հանձնվել է Աբբասաբադ ամրոցը։ Սակայն շոգի և հիվանդությունների պատճառով Կրասովսկին թողել է Երևանի պաշարումը և իր դիվիզիան հանգստի տարել Արագածի լանջերը։ Աբբաս Միրզան, օգտվելով իրավիճակից, 30-հզ-անոց բանակով թևանցել է ռուս․ բանակին և պաշարել Էջմիածինը։ Կրասովսկին շտապել է օգնության։ 1827-ի օգոստ. 17-ին Օշական գյուղի մոտ 10 անգամ գերազանցող պարսկ. զորքերի դեմ արյունահեղ ճակատամարտում հաղթել են ռուսները։
Օշականի ճակատամարտում հաղթանակի պատվին 1834-ին Սբ. էջմիածնի միջոցներով կառուցվել է հուշարձան, որը կանգուն է ցայսօր։
Ռուս․ բանակի գլխավոր ուժերը Պասկևիչի հրամանատարությամբ սեպտ. 19-ին գրավել են Սարդարապատը, սեպտ. 25-ին պաշարել Երևանի բերդն ու սկսել ռմբակոծումը։ «Հինգ օր, հինգ գիշեր սար ու ձոր դմբում, դմբդմբում էր...»,- գրել է ժամանակակիցը՝ Խաչատուր Աբովյանը։ 1827-ի հոկտ. 1-ի առավոտյան ռուս․ զորքերը, նրա առաջին շարքերում՝ դեկաբրիստ զինվորներն ու հայ կամավորները, մտել են բերդ։ Գերի է վերցվել ավելի քան 3 հզ. մարդ, այդ թվում՝ Հասան խանը։ Գրավվել են 100 մեծ ու փոքր թնդանոթներ, մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։ Բերդը գրավելիս զոհվել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հերոսը՝ կամավոր Աղասին։ Երևանի գրավման համար Պասկևիչին տրվել է «Կոմս Էրիվանսկի» պատվատիտղոսը, շատ զինվորներ (նաև հայեր) պարգևատրվել են «Երևանի բերդի գրավման համար» մեդալով։
Գեն. Գեորգի էրիսթովի առաջապահ ջոկատը հոկտ. 3-ին գրավել է Մարանդը, հոկտ. 14-ին՝ Թավրիզը, իսկ 19-ին Թավրիզ են մտել գլխավոր ուժերը։ 1827-ի վերջին-1828-ի սկզբին ռուս, զորքերը գրավել են Խոյը, Սալմաստը, Ուրմիան, Մարաղան, Արդաբիլը և շարժվել դեպի Թեհրան։ Ֆաթհ Ալի շահն ստիպված հաշտություն է խնդրել։
1828-ի փետր. 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքված պայմանագրով (ստորագրել են Պասկևիչը և Աբբաս Միրզան) Պարսկաստանը պաշտոնապես ճանաչել է Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին։ Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք է տրվել գաղթելու Ռուսական կայսրությանն անցած տարածքները։ Գաղթի համար սահմանվել է 1 տարի ժամանակ։ Գաղթականներն իրավունք ունեին իրենց հետ վերցնելու շարժ․ գույքը, իսկ անշարժ գույքը վաճառելու կամ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար տրվել է 5 տարի ժամանակ։
1828-29-ին Ալեքսանդր Գրիբոյեդովի, Ներսես արք. Աշտարակեցու, Հարություն Ալամդարյանի գործուն մասնակցությամբ Թավրիզի, Մակուի, Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի և այլ շրջաններից ավելի քան 8 հզ. հայ ընտանիքներ՝ շուրջ 45 հզ. մարդ, գաղթել և բնակություն են հաստատել Երևանի ու Նախիջևանի գավառներում, Վայոց ձորում, մասամբ՝ Ձանգեզուրում, Արցախում և այլ վայրերում։ 6 տարով նրանք ազատվել են հարկերից ու տուրքերից։ Աղքատներին դրամ, օգնություն է տրվել բնակարաններ կառուցելու համար։
Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով փոխվել է ժողովրդագր. պատկերը ներկայիս Հայաստանի տարածքում։ Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն։
1828-ի ապրիլին սկսված ռուս-թուրք. պատերազմ, գործողությունները տեղի են ունեցել Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում։ Հունիսին ռուս․ բանակը Ի. Պասկևիչի հրամանատարությամբ Գյումրիի մոտ անցել է Ախուրյանը և շարժվել դեպի Կարս։ Պաշարելով քաղաքը՝ եռօրյա համառ մարտերից հետո՝ հունիսի 23-ին, ռուս զորքերը տեղացի հայերի գործուն մասնակցությամբ գրոհով վերցրել են Կարսի անառիկ բերդը։ Հուլիսի 24-ին գրավել են Ախալքալաքը, օգոստ. 15-ին՝ Ախալցխան, 28-ին՝ Արդահանը։ Նույն ամսին ռուս․ զորքերի երևանյան