Այս էջը հաստատված է

ջոկատը գեն. Ալեքսանդր Ճավճավաձեի հրամանատարությամբ մտել է Բայազետի ու Ալաշկերտի գավառներ, որտեղ բնակչության 80 %-ը հայ էր։ Անգլիայի հրահրումով ու օգնությամբ, որ ձգտում էր ամեն կերպ կանգնեցնել ռուս․ զորքերի առաջխաղացումը, Թուրքիան մեծ ուժեր էր կուտակել Կարինում (էրզրում) և 1829-ի գարնանն անցել է հարձակման։ Հանկարծակի ներխուժելով Ախալցխա՝ մեծ կորուստներ է պատճառել տեղի բնակիչներին ու կայազորին։ Գեն. Վալերիան (Բարսեղ) Բեհբութովի (Բեհբության) և Բորժոմի կիրճով նրան օգնության հասած գեն. Իվան Բուրցովի զորքերը փախուստի են մատնել թշնամու գերակշիռ ուժերին։ Կարսի ուղղությամբ նույնպես հետ մղելով թուրքերի հարձակումները՝ ռուս, զորքերը շարժվել են դեպի Կարին։ Նրանց հետ էր նաև ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը։ 1829-ի հունիսի 27-ին ռուսները գրավել են թուրք․ վարչ. ու ռազմ. նշանավոր կենտրոն Կարինը։ Ա. Պուշկինն իր «ճանապարհորդություն դեպի Արզրում» երկում նկարագրել է հայերի ոգևորությունը։ 1829-ի հունիսին, երբ ռուս․ զորքերն արշավել են Կարին, Վանի փաշան 15-հզ-անոց զորքով հարձակվել է Բայազետի վրա։ Քաղաքի ռուս․ կայազորը (1800 հոգի) և 1000 հայ կամավորներ հունիսի 21-ին անցել են հակահարձակման ու թշնամուն դուրս շպրտել քաղաքից։ Բայազետի հերոս. պաշտպանությունը ղեկավարել են գեն-ներ Պոպովը և Պանյուտինը։ Քաջի մահով է ընկել երիտասարդ հրետանավոր Սելիվանովը։ Հուլիս-օգոստ-ին ռուս. զորքերը գրավել են Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին։ Մարտերին մասնակցող բազում դեկաբրիստ սպաներից գեն. Բուրցովը զոհվել է Բաբերդի մերձակայքում։ Մայրաքաղաքի՝ Կ.Պոլսի մատույցներում ռուս․ զորքերի հայտնվելը հարկադրել է թուրք․ կառավարությանը հաշտություն խնդրել։ 1829-ի սեպտ. 2-ին Ադրիանապոլիս քաղաքում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանից մինչև Փոթի ներառյալ, Ախալցխան ու Ախալքալաքը։ Պայմանագիրը չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք նույնպես ձգտում էին միանալ Ռուսաստանին։ Արևմտաեվրոպ. մեծ պետությունների ճնշման տակ Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Կարինը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը և գրաված մյուս շրջանները։ Դժգոհելով պայմանագրից՝ Պասկևիչը Նիկոլայ I ցարին առաջարկել է գոնե Կարսն ու Բայազետը՝ որպես ռազմավար, կենտրոններ, չվերադարձնել Թուրքիային։

Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից՝ 1829-30-ին Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից Ռուսաստանին անցած տարածքներ տեղափոխվել է շուրջ 80 հազար հայ։ Կարինցիները (7300 ընտանիք) հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները (2500 ընտանիք)՝ Շիրակի ու Թալինի շրջաններում, բայազետցիները (4215 ընտանիք)՝ Սևանա լճի ավազանում, Կարինի հայերի հետ գաղթած հույները՝ Ծալկայի շրջանում։ Այս վերաբնակիչները նույնպես 6 տարով ազատվել են հարկերից ու տուրքերից, կարիքավորներին տրվել է դրամ․ օգնություն։