատերազմ. գործողությունները տեղի են ունեցել Դանուբյան և Կովկասյան ռազմաճակատներում։ Թուրք. 20-հազարանոց բանակը Յուսուֆ փաշայի հրամանատարությամբ հարձակվել է Գյումրիի վրա։ 1807-ի հունիսի 18-ին Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ Գուդովիչը 7-հզ-անոց զորքով պարտության է մատնել թուրքերին, որոնք տվել են 1000 սպանված, Յուսուֆ փաշան փախել է՝ գերությունից մազապուրծ, իսկ օգնության եկած պարսիկներն առանց մարտի մեջ մտնելու հեռացել են։

Ռուս-թուրք. պատերազմն ստիպել է ռուս․ հրամանատարությանը ժամանակավոր զինադադար կնքել Պարսկաստանի հետ։ Սակայն հաշտության բանակցություններն ընթացել են շատ դանդաղ։ 1808-ին վերսկսվել են ռազմ․ գործողությունները։ Սեպտ. 29-ին Աշտարակի մերձակայքում Գուդովիչը ջախջախել է Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի 4-հզ-անոց հեծելազորը, սեպտ. 30-ին գրավել է էջմիածինը, հոկտ. 9-ին պաշարել Երևանի բերդը։ Հոկտ. 28-ին գեն. Նեբոլսինի զորաջոկատը Կարաբաբայի մատույցներում պարտության է մատնել Աբբաս Միրզային և հոկտ. 1-ին գրավել Նախիջևանը՝ պարսիկներին զրկելով պաշարված Երևանի բերդին օգնություն ցույց տալու հնարավորությունից։ Սակայն Երևանի բերդի երկրորդ պաշարումն ու գրոհը նույնպես ավարտվել են անհաջողությամբ։ Նոյեմբ. 30-ին Գուդովիչը նահանջել է, իսկ դեկտ. 1-ին Նեբոլսինը թողել է Նախիջևանը։

Գուդովիչին փոխարինած գեն. Ալեքսանդր Տորմասովը վերսկսել է հաշտության բանակցությունները։ Սակայն պարսից զորքերը Ֆաթհ Ալի շահի հրամանատարությամբ անսպասելի ներխուժել են Գյումրի-Արթիկի շրջան։ Ռուսները հետ են մղել շահի զորքերի հարձակումը և խափանել 1809-ի օգոստ-ին Գանձակը գրավելու Աբբաս Միրզայի փորձը։ Ձախողվել է նաև Հուսեին Ղուլի խանի 10-հզ-անոց զորքով Ախալցխայում թուրքերին