Այս էջը հաստատված է

առևտրի միջնորդներն էին։ Հայերը տնօրինել են Արմ. Հայաստանի և Կիլիկիայի ողջ առևտուրը։ Կարինը, Բաղեշը, Վանը, Ադանան և այլ քաղաքներ եղել են տեղ., եվրոպ. և ասիական արդ. ապրանքի գնման, վաճառահանման ու կարավանայի առևտրի կարևոր կենտրոններ։ Սուեզի ջրանցքի բացումը (1869) փոխել է առևտր. ճանապարհները, և Արմ․ Հայաստանի քաղաքները կորցրել են իրենց առևտր. նախկին նշանակությունը։ Թուրքիայում առևտրի զարգացումը խոչընդոտել են անձի և գույքի անապահովությունը, հարկային ծանր բեռը, բարձր մաքսերը, ազգ․ խտրականությունը, եվրոպ. կապիտալի մրցակցությունը։

Կառավարության ագգ. ու կրոն, հալածանքների քաղաքականությունն արգելակել է արտադրող, ուժերի զարգացումը, հող ստեղծել վաչկատուն ցեղերի տարածման և տիրապետության համար։

1830-ական թթ-ին կայսրությունում տիրող ճգնաժամը, որն ավելի էր ծանրացրել հայերի, հույների, սերբերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների կացությունը, հարկադրել է իշխանություններին իրավիճակից դուրս գալու միջոցներ որոնել։ Որոշել են բարենորոգումների ուղիով կասեցնել կայսրության քայքայումը, բարելավել վարչ․ կառավարման համակարգը, կանխել ճնշված ժողովուրդների ազգ-ազատագր. շարժումները։ «Թանզիմաթ» (բարեփոխում) անվանվող հայտնի այդ փորձերը ձեռնարկվել են 1839-ին և շարունակվել մինչև 1870-ական թթ-ի սկիզբը։ 1839-ի նոյեմբ. 3-ին հրապարակվել է «Հաթթը շերիֆ» (սրբազան գիր) հրովարտակը, որով հռչակվել է բոլոր հպատակների (անկախ կրոն, և ազգ․ պատկանելիությունից) անձի, պատվի, գույքի անձեռնմխելիություն, հարկերի կարգավորում, զինծառայության ժամկետի կրճատում, ֆինանս․, վարչ․, դատ․ համակարգերի բարելավում ևն։ «Հաթթը շերիֆը», առանձին դեպքերում հակասելով շարիաթին, հանդիպել է մահմեդականների կատաղի դիմադրությանը և հաճախ վերաճել քրիստոնյաների ջարդերի։ Օգտվելով նման իրավիճակից՝ 1842-43-ին Արմ Հայաստանի քուրդ բեկերն ապստամբել են։ Ապստամբությունը ճնշվել է, քրդ. կիսանկախ վարչ․ միավորները վերացվել են, ապստամբ բեկերը՝ աքսորվել։ Սակայն, նորերի գալով, դրությունը մնացել է նույնը՝ վատթարացնելով հայ-քրդ. հարաբերությունները։

«Հաթթը շերիֆը» գրեթե ոչնչով չի փոխել իրավիճակը, այլադավաններին խոստացած հավասարությունը մնացել է թղթի վրա։ Ղրիմի կամ Արևելյան պատերազմի (1853-56) տարիներին կտրուկ վատթարացել է կայսրության տնտ․ կացությունը։ 1854-ին Ռուսաստանի դեմ պայքարում Թուրքիային են միացել Անգլիան, Ֆրանսիան և Սարդինական թագավորությունը։ Ռուսաստանը ձգտում էր գրավել Արմ․ Հայաստանը, հատկապես Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, Բալկանները, իսկ Թուրքիան՝ Կովկասը։ Պատերազմ․ գործողությունները ծավալվել են Դանուբի, Ղրիմի և Կովկասի ռազմաճակատներում։

Անցնելով հակահարձակման՝ ռուս․ 10-հզ֊անոց զորամասը գեն. Վ. Բեհբութովի հրամանատարությամբ 1853-ի նոյեմբ. 19-ին Բաշկադըքլար գյուղի մոտ պարտության է մատնել թուրք. 36-հզ֊անոց կորպուսին և հետ շպրտել դեպի Կարս։ 1854-ի հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում գեն. Վ. Բեհբութովի 18-հզ֊անոց զորամասը ջախջախել է թուրք. 60-հզ֊անոց զորաբանակը. այդ նույն ժամանակ Երևաևյան ջոկատը գրավել է Բայազետը։ 1855-ի նոյեմբ. 16-ին ռուս․ զորքերը Կովկասի նոր փոխարքա գեն. Նիկոլայ Մուրավյովի հրամանատարությամբ գրավել են Կարսը։ Չնայած այդ հաջողություններին՝ Սևաստոպոլի անկումը (1855-ի սեպտ. 8) ծանր հարված էր Ռուսաստանին։ 1856-ի մարտի 18-ին Փարիզում կնքված հաշտության պայմանագրով՝ Արմ․ Հայաստանի բոլոր գրավված շրջանները վերադարձվել են Թուրքիային, փոխադարձաբար Ռուսաստանին են վերադարձվել Սևաստոպոլը և այլ տարածքներ։

Հայերը, ինչպես նախորդ ռուս-թուրք. պատերազմների ժամանակ, իրենց ազատագրության հույսը կապելով ռուսների հաղթանակի հետ, ռազմ․ և նյութ․ մեծ օգնություն են ցույց տվել ռուս․ զորամասերին Ղրիմի և Կովկասի ռազմաճակատներում։ Իրենց ռազմ․ տաղանդով փայլել են հայազգի ռազմ․ գործիչներ գեն. Վ. Բեհբութովը, ծովակալ Ղազար (Լազար) Սերեբրյակովը (Արծաթագործյան), գնդ․ Միքայել Լոռիս-Մելիքովը և ուր․։