Ռուս-պարսկ. և ռուս-թուրք. պատերազմների ժամանակ հայ ժողովուրդն զգալի ռազմ., նյութ, և բարոյական օգնություն է ցույց տվել ռուս. բանակին։ 1804-13-ի ռուս-պարսկ. պատերազմի ընթացքում Երևանի բերդի առաջին պաշարմանը (1804) մասնակցել են 100 հեծյալից կազմված հայկ. աշխարհազորային և Ռոստոմ Բեկի (Ռուստամ) գլխավորած հայկ․ հեծյալ ջոկատները։ Պատերազմի առաջին իսկ օրերից Ղազախ-Շամշադինում և Դիլիջանում թշնամու դեմ սրընթաց գրոհներ է կատարել վրդ. (հետագայում՝ արք.) Գրիգոր Մանուչարյանցի աշխարհազորային ջոկատը (500 հեծյալ)։ Լոռի-Փամբակում աչքի են ընկել Մարտիրոս Վեքիլյանի ջոկատը և Մելիք-Աբովի 50-հոգանոց հեծյալ ջոկատը։ 1826-28-ի ռուս-պարսկ. պատերազմին, որպես հեծյալ ջոկատի հրամանատար, մասնակցել է Նապոլեոն Բոնապարտի թիկնապահ Ռուստամը (Ռուստոմ Խաչատուրյան). Արցախի ազատագրումից հետո բնակվել է Շուշիում։ «Ինչ որ պարսից կռվի ժամանակ Հայք արին, աստծուն է հայտնի... թե մարդ չիմանա, քարերը վկայություն կտան...»,- գրում է Խաչատուր Աբովյանը։
1828-29-ի ռուս-թուրք. պատերազմի ժամանակ Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ Բայազետում կազմավորված 500-հոգանոց կամավոր. ջոկատը գործուն մասնակցություն է ունեցել ռազմ․ գործողություններին։ Բայազետում պաշտպանության հրամանատար գեն. Պոպովը վկայում է. «Հայերը կռվում էին և մեռնում որպես հերոսներ»։ 1806-ին Արցախում կռվել է Մելիք-Ջումշուդ Շահնազարյանցի հեծյալ ջոկատը։
1811-12-ին Ջանգեզուրում նույնպես կազմավորվել են աշխարհազոր․ ջոկատներ, որոնք մասնակցել են ռուս․ զորքերի գործողություններին։ Շատ հայեր՝ որպես ռազմ, հետախույզներ ու կապավորներ, մեծապես օժանդակել են ռուս․ զորքերին։ Խիզախությամբ և համարձակությամբ աչքի են ընկել Հարություն Բաբիջանյանը, Վանի և Հակոբ Աթաբեկյան եղբայրները, Հովհաննես Ասլանյանը (Երկրորդ ռուս-պարսկ. պատերազմի հերոս), Հարություն Մանուկյանը, Մկրտիչ Կոստանյանը, Համազասպ Եսայանը և ուր․։1827-ի գարնանը Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես արք. Աշտարակեցու և բանաստեղծ, մանկավարժ Հարություն Ալամդարյանի ջանքերով Թիֆլիսում և այլ քաղաքներում ստեղծվել են հայկ կամավոր. գումարտակներ՝ իրենց կանոնադրությամբ, դրոշով և հայ հրամանատարներով։ Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների թիվը հասել է ավելի քան 1000-ի։
Արևմտահայերին օգնության մեկնած Արցախի կամավոր, հեծյալ գնդի մասին Պուշկինը գրում է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր՝ բերելով թուրքական 8 դրոշակ»։ Պատերազմների ժամանակ բազմաթիվ հայեր աչքի են ընկել խիզախությամբ և պարգևատրվել մարտ․ շքանշաններով։ Ռուս․ բանակի պարենի պակասը հոգացել են հայ գյուղացիները, զգալի օգնություն է ցույց տվել նաև Սբ էջմիածնի վանքը։ Ռուս-պարսկ. և ռուս-թուրք. պատերազմներին գործուն մասնակցություն են ունեցել նաև Կովկաս աքսորված դեկաբրիստները՝ 70 սպա և 3 հզ. շարքային զինվորներ։ Աչքի են ընկել Իվան Բուրցովը, Միխայիլ Պուշչինը, Նիկոլայ Օրժիցկին, Ռենիս Դավիդովը, Եվգենի Լաչինովը և ուր.: