Այս էջը հաստատված է

1895-96-ին) ֆիդայիները գործուն մասնակցություն են ունեցել հայերի ինքնապաշտպանությանը Խլաթում, Սասունում, Վանում, Շապին-Գարահիսարում և այլուր։ Ֆիդայիների հաջող գործողությունները նորից հույս են ներշնչել Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու և սկսելու, ինչպես նաև սուլթան. բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար։ Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չի տվել։ Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվել է իրենց կողմը գրավել քրդ. ցեղերին ու ցեղապետներին՝ ընդդեմ հայերի։

Հայտնի են Բաբշենի (1898), Խաստուրի (1899), Սպաղանքի (1899 և 1900), Ցրոնքի (1899), Բերդակի, Նորշենի, Առաքելոց վանքի (երեքն էլ՝ 1901) կռիվները։ Ֆիդայական շարժման նշանավոր դեմքերից են Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Ժիրայրը (Հարություն-Մարտիրոս Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Սպաղանաց Մակարը (Մակար Տոնոյան), Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Իշխանը (Հովսեփ Արղության) և ուր...։

Ֆիդայական շարժման պոռթկում էր 1904-ի Սասունի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի՝ զինվորական խորհրդի կազմում էին Անդրանիկը (ղեկավար), Գևորգ Չավուշը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և ուրիշներ։ XX դ-ի սկզբին դաշնակցականները և հնչակյանները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և տեղափոխել Արմ. Հայաստան՝ Այսրկովկասից ու Իրանից։ Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները և հաճախ ձախողել այդ ձեռնարկումները։

1903-ի գարնանը սահմանն անցած դաշնակցական ջոկատներից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) և Մենակի (Եգոր Առուստամյան) «Մրրիկ» հեծելախմբին (33 մարդ) է հաջողվել մայիսի վերջին հասնել Սասուն։ Սեպտ-ի սկզբին Գերմանիայում սովորող Աբրահամյանը 50-հոգանոց զինված խմբով փորձել է անցնել սահմանը, սակայն ձերբակալվել է։ Սեպտ. 30-ին «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ) Բասենում ընդհարվել է թուրք․ ջոկատների հետ։

1904-ի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, ընկել թուրք․ բանակի շրջափակման մեջ և զոհվել։ Հունիսին Կայծակի (Վաղարշակ Բաղդասարյան) «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել։ Նույն ամսին Նիկոլ Դումանի հեծելախումբը (18 մարդ), սահմանագլխին բախվելով թուրք․ զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Իրան։ Հուլիսի 24-ին 102-հոգանոց մի խումբ Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) և Կապիտան Բաբկենի (Նիկողայոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանը։ «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղ, իսկ «Մասիսը» Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ՝ դեպի Զոր։ Թշնամու հետ ընդհարվելով՝ խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել։

Արևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմակերպվել են հապճեպ՝ առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները, որոնք էլ դարձել են անհաջողությունների պատճառ։ Եղել են նաև վրեժխնդրության և առանձին թուրք․ ու քրդ. խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ, առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897), որի մասնակիցները հայտնի են «Խանասորյան սերունդ», իսկ ընդհանուր հրամանատար Վարդանը (Սարգիս Մեհրաբյան)՝ Խանասորի Վարդան անուններով։

1904-ի Սասունի ապստամբությունից հետո ֆիդայական շարժումն սկսել է թուլանալ։ Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (1905-ի Ալվառինջի, 1907-ի Սուլուխի կռիվներ)՝ հայդուկային շարժումն անկում է ապրել։ Շարժման ելքը կանխորոշել են